Զարմանահրաշ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը

կասկադ«Կախովի» այգիներ, գեղեցիկ շատրվաններ: Այդպիսին էր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի երազանքը ներկայիս Կասկադ համալիրի առնչությամբ, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Սակայն  դա չիրագործվեց մինչև 1970-ականների վերջը: Այդ երազանքը կյանքի կոչեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին` խորհրդային իշխանության օրոք, բայց  դադարեցվեց 1988 թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թ. Խորհրդային Միության փլուզման հետևանքով): Թորոսյանի նախագիծը ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց և ուներ նոր գաղափարներ. մոնումենտալ արտաքին աստիճաններ, ներսի երկար շարժասանդուղքներով թունել, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանց և այլն: Ջերարդ Լ. Գաֆեսճյանը, համագործակցելով ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ, 2002 թ. նախաձեռնեց Կասկադի վերականգնումը: Յոթ տարվա ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի:

Ներկայացնում ենք «Անկախի» բացառիկ հարցազրույցը  կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանի հետ:

- Պարոն Մարաբյան, ո՞րն է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի առաքելությունը:

- 2009 թ. նոյեմբերին բացված ԳԱԿ-ի առաքելությունը ժամանակակից արվեստը ՀՀ-ում ցուցադրելն ու աշխարհին հայկական մշակույթի լավագույն նմուշները ներկայացնելն է: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանի հարուստ հավաքածուն: Ավելի քան հինգ հազար նմուշ պարունակող այդ հավաքածուն հատկապես հարուստ է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով, որոնց մեջ առանձնանում են հանրահայտ չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործությունները: Դրանք  հեղափոխեցին ապակու կիրառությունը` այն վերածելով գեղարվեստական նոր արտահայտչամիջոցի: Հավաքածուում ներկայացված են նաև անվանի արվեստագետներ Դեյլ Չիհուլիի, Բոհումիլ Էլիասի, Պավել Հլավայի, Յարոմիր Ռիբակի, Իվանա Շռամկովայի, Բերտիլ Վալիենի, Լինո Թալիապիետրայի, Մարկ Պեյզերի և Հիրոշի Յամանոյի աշխատանքները: Հավաքածուն ներառում է նաև գծանկարչության, գեղանկարչության և քանդակագործության ոլորտների անվանի արվեստագետների` Ֆերնանդո Բոտերոյի, Արշիլ Գորկու, Ջենիֆեր Բարթլեթի, Լին Չեդուիքի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի և Ֆրանսուա Քսավիե Լալանի հանրահայտ ստեղծագործությունները:

Եվ արդարացնո՞ւմ է:

- Այո: Դրա ապացույցը մեր բազմաթիվ ցուցադրություններն են: Ունենում ենք նաև ժամանակավոր ցուցադրություններ և համագործակցում ենք մեր քույր թանգարանների հետ: Վերջերս համագործակցեցինք Հարություն Կալենցի թանգարանի հետ՝ մեր մոտ ցուցադրելով նրա հրաշալի աշխատանքները: Դրանից առաջ համագործակցել ենք Երևանի պատմության թանգարանի հետ. ցուցադրությունը կոչվում էր «Երևան. հայացք ապագայից»: Ցուցադրեցինք Սարյան, Բաշինջաղյան և այլն: Բացի այդ, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն առաջարկում է բացառիկ հնարավորություններ բիզնես հանդիպումների, գիտաժողովների, շնորհանդեսների, հյուրասիրությունների և այլ միջոցառումների կազմակերպման համար:

- Ինչպե՞ս կգնահատեք զբոսաշրջիկների այցելության թիվը վերջին տարիներին:

- Այցելությունները գնահատում ենք տարեկան 1 միլիոնից ոչ պակաս: Ամեն տարի շատ զբոսաշրջիկներ ենք ունենում, հատկապես` ամռանը: Եվ թիվն ավելանում է:

- Քանի՞ սրահ ունեք:

- Ինն են: Առաջին հարկում գտնվող առաջին պատկերասրահում ապակյա աշխատանքներ են ներկայացված: Դա փոփոխվող ցուցասրահ է, քանի որ ներկայացնում ենք ընտրված նմուշներ, որոշակի ժամանակ անց (մոտ 1 տարի) դրանք պահեստավորում ենք և նորն ենք ցուցադրում: Մուտքն անվճար է: Դրան հաջորդում է թանգարանի խանութը, որտեղ նմուշները և՛ ցուցադրվում, և՛ վաճառվում են: Երրորդ սրահը նվիրված է Գրիգոր Խանջյանի բացառիկ որմնանկարներին: Նա 8 տարի պատի վրա պատկերել է պատմական դեպքերը 250 ք.մ. մակերեսով այս ընդարձակ սրահում: Այն նախատեսված է նաև միջկառավարական հանդիպումների համար (օրինակ՝ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության գագաթնաժողովը և այլն): Մյուս հարթակում Սասունցի Դավթի սրահն է, և այդպես շարունակ: Բոլոր սրահներն էլ բացառիկ են, և դռները բաց են բոլորի համար ամեն օր, բացի երկուշաբթի օրերից: «Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամը» մեծ ներդրումներ է կատարել ոչ միայն այստեղ, այլև Հայոց ցեղասպանության թանգարանում և այլ ծրագրերում:

- Կազմակերպում եք նաև ֆիլմերի ցուցադրություններ: Դիտելու համար պետք է վճարե՞լ:

- Մեզ մոտ ցուցադրություններն ուղղորդվում են նաև կրթական ծրագրերով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Տարիքային սահմանափակումներ չկան: Անդրադառնում ենք հայ և  համաշխարհային արվեստագետներին, մեծերին: Օրինակ՝ ներկայացրել ենք Սոս Սարգսյանի համազգային թատրոնը, Ջիմ Թորոսյանին, հանդիպում արվեստի հետ և այլն: Փորձում ենք դրանք զուգորդել մեր ցուցադրությունների հետ: Հրավիրվում են մասնագետներ, որոնք դասախոսություններ են կարդում, միաժամանակ ցուցադրվում են տեսանյութեր: Այդ դասախոսություններն անվճար են, սակայն պետք է նախապես գրանցվել: Նույն կրթական ծրագրերի շրջանակներում ընդգրկում ենք նաև կամավորների:

- Յուրաքանչյուր չորեքշաբթի կազմակերպվում են նաև դասական համերգներ: Դրանց մո՞ւտքն էլ է անվճար:

-  Համերգներն անվճար չեն, սակայն կամավորներն ունեն բազում առավելություններ:

- Ինչո՞վ են կամավորներն օգտակար լինում:

- Նրանց համար տարեկան վճարի զեղչեր են արվում, հատուկ միջոցառումների են հրավիրվում և այլն:

- Ի՞նչ ակտիվություն է ունեցել ԳԱԿ-ը 2011-2013 թթ.:

- Շատ ակտիվ ենք եղել: Իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, նորություններ, ցուցադրություններ, կրթական  ծրագրեր և այլ կարևոր միջոցառումներ, որոնք իրենց բազմազանությամբ տարբերվել են նախորդից:

- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում ամենօրյա աշխատանքում:

- Ծայրահեղ հետաքրքիր և հաճելի աշխատանք է սա: Հախուռն է, բազմապրոֆիլ, որ նաև պահանջում է մեծ ջանքեր: Երբ տեսնում ես վերջնարդյունքը, մեծ բավականություն ես ստանում, ու ցանկացած հոգնածություն անցնում է:

- 2014 թ. համար ի՞նչ ծրագրեր ունեք:

- Անցած երկու շաբաթվա ընթացքում երկու մեծ ցուցադրություն ունեցանք. մեկը «Բնության հրաշքները» ցուցադրությունն էր, որը բնական հանքաքարերով, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերով էր հագեցած, մյուսը «Դագարգյու» հավերով ցուցադրությունն էր: Դրանք  կցուցադրվեն մինչև 2013 թ. վերջը: 2014-ին էլ ենք հանդես գալու անակնկալներով, բայց անակնկալը անակնկալ չի լինի, եթե հիմա այդ մասին խոսեմ:

 Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 Անկախ

Tags: