Ավելորդ մազերի հեռացում

մազահեռացումԱվելորդ մազերի հեռացումը ժամանակին ցավոտ խնդիր էր միայն կանանց համար, այսօր այն  անհանգստացնում է նաև տղամարդկանց: Մազահեռացման տարատեսակ միջոցների դիմել են  դեռևս հնագույն պետություններում` Պարսկաստանում, Հին Հունաստանում, Հին Հռոմում:

Այսօր էլ դա հոգս է: Բոլոր դարերում էլ մարդիկ փորձել ու հիմա էլ փորձում են ազատվել աչքին անհաճո մազերից: Խոսենք, ուրեմն, մազահեռացման միջոցների ու եղանակների մասին:

Մարդու մարմնի 65%-ը մազածածկ է: Շատերը բաց գույնի մազեր ունեն, գրեթե անտեսանելի, ինչը տպավորություն է ստեղծում, թե կան մարդիկ, որոնք զուրկ են ավելորդ մազից: Պարզապես մարդկանց մի մասի մազերը հագեցած գույն ունեն, դրանից էլ ավելի տեսանելի են: Բայց, եթե տղամարդկանց  մեծ մասի համար մազածածկույթի առկայությունը խնդիր չէ, կանանց այդ հանգամանքը տհաճություն է պատճառում, քանի որ մաքրության պակասի ու հետամնացության տպավորություն է թողնում: Առնաձնապես  անդուր տպավորություն է ստեղծում դեմքի մազածածկույթը, որը նույնիսկ ամենասիրունիկ դեմքը կարող է փչացնել:

Մազերը հիմնականում բուսնում են երեք գոտիներում` կզակին, այտերին ու վերին շուրթին: Ի՞նչն է պատճառը, որ դեմքի մազածածկույթն առատանում է: Ամենապարզ բացատրությունը կնոջ օրգանիզմում տեստոստերոնի ավելցուկն է: Մեկ ուրիշ պատճառ է հակաբեղմնավորիչների պարբերական կիրառումը, ինչն ազդում է հորմոնալ ֆոնի վրա: Մազածածկույթի ավելացմանը նպաստում է նաև սթրեսը կամ երկարատև տառապագին հիվանդությունը:  Երբեմն մազերը կոշտանում  ու գույնը փոխում են հղիության, սեռահասունացման կամ դաշտանադադարի շրջանում:

Կանայք այդ մազերից ազատվելու հազարումի միջոց գիտեն:

Յուրաքանչյուր կին գեթ մեկ անգամ երազած կլինի այդ մազերից ու դրանց պատճառած հոգսից ընդմիշտ ազատվելու մասին:

Դեմքի մազերի հեռացումն աշխատատար գործողություն է կողքից դիտողի համար: Կանանց մեծ մասը գրեթե ամեն օր ունելիով հոնքերն է կարգի բերում ու շտկում: Դա ամենահասարակ միջոցներից է, որը  հնարավորություն է տալիս պարզապես շատ կարճ ժամանակ մոռանալ խնդրի մասին: Մազի աճմանը զուգընթաց` հոգսը կրկին գլուխ է բարձրացնում:

Ունելիով մազերը կարելի է հեռացնել միայն որոշ դեպքերում. երբ այլընտրանք չկա: Ունելիով մազահեռացումը բացասական ազդեցություն է ունենում մազի կառուցվածքի վրա, վնասում է մազապարկը: Բացի այդ, հնարավոր է, որ ունելուց մաշկի վրա հետքեր մնան: Նման մեթոդը խորհուրդ է տրվում կիրառել միայն այն դեպքում երբ մազերը նոսր են: Սակայն հարկ է նշել, որ ունելիով հեռացված մազի տեղում աճում է նորն ու ավելի հաստը:

Մազերը սափրելով կամ մազահեռացնող սարքով վերացնելը հատկապես տղամարդկանց համար լավ է, սակայն ոչ կանանց համար, քանի որ դեմքի մազերի հեռացումն այդ սարքով (դեպիլյատոր), փոխում է մազի կառուցվածքը, այն կոշտանում է ու մգանում: Այսինքն` մազերը դառնում են հաստ ու տեսանելի: Դեպիլյատորով մեկ անգամ մազերը հեռացնելով` ասես մեկընդմիշտ դառնում ես  այդ սարքի գերին ու պոցեդուրան կատարում անընդհատ:

Մոմով կամ էլ շաքարով մազահեռացումը արդյունավետ է դեմքի մաշկի մաքրության տեսանկյունից: Նման պրոցեդուրաներն օգնում են հանելու մազն իր մազապարկով: Այդ եղանակով հեռացված մազի տեղում աճում է նորը, սակայն ավելի նուրբ ու բարակ, փշրվող ու աննկատ: Մոմով կամ շաքարով մազահեռացումից  հետո նոր  մազեր կարող են բուսնել միայն մեկ ամիս անց:

Միջոցները բազում են, սակայն ո՞րն է դրանցից ամենաարդյունավետը:

Քսուքով մազահեռացում. սա ամենաանվտանգ միջոցն է: Քսուքը մազարմատի վրա չի ազդում ու չի փչացնում մազի կառուցվածքը: Սակայն մի թերություն ունի այս մեթոդը. հետո մազերն արագ են սկսում աճել: Քսուքով մազահեռացումից առաջ անպայման կարդացեք հրահանգները ու փորձեք այն մաշկի վրա:

Ռիվանոլը  դեղամիջոց  է, որը կիրառվում է ախտահանման ու վերքերի ապաքինման  համար: Այն մոխրադեղին գույն ունի, օգնում է աստիճանաբար հեռացնելու մազերն ու նվազեցնելու աճը:

Մազահեռացման նպատակով կիրառվում է ռիվանոլի 1%-անոց լուծույթը, որը պետք է քսել մազածածկույթի վրա օրական  մեկ անգամ: Մի քանի անգամ քսելուց հետո մազերի հետքն անգամ չի մնա:

Ռիվանոլը և՛ մազերը կհեռացնի, և՛ մաշկը կդարձնի նուրբ, թավշյա ու փափուկ: Այս դեղամիջոցի հատկությունների շնորհիվ մաշկի վրա ոչ մի հետք չի մնա, սակայն, մինչև այն կիրառելը  լավ կլինի թեսթ անցկացնեք մաշկի տեսանելի հատվածներում:

Թելով մազահեռացում

Ամենագործուն մեխանիկական եղանակն է թելով մազահեռացումը: Նման մեթոդի համար օգտագործվում է պինդ բամբակյա թել: Այս մեթոդը ցավոտ է, սակայն բավականին արդյունավետ:

Լազերային մազահեռացում

Սա հարմար է ինչպես հատուկենտ մազահեռացման, այնպես էլ խիտ մազածածկույթից ազատվելու նպատակով: Մազահեռացման ժամանակ լազերի ազդեցությամբ մազը տաքանում ու մեռնում է: Սակայն բոլոր մազերը միանգամից չեն աճում, ուստի միանգամից էլ մեկ գործողությունով բոլոր մազերից անհնար է ազատվել: Որոշ մազեր սաղմնային վիճակում գտնվում են  մաշկի մեջ, ուստի 3-4 շաբաթից  գործողությունը հարկ է կրկնել:

Մազահեռացումը սոդայով

Սոդայով մազահեռացման համար հարկավոր է մի հասարակ միջոց պատրաստել.1 ճաշի գդալ սոդայի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, հովացնել, ապա այդ լուծույթի մեջ թաթախված թանզիֆով կամ բամբակով տրորել մազածածկ մաշկը, հնարավորության դեպքում` թողնել գիշերը, իսկ առավոտյան հեռացնել: Մի քանի սեանսից հետո մազերը կթափվեն:

Բայց եթե չոր մաշկ ունեք, ապա նման պրոցեդուրան ձեզ համար չէ, քանի որ սոդան կարող է մաշկն էլ ավելի չորացնել:

 

Անկախ

Tags: