Հայաստանում ավարտվեց ֆուտբոլային տարին: Մեր երկրի բարձրագույն խմբի առաջնության մասնակից սակավաթիվ թիմերի ստուգատեսը կիսվեց: Կայացած 14 տուրից հետո աղյուսակը գլխավորում է Երևանի «Արարատը»: Առաջնությունը եկող հաջորդ տարվա մարտի 1-ին:
«Արարատն» ունի 30, «Շիրակը»` 22, «Գանձասարը»` 20, «Բանանցը»` 19, «Միկան»` 19, «Փյունիկը»` 17, «Ուլիսը»` 13, «Ալաշկերտը»` 9 միավոր:
«Արարատը» զգալիորեն առաջ է անցել, քանի որ հետապնդող թիմերը վերջին տուրերում միավորներ են կորցրել, անհավասար մրցելույթներ են ունեցել:
Այս տարվա առաջնությունն էլ նախորդներից չի տարբերվում, այն անցնում է անհետաքրքիր, խաղերին հանդիսականներ գրեթե չեն լինում: Մինչդեռ ֆուտբոլն այն մարզաձևն է, որի երկրպագուները շատ են: Մերն ուրիշ է: Թե ով է կատարվածի մեղավորը, դժվար է միանշանակ ասել, բայց որ բանը բանից անցել է` ակնառու է, և բոլորն են դժգոհ:
Զարմանալին այն է, որ թեև ցածր մակարդակի ֆուտբոլ ունենք, եվրոպական մակարդակի խաղեր սպասարկելու հնարավորություն ստացած մեր մրցավարները 2013-ին այնպիսի դատապարտելի քայլեր են ձեռնարկել, որ միայն զարմանալ կարելի է. փորձել էին գրավախաղերի արդյունքներ ապահովել: Ի վերջո, կարգազանցները պատժվեցին, սակայն կատարվածը մեր երկրում շատ սովորական ընդունվեց: Նախկինում էլ մեր «լավագույն» մրցավարները գողություն են կատարել արտասահմանում:
Մարդիկ անտարբերություն են դրսևորում ներհայաստանյան ֆուտբոլի նկատմամբ: Նույն կերպ են վարվում նաև արտասահմանում բնակվող մեր մեծահարուստ հայրենակիցները: Մեծ փողեր ֆուտբոլում ոչ ոք չի ցանկանում ներդնել, և բոլորը համակերպվել են դրա հետ: Տարօրինակ է, որովհետև ֆուտբոլը բիզնես է, այն էլ` խոշոր…
Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ձեռքբերումը համարում է այն, որ հիմնականում դրսի կադրերի, արտասահմանյան թիմերում թրծված և վարպետություն ստացած ֆուտբոլիստների ուժերով մեր երկրի ընտրական մրցաշարից մրցաշար մի քանի հաղթական խաղ է անցկացնում (ձախողումներին գերադասում են չանդրադառնալ):
Ինչևէ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 209 երկրների ցուցակում 34-րդն է, որը ռեկորդային ցուցանիշ է:
Ի դեպ, նախկին ԽՍՀՄ-ի ներկայացուցիչներից երկու երկրների հավաքականներ ավելի բարձր դիրքի են հասել: 1996-ին Ռուսաստանի թիմը 3-րդն է եղել, Ուկրաինայի հավաքականն էլ 2007-ին գրավել է 11-րդ, հետո էլ` 34-րդ տեղը:
Վիճակագրությունը լավ բան է, բայց որ տարբեր տարիքի մեր երիտասարդական հավաքականները, ակումբային թիմերն անմրցունակ են միջազգային ստուգատեսներում, միայն տխրեցնում է:
Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա այն կվերակենդանանա միայն 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո, երբ օրակարգային կդառնա Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի մասնակցության հարցը:
Այնպես որ, հայկական ֆուտբոլային կյանքում տևական պարապուրդ է լինելու:
Գագիկ Բեգլարյան
Tags: ֆուտբոլ