Շղթայակապ, անծայր թուր, մահամերձ առյուծ, խեղճացած արծիվ… միտումնավո՞ր են արդյոք մեր գերբի թերությունները

զինանշանՀայաստանի գերբը մի շարք թերություններ ունի, որոնք անզեն աչքով էլ կարելի է նկատել: Սակայն շատերը գուցե չեն նկատում, քանի որ տեղյակ չեն պատկերների գաղափարական նշանակությանը: Պարզվում է` մեր գերբի թերությունները ոչ միայն տեխնիկական են, գծագրային ու գեղարվեստական, այլև գաղափարական, որը, ըստ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի, միայն մեծ հրճվանք կարող է պատճառել մեր թշնամիներին:

- Թուրը չի կարող ծայր չունենալ, իսկ մեր գերբի թրի ծայրը չկա, թաքնված է: Բայց կան նաև տարբերակներ, որտեղ կտրված թուր է պատկերված: Ես այստեղ միտումնավոր բան եմ տեսնում,- ասում է նա,- կտրած թուրը նշանակում է, որ դու ուժ չունես: Գերբի վրայի շղթաները նույնպես թերի են: Թուրը ոչ թե կտրել է դրանք, այլ ընդհակառակը` թուրն է շղթայված: Ամոթ մեզ, որ մեր գերբի վրա շղթայակապ թուր ենք պատկերում: Մեր Սահմանադրության մեջ գրված է, որ գերբի Արարատը պետք է լինի նարնջագույն: Իրականում այն չի համապատասխանում գրվածքին. Արարատ լեռը սպիտակ է, հետևի ֆոնն է նարնջագույն:

Էլ չեմ ասում, որ կան գերբի տարբերակներ, որտեղ Արարատը սև ֆոնի վրա է պատկերված: Արարատի գագաթին պատկերվածը ոչ թե Նոյյան տապանն է, այլ ինչ որ մակույկ, քանի որ չկա վերևի կառույցը: Պատկերված է մի առյուծ, որը առյուծ չէ, ծիծաղաշարժ ինչ-որ կերպար է: Ամոթ չէ՞, որ մեր գերբի վրա լինի այս ծաղրածուն, գլխին էլ ոչ թե թագ է, այլ ինչ-որ գիծ: Մյուս կողմում, իբր, վերցրել են Տիգրան Մեծի սաղավարտի նշանը, որը պետք է արև լինի, բայց մեր գերբի վրա պատկերվածն արև չէ, կամ էլ, եթե արև է, ապա դրա շողերը շրջանակի մեջ են վերցված, փակված են, ինչը շատ վատ նշան է և փչացնում է իմաստը:

Գերբի վերին մասում` աջից, ինչ-որ երկգլխանի անհասկանալի թռչուն է, որը ո՛չ արծիվ է, ո՛չ աղավնի: Պետք է լինի երկգլխանի արծիվ, արծիվն էլ պիտի ունենա մագիլներ: Սա խեղճացած ինչ-որ բան է: Վերևի ձախ մասում Անիի պարսպի վրայից վերցված առյուծի կրկնապատկերն է, որի գլուխը իրականում կոտրված է: Թող վերականգնեին և կարգին առյուծ պատկերեին, ոչ թե այս անգլուխ, անհասկանալի կենդանուն: Գերբի ամենահիմնական կերպարները` արծիվն ու առյուծը, նույնպես խեղաթյուրված են. առողջ առյուծն ունենում է բաշ, սա հիվանդ, ճաղատ կենդանի է` մահվան եզրին: Խղճուկ բերան ունի, լացակումած մռութ, տգեղ և երկար ականջներ, որը չի համապատասխանում առյուծի ականջներին: Սրանք ավելի շատ ավանակի ականջներ են: Ամենաներքևում էլ մի անիմաստ ժապավեն կա. սովորաբար գերբերի վրա ժապավեն է լինում, որպեսզի վրան ինչ-որ բան գրվի: Ինչի՞ համար է այս դատարկ ժապավենը` առանց այն էլ խճճված ու բազմակերպար գերբի վրա, հայտնի չէ: Ընդհանրապես հերալդիկան` գերբագիտությունը,  իր օրենքներն ունի, որոնցից մեկն էլ այն է, որ առյուծն ու արծիվը պատկերվում են բաց բերանով և երևացող ժանիքներով ու լեզվով: Մեր գերբում անգամ այդ տարրական օրենքները պահպանված չեն,- ասում է պրն, Աղամյանը:

Մի խոսքով, Կարեն Աղամյանն արդեն մեկ տարի է` բարձրաձայնում է այս թերությունների մասին, սակայն չգիտի, թե ում դիմի և ով է այդ ամենի պատասխանատուն:

zinansan nor 1.1

Ձախից` Կարեն Աղամյանի էսքիզը, աջից` ներկայիս գերբը

Քննադատությանը զուգահեռ բազմաթիվ էսքիզներ է արել` իհարկե ոչ վերջնական: Որպես հիմք` ընտրել է ներկայիս գերբը` իր նկատած թերություններն ուղղած:

Լսել է, որ ուզում են վերջապես Հայաստանում զինանշանագիտության խորհուրդ ստեղծել, որը կհամակարգի ոլորտը: Եթե նման բան լինի, ապա նա էսքիզները կներկայացնի խորհրդին:

