Գվիանական Կուրուպիտա (լատ.Couroupita guianensis)

Ընտանիքը. Երկշաքիլավորներ
Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը:
Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է  ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով: 1-2 մետր  երկարությամբ ցողունները հայտնվում են  անմիջապես   մուգ շագանակագույն  կեղևից` ծածկելով ծառի բունը և հիմնական ճյուղերը: Այդ երևույթը կոչվում է բնածաղկում (հունարեն` ծառի բուն և լատիներեն` ծաղիկ բառերից: Սա անմիջապես բնի և հաստ ճյուղերի վրա ծաղիկների, ապա նաև պտղի առաջացումն է բութագրում) և հատուկ է արևադարձային որոշ պտուղների, ինչպիսիք են ջեքֆրութը, կուպուասուն և ուրիշներ:


Զարմանալի տեսարան է.մոմանման ծաղիկներով կախված ցողուններ, որոնք ունեն վարդագույն և դեղնավուն երանգներ, քաղցր  բույր և որոնց վրա հավաքվում  են չղջիկները:

Նարնջագույն, կարմիր կամ վարդագույն հոտավետ մոմանման ծաղիկները աճում են ցողունին` կազմելով մինչև 3մ երկարությամբ վրձնանման ծաղկաբույլ: Այնուհետև ձևավորվում են 20սմ տրամագծով կլոր պտուղները, որոնք կախվում են երկար,  փայտացած ծաղկաբերների վրա:

Ծառի անգլիական անվանումը` Cannonball Tree է, որը թարգմանաբար նշանակում է “թնդանոթի արկերի ծառ”, ինչը ցույց է տալիս ծառի արտաքին տեսքը և պտուղների մեծությունը, ինչպես նաև ծառի տակ զբոսնելու վտանգը:  8-9 ամիս հասունանալուց  հետո նրանք ընկնում են և հաճախ գետնին կպնելուց կոտրվում են` բացելով տհաճ հոտով, սպիտակ, դոնդողանման մրգամիսը:Որոշ տվյալների համաձայն`  այդ պտուղները կարելի է ուտել, սակայն նաև կարծիք կա, որ դրանք ալերգիա են առաջացնում: Պտուղների ամուր կեղևից պատրաստում են տարբեր տնային պարագաներ:

 

Tags: ,