Երբեք ճաշից մի՛ ուշացեք, ծխե՛ք հավայան սիգարներ ու խմե՛ք հայկական կոնյակ:
Ուինսթոն Չերչիլ
Հայկական կոնյակն ունի դարերի պատմություն, որին սկիզբ դրեց բիբլիական Նոյ նահապետը՝ տնկելով առաջին խաղողի որթը Հայկական լեռնաշխարհում: Իսկ հետո…
Սկսած 1887 թվականից՝ Հայաստանում հիմնվեց կոնյակի արտադրություն, երբ վաճառական Ներսես Թահիրյանը կառուցեց առաջին գինու-կոնյակի գործարանը, որը հետագայում դարձավ Երևանի Կոնյակի գործարան: 1899 թվականին գործարանը գնվեց ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովի կողմից: Վերջինս բացառիկ մարդ էր՝ օժտված իր ժամանակի համար շատ առաջադեմ ձեռնարկատիրական ունակություններով, որը զբաղվում էր հայկական կոնյակի առաջխախացմամբ արտասահմանյան շուկայում: 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստանում է «Գրան-Պրի» մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրվում է իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի, այլ կոնյակ անվանումով: Նշենք, որ կոնյակ անվանումը առաջացել է ֆրանսիական Շարանդա նահանգի Կոնյակ քաղաքի անունից, որտեղ էլ առաջին անգամ տեղական հումքով պատրասվել է ալկոհոլային «Cognac» խմիչքը:
Հայկական կոնյակը մեծ ճանաչում ստացավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությանը թույլատրվեց իր արտադրանքը մատակարարել ռուսական կայսերական արքունիքին: Այդպիսի տիտղոս Ռուսաստանում ունեին շատ քիչ թվով արտադրողներ: 1917 թվականի հեղափոխությունից հետո հայկական կոնյակի արտադրությունը հարցականի տակ դրվեց:
Կոնյակի գործարանի «վերածնունդը» տեղի ունեցավ արդեն Խորհրդային Միության տարիներին՝ «Արարատ» գինու-կոնյակի տրեստ անվանումով: Գործարանի գլխավոր տեխնոլոգ դարձավ Մակար Սեդրակյանը, նա կիրառեց կոնյակի պատրաստման նոր, առաջադեմ տեխնոլոգիա, բացի այդ հայկական կոնյակը ստացավ նոր դիզայն, շշերի վրա հայտնվեց Արարատ լեռը՝ որպես այդ խմիչքի ծագման խորհրդանիշ:
1937 թվականին Մակար Սեդրակյանը ստեղծում է ԽՍՀՄ-ում պատրաստված առաջին կոնյակը՝ «Հոբելյանական»-ը, որն ուներ 10 տարվա հնեցում և 43 աստիճան թնդություն, ապա հաջորդաբար ստեղծվեցին տարբեր հնեցման ժամկետի և թնդության հայկական կոնյակի «Հայաստան», «Դվին», «Երևան», «Ախթամար», «Նաիրի», «Անի», «Վասպուրական», «Էրեբունի» տարատեսակները: Ի դեպ, «Վասպուրական»-ը 1890 թվականին Մ. Սեդրակյանի աշակերտները ստեղծում են նրա պատվին:
Խոսելով բուն արտադրության մասին՝ նշենք, որ կոնյակ պատրաստելու համար օգտագործվում է 13 տեսակի խաղող, որոնցից են՝ «Ոսկեհատ», «Գառան դմակ», «Ռկացիտելի», «Մսխալի» և «Կանգուն»: Գյուղացիները բերքահավաքն անում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և ցածր գնով մեծ քանակությամբ վաճառում այն կոնյակի գործարանին: Ապա պատրաստվում է խաղողի գինի, որն էլ որոշ ժամանակ անց դառնում է 12-14 աստիճան թնդությամբ կոնյակի սպիրտ և վերածվում կուպաժի:
Կուպաժը կոնյակի տարբեր հնության սպիրտերի որոշակի չափի միախառնումն է: Պատրաստի կուպաժը լցնում են 70 տարեկան կաղնու փայտից պատրաստված տակառների մեջ, որտեղ նորածին կոնյակը պետք է որոշ ժամանակ «հանգստանա»: Հանգստի տևողությունը կախված է կոնյակի տեսակից. սովորական խմիչքներին (3-5 տարվա հնության) վեց ամիսն էլ բավարար է, իսկ հին կոնյակը թողնում են ավելի երկար: Օրինակ, տաս տարեկան կոնյակները հանգստանում են 1-1,5 տարի: Սովորական ու տեսակավոր կոնյակներն էլ են հանգստանում տարբեր պայմաններում: Տեսակավորները պահում են 400 լիտրանոց տակառներում, իսկ սովորականները՝ հատուկ 35.000 լիտրանոց կաղնե «Չան» կոչվող տակառներում կամ նույն չափի էմալապատ կաթսաներում: Բնականաբար տեսակավոր կոնյակների գները ավելի բարձր են, դրանք սկսկվում են մոտ 1000 ԱՄՆ դոլարից: Հետաքրքիր մի փաստ ևս: Կոնյակի որակը ստուգելու համար պետք է մի քանի կաթիլ լցնել ձեռքի ափի մեջ և շփել, հետո ափերը սեղմել իրար: Եթե ափերը չեն կպչում իրար, ուրեմն կոնյակը բարձրորակ է:
1998 թվականից «Արարատ» լեգենդար կոնյակների արտադրությամբ զբաղվող Երևանի կոնյակի գործարանը դարձավ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող համաշխարհային աջառատար «Pernod Ricard» խմբի անդամ: Ցավոք, հետագայում ֆրանսիացիների կողմից Երևանի կոնյակի գործարանը գնելուց հետո մեր կոնյակի շշերի վրա կորցրինք «կոնյակ» անվանումը գրելու իրավունքը. ըստ ֆրանսիացիների՝ միայն իրենք այդ իրավունքն ունեն, այն էլ՝ միայն Ֆրանսիայում: Եվ այժմ արտադրվող նոր խմիչքի վրա գրվում է «բրենդի» անվանումը, որն, ի դեպ, թարգմանաբար նշանակում է «այրված գինի»: Այնուամենայնիվ, այն փաստը, որ հայկական կոնյակը իսկապես լեգենդար է, ապացուցված է պատմությունով: Ասում են՝ այս կոնյակը շատ է սիրել Յ. Գագարինը, իսկ Վ. Չերչիլը, լինելով իսկական կոնյակի մեծ սիրահար, օրական մեկ շիշ կոնյակ էր խմում այն էլ ՝ հայկական «Դվին» կոնյակը:
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ
