Ավիացիոն ոլորտի ազատականացումը վերջին շրջանում դարձավ հանրությանը հետաքրքրող գերխնդիր: Թերթի նախորդ համարում ևս անդրադարձ է արվել «բաց երկնքի քաղաքականությանը»: Այն բոլոր տնտեսական ցուցանիշները, որոնք մեջբերվում են կառավարության ներկայացուցիչների կողմից, թերևս առիթ են տալիս մտածելու, որ հայ ավիացիոն ոլորտի բարեփոխման արդյունքում շահելու է թե՛ սովորական ուղևորը, թե՛ պետությունը:
Երկար ժամանակ բանակցություններ էին ընթանում ՀՀ կառավարության ներսում` հասկանալու համար` մեզ պե՞տք է արդյոք ազգային փոխադրող, թե ոչ: Վերջապես քննարկումներն ավարտվեցին ի շահ հանրության: Այսինքն` շուկայի ազատականացման արդյունքում սպասվում են մի շարք փոփոխություններ: Եթե նախկինում խնդիր էին չվերթների և երթուղիների սակավությունն ու օդային հաղորդակցության սահմանափակումը, ավիատոմսերն էին թանկ, թանկ էր նաև օդանավակայանի կողմից մատուցվող ծառայությունների թիվը, իսկ ուղևորներից շատերը դեպի Եվրոպա ուղևորվելու համար ավիատոմս էին ձեռք բերում հարևան Վրաստանից, ապա ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը վստահեցնում է, որ նման խնդիրների ուղևորներն այլևս չեն բախվի: Նշենք, որ ՀՀ կառավարությունը ամիսներ առաջ հանաձայնագիր է կնքել հիմնադրամի և «McKisney» միջազգային խորհրդատվական ընկերության հետ` իրականացնելու ավիացիոն ոլորտին ուղղված բավական լուրջ մի ծրագիր:
Արման Խաչատուրյանը հիշեցնում է, թե նախկինում ինչպես էր աշխատում քաղավիացիան և սահմանափակ գործառույթներ իրականացնում: Ավիափոխադրումներ իրականացնելու համար կնքվում էին միջկառավարական համաձայնագրեր համապատասխան պետությունների հետ, որոնք, սակայն, չէին գործում: Այդ համաձայնագրերով սահմանվում էին երթուղիներ, նշանակվում էին համապատասխան ավիաուղիներ այդ չվերթներն իրականացնելու համար, սահմանվում էին ինքնաթիռների չվերթների հաճախականությունը և այլն: Այսինքն` քաղավիացիայի կողմից կիրառվում էին սահմանափակումներ երթուղիների շահագործման ուղղությամբ: Բոլոր միջկառավարական համաձայնագրերի մեջ ամրագրված են այն դրույթները, որոնց համաձայն` կողմերը պատրաստակամ են արդարացի և հավասար հնարավորություններ ապահովելու իրենց շահագործողների համար:
Սակայն, ըստ բանախոսի, հարց է ծագում, թե ինչպես կարող էր Հայաստանը փոխադրողների համար ապահովել նման պայմաններ, երբ երկրի ներսում չկար ազգային կամ ներքին փոխադրող: Տեսականորեն չէին կիրառվում կնքված համաձայնագրերը, և սահմանափակվում էր օդային կապակցվածությունը:
«Բաց երկնքի» քաղաքականության պարագայում արտերկրյա ավիաընկերությունների և փոխադրողների համար իսպառ վերացվում են բոլոր սահմանափակումները: Այսինքն` ստեղծվելու է ազատ կարգավորվող միջավայր, և որակավորում ունեցող բոլոր ընկերությունները չվերթներ են իրականացնելու իրենց կողմից սահմանված ժամերին և իրենց նախընտրած պարբերականությամբ: Ամբողջովին ազատականացվելու է այս ոլորտը թե՛ ներքին, թե՛ միջազգային ավիափոխադրող ընկերությունների համար»,- նշում է ՀԱՄՀ-ի տնօրենը:
Տարանջատվելու են նաև ոլորտում քաղաքականություն մշակող և այն իրականացնող մարմինների լիազորությունները: Մինչդեռ քաղաքականության մշակումը, իրականացումը և տեխնիկական վերահսկողությունը վերապահված էր միայն քաղավիացիայի վարչությանը: Այսինքն` քաղավիացիայի ոլորտում բոլոր գործառույթները կենտրոնացված էին մեկ կառույցի ներքո: Ուստի կառուցվածքային բարեփոխումներ են նախատեսվում նաև այս դաշտում: «Անհրաժեշտ է ստեղծել պարզ, թափանցիկ և կարգավորված բիզնես միջավայր և այնպիսի կարգավորիչ մարմին, որը կիրառի թափանցիկ գործիքներ դաշտի գործունեության համար: Այս գործոնը հնարավորություն կտա բոլոր որակավորված ընկերություններին հստակ պլանավորելու իրենց գործառույթները ավիափոխադրումների շուկայում»:
Նշենք, որ «McKisney»-ին ավիացիոն ոլորտում գործող համաշխարհային հեղինակություն ունեցող ամենախոշոր ընկերություններից է, և ծրագրի իրականացման փուլում ընդգրկված են եղել աշխարհի 15 լավագույն փորձագետներ: Այն բավական խորը և համապարփակ ծրագիր է և պահանջում է խորհրդատուների լայն շրջանակ և տարբեր մասնագետների ընդգրկվածություն: Ծրագիրը միտված է նաև երկրի տնտեսության զարգացմանը, և Ա. Խաչաատուրյանը վստահեցնում է, որ մրցունակության պարագայում որոշ ուղղություններով ավիատոմսերի սակագները գուցե նվազեն նույնիսկ մինչև 50 տոկոսով:
Կարևոր է նաև սպասարկման աշխարհագրությունը: «Մենք գիտենք, որ Հայաստանը սահմանափակ երթուղիներով է կապակցված արտաքին աշխարհի հետ, և ուղևորների համար այս գործոնը լուրջ խնդիր է: Շատ կարևոր է միաժամանակ և՛ հարմարավետության և՛ սպասարկման աշխարհագրության բարելավումը: Ծրագրով նախատեսված է ունենալ ոչ միայն ցանցային փոխադրողներ, այլև բյուջետային ավիաընկերություններ, որոնք մատուցում են բարձրակարգ ծառայություններ առավել մրցունակ գներով», – հավելեց Ա. Խաչատուրյանը:
Փաստորեն, բիզնես որոշումները կայացնելու են հենց գործող ընկերությունները, և պետությունը անհիմն սահմանափակումներ չի կիրառելու: Ազատականացման առանցքն այն է, որ պետությունը չի միջամտելու բիզնես գործառույթների և բիզնես որոշումների կայացմանը, այլ միայն կարգավորելու է բիզնես միջավայրը:
Բարեփոխումներն արդեն մեկնարկել են: Ավիաընկերությունների գործունեության պլանավորման և հստակեցման համար անհրաժեշտ է մոտ 6 ամիս, որպեսզի այդ ժամանակահատվածում կարողանան սպասարկել նոր երթուղիներ և լուծել բոլոր տեխնիկական խնդիրները: Առաջիկա ամիսներին միայն պարզ կդառնան այն ընկերությունների անունները, որոնք ցանկություն են հայտնել համագործակցել մեր ավիացիոն ոլորտի հետ:
«Նրանց մուտքից անմիջապես հետո ուղևորներն անմիջապես կզգան էական բարելավումներ թե՛ աշխարհագրության ընդլայնման, թե՛ սակագների էժանացման, թե՛ որակյալ ծառայությունների և թե՛ չվերթների գրաֆիկային հարմարավետության տեսանկյունից»:
Ի՞նչ չափորոշիչներով են մուտք գործող ընկերությունները լիցենզավորվելու: Ա. Խաչատուրյանն ասում է, որ կառավարությունը խրախուսելու է անխտիր բոլորի մուտքը: Եթե տվյալ ընկերությունները լինեն միջազգայնորեն ճանաչված և լիցենզավորված իրենց ավիացիոն իշխանությունների կողմից, ապա շուկան բաց կլինի բոլորի համար: «Հայաստանը բաց է լինելու ավիացիոն բիզնեսի համար, և մենք խրախուսելու ենք բոլոր հետաքրքրված և որակավորված ընկերությունների մուտքը: Շուկան ամբողջովին ազատականացված է նաև տեղական փոխադրողների համար, սակայն գործելու են հստակ չափորոշիչներ: Եթե նախկինում խոսվում էր երեք ավիաընկերության մասին, ապա այժմ այդ որոշումն ուժի մեջ չէ, դաշտում կարող են գործել անսահամանափակ տեղական փոխադրողներ»:
Մինչ այս ավիափոխադրող ընկերությունները շատ էին դժգոհում «Զվարթնոց» օդանավակայանի կողմից մատուցվող ծառայությունների թանկ գներից, ինչն էլ հանգեցնում էր ավիատոմսերի ինքնարժեքի բարձրացման: Մրցունակության հիմնադրամի տնօրենը նշում է, որ իրենք իսկապես գնահատել են օդանավակայանի կողմից մատուցվող ծառայությունների բոլոր սակագները, որոնք 10-20 տոկոսով բարձր են շատ երկրների համեմատ: Ըստ նրա` ծրագրի արդյունքում վերանայվելու են նաև գործող սակագները: Նա համոզված է, որ չվերթների ավելացման և օդանավակայանի ծանրաբեռնվածության արդյունքում հնարավոր է, որ ծառայության գները ևս նվազեն: Իսկ թե ուղևորները ոլորտում երբ շոշափելի կզգան էական բարելավումներ, Ա. Խաչատուրյանն ասում է` մի քանի ամսից:
Լ.Ն
Tags: տնտեսական