SAM_1629Նշենք, որ Հանրային խորհրդի վերջին լիագումար նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր հենց այդ խորհրդի ստեղծմանը: Հանրային խորհուրդ էր դիմել «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը` առաջարկելով ստեղծել ՀՀ պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ: Նշված հարցը Հանրային խորհրդի հանձնարարությամբ և հրավիրված մասնագետների մասնակցությամբ քննարկվել էր ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում: Քննարկման ընթացքում պարզ էր դարձել, որ տարածքային մարմինների և պետական կառույցների կողմից սահմանվող խորհրդանշանների, շքանշանների ու մեդալների ստեղծման և կիրառման ոլորտում հաստատված են այնպիսի խորհրդանշաններ, շքանշաններ ու մեդալներ, որոնք երբեմն անհեթեթ են և հերալդիկ ու գաղափարական խիստ թերություններ ունեն:

Ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրն ի հայտ է եկել դեռևս այն ժամանակ, երբ ընդունվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը: Այն  թույլ է տալիս ցանկացած համայնքի ունենալ իր զինանշանը: «Անցյալ տարի նշվում էր համայնքների ստեղծման 15-ամյակը: Մեծ միջոցառում տեղի ունեցավ, որի ծրագրի մեջ կային նաև համայնքային սիմվոլիկայի մասին ցուցահանդես և գիտաժողով: Ես այդ միջոցառումներն էի համակարգում: Այդ ժամանակ հասկացանք, որ իրավիճակը սարսափելի է. զինանշանների ցնցող օրինակներ: Դրանք ծիծաղելի մակարդակում էին թե՛ գաղափարական, թե՛ ձևավորման, թե՛ զինանշանագիտության օրենքների տեսանկյունից»:

Հանրային խորհուրդը դրական եզրակացություն է տվել նման խորհուրդ ստեղծելու գաղափարին և իր որոշումն ուղարկել ՀՀ նախագահին ու կառավարությանը: Գագիկ Մանասյանը կարծում է, որ մենք անգամ ուշացել ենք այդ հարցում, քանի որ նման խորհուրդներ կան հետխորհրդային բոլոր հանրապետություններում, ընդ որում, մեծ մասը գործում է նախագահին կից:

Ըստ Մանասյանի` այդ խորհուրդը կկանոնակարգի ոլորտը, որպեսզի, օրինակ, ամեն մի համայնք իր զինանշանը ստեղծելիս առաջնորդվի ոչ թե իր նախասիրություններով, այլ երկրի, պետության գաղափարախոսությամբ ու սկզբունքներով:

Մեկ այլ խնդիր էլ, ըստ Մանասյանի, տարբեր գերատեսչությունների կողմից զանազան հուշամեդալների ստեղծումն է: «Մեկ էլ լսում ես` այսինչ այսինչյանը պարգևատրվեց նախարարության ոսկե մեդալով: Ոսկե մեդալ ունենալու իրավունք նախարարությունը չունի, նա կարող է ունենալ միայն հուշամեդալ, և դրանք պետական պարգևներ չեն: Համալսարաններն իրենց հերթին ունեն հուշամեդալներ, որոնց մի մասը կրկնվում է: Գրիգոր Նարեկացու անվան 10 մեդալ կա Հայաստանում: Կամ ինչ-որ մեկն Ազգային ժողովի ամբիոնից իր ինքնակենսագրությունն է կարդում` ես պարգևատրվել եմ այսինչ մեդալով, այնինչ մեդալով, բայց պարզվում է` դա ինչ-որ կազմակերպության կողմից տրված հուշամեդալ է, որը ուրիշ նշանակություն ունի: Մի խոսքով, այդ խորհուրդը նաև այս հարցերը կկարգավորի»:

Ընդհանրապես Մանասյանը կարծում է, որ և՛ Հայաստանի օրհներգը, և՛ զինանշանը սարսափելի վատ վիճակում են: Նա ասում է, որ մինչև 2000 թվականը մեր գերբում առյուծը պատկերված էր կապույտ հատվածում, արծիվը` կարմիր: «Նման բան չի կարող լինել. արծիվը պետք է լինի օդում` կապույտի մեջ, իսկ առյուծը` կարմիրի մեջ, քանի որ մենք Եվրոպային տվել ենք կիլիկյան կարմիր առյուծը: Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը իմանալով, որ ես այդ հարցը բարձրացրել եմ, ինձ կանչեց իր մոտ, զրուցեցինք, շատ լավ ընկալեց խնդիրը և արագ հարցը լուծվեց. առյուծը գնաց կարմիրի մեջ, արծիվը` կապույտի»:

Ինչ վերաբերում է գերբի մյուս թերություններին, ապա Մանասյանը համամիտ է Աղամյանի դիտողություններին և կարծում է, որ դրանք շուտափույթ լուծման կարիք ունեն:

Առիթից օգտվելով` Մանասյանը մի երկու խոսք էլ Հայաստանի օրհներգի մասին ասաց. «Նախ` դա հայկական ստեղծագործություն չէ, և բարեբախտաբար չի օգտագործվում 5-րդ տունը, որտեղ գրված է. «Կեցցե Իտալիան, կորչի Ավստրիան»: Բացի այդ, մեր օրհներգը վերցված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» օպերայից: Դրանք արդեն իսկ  լուրջ պատճառներ են, որպեսզի հիմնը փոխվի»:

Հիշեցնենք, որ վերջերս մի խումբ մտավորականներ դիմել էին ՀՀ նախագահին` առաջարկելով փոխել ՀՀ զինանշանը, դրոշն ու օրհներգը:

Նման խորհրդի ստեղծումը հավանաբար հնարավորություն կտա այսպիսի դեպքերում դիմել առավել ճիշտ հասցեատիրոջ:

zinansan nor 1.12

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

zinansan nor 1.13

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

zinansan nor 1.14

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

zinansan nor 1.15

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

 

Tags: ,