Հայաստանում գրանցված են ու գործում են մի քանի տասնյակ քաղաքական կուսակցություններ: Սրանք նորմալ գործունեության համար պետք է ունենան որոշակի միջոցներ` դրամ, գույք, մարդկային ռեսուրս: Եվ միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե կուսակցությունները, հատկապես` խորհրդարանականներն ու նրանք, որոնք առավել հայտնի են հասարակության շրջանում, ինչ ֆինանսական, գույքային ռեսուրսների են տիրապետում, ինչ գումարներ են ծախսում և ծախսո՞ւմ են արդյոք:
Մոտ 7 տասնյակ կուսակցություններից շատ քչերն են բյուջետային ֆինանսավորում ստանում
Այսիպիսով` ՀՀԿ-ն 2012 թ., ըստ հայտարարագրած միջոցների ու ծախսերի, ունեցել է 362 մլն 890 հազար դրամ անդամավճարներից գոյացած միջոցներ, 1 մլն 500 հազար դրամ անհատների նվիրատվություններ, 150 հազար դրամ իրավաբանական անձանց նվիրատվություններ, 29 մլն 530 հազար դրամ օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում և 21 մլն 40 հազար դրամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից դրամական մուտքեր: Հանրագումարում ՀՀԿ-ն ունեցել է 442 մլն 11 հազար դրամ հայտարարագրված ֆինանսական միջոցներ: Այս գումարներից կուսակցությունը վճարել է 150 մլն 572 հազար դրամ ֆիզիկական անձանց աշխատավարձերի, չօգտագործված արձակուրդների փոխհատուցման և նպաստների տեսքով, 40 մլն 204 հազար դրամ սոցվճարումներ է կատարել, 4 մլն 840 հազար դրամ տարածքի վարձակալության համար է վճարել, 21 մլն 995 հազար դրամ ծախսել է կոմունալ վճարումների, 13 մլն 101 հազար դրամ` հարկեր-տուրքերի համար: Եվս 1 մլն 5 հազար դրամ ՀՀԿ-ն ծախսել է գույք ձեռք բերելու համար և 122 մլն 327 հազար դրամ` ներկայացուցչական ու անհատույց տրված ակտիվների համար: Ընդհանուր առմամբ`կուսակցության ծախսերը կազմել են 354 մլն 44 հազար դրամ: Բացի այդ, ՀՀԿ-ն ունեցել է նաև 273 մլն 364 հազար դրամ արժողությամբ անշարժ և 197 մլն 988 հազար դրամ արժողությամբ շարժական գույք, ինչպես նաև 1 մլն 5 հազար դրամ արժողությամբ օդորակիչ, ջրի սառեցման սարք, հեռախոսներ ու աթոռներ:
ԲՀԿ-ն 2012 թ. համար հայտարարագրել է 58 մլն 106 հազար դրամ դրամական մուտքեր, որից 17 մլն 511 հազար դրամ` օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից: Կուսակցությունը 2012 թ. կատարել է 49 մլն 173 հազար դրամի ծախսեր: Հատկանշական է, որ կուսակցությունը անշարժ գույք չի հայտարարագրել, ասել է թե` չունի: ԲՀԿ-ի շարժական գույքի արժեքն էլ, ըստ հայտարարագրի, կազմել է 7 մլն 316 հազար դրամ:
ՕԵԿ-ը, ըստ լրացված հայտարարագրի, 2012 թ. ունեցել է 16 մլն 710 հազար 900 դրամ, որից 4 մլն 33 հազար 400 դրամը ստացել է բյուջետային ֆինանսավորումից: Կուսակցությունը ծախսել է 15 մլն 719 հազար 600 դրամ, և մնացորդը կազմել է 991 հազար 300 դրամ: ՕԵԿ-ն ունի նաև 31 մլն 302 հազար դրամի անշարժ և 2 մլն 920 հազար դրամի շարժական գույք:
ՀՅԴ-ն 2012 թ. ունեցել է 1 մլն 110 հազար դրամ մնացորդ նախորդ տարվանից, ևս 48 մլն 900 հազար դրամ գոյացել է անդամավճարներից, 6 մլն 740 հազար 900 դրամ բյուջետային ֆինանսավորմամբ է ստացել և 3 մլն 200 հազար դրամ` օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Կուսակցության դրամական միջոցները, ընդհանուր առմամբ 2012 թ.կազմել են 58 մլն 840 հազար 900 դրամ: Կուսակցության ծախսերը կազմել են 59 մլն 634 հազար 900 դրամ: Կուսակցությունն ունի նաև 663 մլն 820 հազար դրամ արժողությամբ անշարժ և 35 մլն 404 հազար դրամ արժողությամբ շարժական գույք:
ՀԱԿ կուսակցությունը տարեսկզբին նախորդ տարվանից ունեցել է 13 հազար 200 դրամ մնացորդ, ստացել է 2 մլն 928 հազար 900 դրամ օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորում ՀԱԿ դաշինքի համար: Կուսակցության ընդհանուր դրամական միջոցները կազմել են 5 մլն 259 հազար 700 դրամ` ըստ հայտարարագրի: Տարվա ընթացքում կուսակցությունը ծախսել է 3 մլն 65 հազար 900 դրամ գումար, մնացորդը կազմել է 2 մլն 207 հազար դրամ: Կուսակցությունը տիրապետում է նաև 55 մլն 848 հազար 975 դրամ արժողությամբ անշարժ գույքի, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:
«Ժառանգություն» կուսակցության մնացորդը 2012 թ. տարեսկզբին եղել է 927 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար: Տարվա ընթացքում կուսակցությունն ունեցել է 8 մլն 490 հազար դրամ ֆիզիկական անձանց նվիրատվություն, որից 1 մլն 176 հազար դրամը նվիրաբերել է Րաֆֆի Հովհաննիսյանը, բյուջեից էլ ստացել է 4 մլն 387 հազար դրամ: «Ժառանգության» ընդհանուր դրամական միջոցները եղել են 30 մլն 53 հազար դրամ, որից կուսակցությունը ծախսել է 26 մլն 359 հազար դրամը` մնացորդում թողնելով 4 մլն 610 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար գումար: Կուսակցությունն անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ շարժական գույքի արժեքը կազմել է 8 մլն 542 հազար դրամ:
Հետաքրքիր է, օրինակ, Հայկ Բաբուխանյանի գլխավորած ՍԻՄ կուսակցության ներկայացրած հայտարարագիրը, ըստ որի` կուսակցությունն ունի 8163 անդամ, որոնցից գանձել է 816 հազար 300 դրամ անդամավճար: Եվս 5 մլն 100 հազար դրամ կուսակցությունը ստացել է «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից, որը հրատարակում է «Իրավունք» թերթը: Կուսակցությունն ընդամենն ունեցել է 6 մլն 309 հազար 600 դրամ և ևս 393 հազար 300 դրամ մնացորդ է ունեցել նախորդ տարվանից: Ծախսել է 6 մլն 104 հազար 700 դրամը: Կուսակցությունը հայտարարագրել է 52 մլն 400 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:
Առավել հետաքրքիր է մեծահարուստ Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ կուսակցության հայտարարագիրը: Պարզվում է` կուսակցության ունեցած ամբողջ 8 մլն 550 հազար 800 դրամ միջոցներից 7 մլն 32 հազար 400 դրամն անցյալ տարվանից մնացած գումար է, իսկ 1 մլն 464 հազար 900 դրամը կուսակցությունը ստացել է բյուջետային ֆինանսավորմամբ: Եվ ընդամենը 53 հազար 500 դրամն է կուսակցությունը այլ` օրենքով չարգելված աղբյուրներից «հայթայթել»: Այդ ամբողջ «հարստությունից» էլ կուսակցությունը ծախսել է 2 մլն 895 հազար 100 դրամ, այնպես որ, դեռ 5 մլն 655 հազար 700 դրամ էլ մնացել է 2013 թ. համար: Հետաքրքիր է նաև, որ որևէ անշարժ կամ շարժական գույք կուսակցությունը չի հայտարարագրել:
Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն նախորդ տարի ունեցել է 2 մլն 8 հազար 800 դրամ դրամական միջոցներ, որից 1 մլն 625 հազար դրամը գոյացել է անհատների նվիրատվություններից, իսկ մնացած 366 հազար 100 դրամը ստացել է պետբյուջեից: Կուսակցության ծախսերը կազմել են 1 մլն 989 հազար 600 դրամ: ՀԺԿ-ն հայտարարագրել է 9 մլն 312 հազար 600 դրամ արժողությամբ անշարժ գույք, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:
Տարվա ընթացքում 540 հազար դրամ մուտքեր է ունեցել Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, որից 290 հազար դրամը գոյացել է անդամավճարներից, իսկ 250 հազար դրամը` ֆիզիկական անձանց նվիրատվություններից: Իր ստացած ամբողջ գումարը կուսակցությունը ծախսել է, անշարժ կամ շարժական գույք էլ չի հայտարարագրել:
1 մլն 347 հազար դրամ ունեցել է Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնությունը», որը նույնպես բյուջետային ֆինանսավորում չի ստացել: Կուսակցության ծախսերը կազմել են 1 մլն 226 հազար դրամ: Ըստ հայտարարագրի, այս կուսակցությունը ևս որևէ շարժական կամ անշարժ գույք չունի:
Բյուջետային «առատ» ֆինանսավորում է ստացել Արտաշես Մամիկոնովիչի «Ազգային միաբանությունը», որի 1 մլն 569 հազար դրամ միջոցներից 1 մլն 232 հազար դրամը ստացվել է բյուջետային ֆինանսավորմամբ, 10 հազարը` այլ աղբյուրներից և 326 հազար էլ իրավաբանական անձի կողմից նվեր է ստացել: 1 մլն 236 հազար դրամը «Ազգային միաբանությունը» ծախսել է: Կուսակցությունն ունի նաև 49 մլն 822 հազար դրամի անշարժ գույք, իսկ շարժական գույք չունի:
Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ն նախորդ տարի բյուջետային ֆինանսավորում չի ունեցել, 3 մլն 389 հազար դրամ միջոցների մուտք է ունեցել ֆիզիկական անձանցից, և նախորդ տարվա մնացորդի հետ միասին կուսակցության հաշվին եղել են 3 մլն 429 հազար 500 դրամ դրամական միջոցներ: Եղած միջոցներից կուսակցությունը ծախսել է 3 մլն 322 հազար 400 դրամը, իսկ 107 հազար 100 դրամ էլ մնացորդ է ունեցել: Կուսակցությունը անշարժ գույք չի հայտարարագրել, բայց ունեցել է 391 հազար 900 դրամի շարժական գույք:
Պարույր Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ն էլ նախորդ տարի ունեցել է 794 հազար 800 դրամ դրամական միջոց, բյուջետային ֆինանսավորում չի ստացել, ծախսել է 637 հազար 800 դրամ, հայտարարագրել է 909 հազար դրամ արժողությամբ շարժական գույք` 500 հազար դրամանոց 1 ավտոմեքենա և 409 հազար դրամ արժողությամբ 3 համակարգիչ և 1 ֆաքս: ԱԻՄ-ը նույնպես անշարժ գույք չի հայտարարագրել:
ՀԿԿ-ն 2012 թ. ունեցել է 1 մլն 284 հազար դրամ, որից 127 հազար դրամը գոյացել է անդամավճարներից և 1 մլն 25 հազարը` մուտքի վճարներից, ծախսել է 1 մլն 248 հազար դրամ: Երբեմնի միակ ու ամենահարուստ կուսակցությունը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել:
2012 թ. համեմատաբար «հարուստ» կուսակցություններից է եղել Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած դեմոկրատական կուսակցությունը` իր հաշվին ունենալով 9 մլն 224 հազար 400 դրամ: Այս կուսակցությունը բյուջետային ֆինանսավորում չի ունեցել, ծախսերն էլ կազմել են 9 մլն 225 հազար 700 դրամ: Որևէ անշարժ կամ շարժական գույք կուսակցությունը չի հայտարարագրել:
Ընդամենը 240 հազար դրամ է հայտարարագրել ՍԴՀԿ-ն, որից ծախսել է 207 հազար դրամը: Ավանդական ու երբեմնի հարուստ այս կուսակցությունը ևս որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել:
Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն այս տարի հայտարարագրել է 4 մլն 428 հազար դրամ միջոցներ, որից միայն 108 հազար դրամն անդամավճարներից են գոյացել, իսկ 4 մլն 320 հազար դրամն իր կուսակցությանն է նվիրաբերել Խոսրով Հարությունյանը: Գումարներն ամբողջությամբ կուսակցությունը ծախսել է: Նախկին վարչապետ ու ԱԺ նախագահի ղեկավարած կուսակցությունը անշարժ կամ շարժական գույք չունի:
Ամենաուշագրավներից է, թերևս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարագիրը` զրոյական: Այսինքն` կուսակցությունը մուտքային միջոցներ չի ունեցել, որևէ գումար չի ծախսել, որևէ անշարժ կամ շարժական գույքի չի տիրապետում:
Նման «կարգավիճակում» են նաև Տիգրան Կարապետիչի «Ժողովրդական» և Դավիթ Հակոբյանի «Մարքսիստական» կուսակցությունները, որոնք որևէ եկամուտ, ծախս, անշարժ կամ շարժական գույք չեն հայտարարագրել:
Մի խոսքով` ընդհանուր եզրակացություն կարելի է անել, որ Հայաստանի կուսակցությունները հիմնականում աղքատ են, ակտիվ ծախսային ծրագրեր չեն իրականացնում: Բայց զարմանալի է այն հանգամանքը, որ նման ցածր ակտիվություն են ցուցաբերում նաև բյուջետային «չաղ» ֆինանսավորում ստացող կուսակցությունները ևս: Ու եթե «աղքատ» կուսակցությունները դեռ հասկանալի է` միջոցներ չունեն ակտիվ ծախսային ծրագրերի համար, ապա հարց է առաջանում` որտե՞ղ ու ի՞նչ ծրագրերի վրա են ծախսում իրենց միջոցները «հարուստ» կուսակցությունները: Մի անհասկանալի բան էլ կա` ինչո՞ւ են Հայաստանում գործում այսքան կուսակցություններ, եթե նույնիսկ մեկ դրամի շարժ չեն կարողանում ապահովել:
Tags: կուսակցություն, քաղաքական