Ինչպես են տոնում Նոր տարին մյուս ազգերը

Նոր տարիԱյսօրվա Ամանորին շատ նման էին հին հույների Դիոնիսոսին նվիրված տոնակատարությունները: Իսկ Հին աշխարհի ժողովուրդների մեջ «ամանորյա աստվածություններից» ամենակատարյալը, թերևս, հռոմեական Յանուսի պաշտամունքն էր: Նա տարվա խորհրդանիշն էր: Յանուսն ուներ 365 մատ և բոլոր գործերի սկիզբն էր խորհրդանշում: Մինչ Յանուսի պաշտամունքը, Հռոմում նոր տարին տոնում էին մարտի 1-ին: Հուլիոս Կեսարը մթա 46 թ. իր բարեփոխումներով նոր տարին սահմանեց հունվարի մեկին, երբ կոնսուլները ստանձնում էին իրենց պաշտոնները: Հունվար ամիսն էլ անվանակոչվեց Յանուսի անունով: Ամանորյա տոնակատարությունները Հռոմում շատ բուռն էին և կոչվում էին Կալենդար:

Միայն IV դարում քրիստոնյաները երկար հաշվարկներից հետո Քրիստոսի ծնունդը «հարմարեցրին» նոր տարուն և նշում են կամ դեկտեմբերի 25-ին կամ հունվարի 6-ին:

Եգիպտացիները նոր տարին նշում էին Նեղոսի վարարման շրջանում, երբ երկնակամարում հայտնվում էր սրբազան աստղ Սիրիուսը: Քրմերի հրավերով մարդիկ հավաքվում էին գետի ափին և վարարումն սկսելուն պես մեկնարկում ժողովրդական տոնախմբությունը, որն ուղեկցվում էր աստվածներին նվիրված երգ ու պարով, զոհաբերություններով:

Բաբելոնում Ամանորը` Մարդուկի տոնը, նշվում էր գարնանային գիշերահավասարին հաջորդած առաջին լիալուսնի օրը, և տոնակատարություններն այստեղ տևում էին խորհրդանշական 12 օր: Այս օրերի ընթացքում խելահեղ ծիսակատարություններ էին արվում, և մարդկանց կամքն ու ցանկությունները սահմանափակող որևէ օրենք, նորմ չէր գործում:

Իսկ հրեաների համար հունվարի 1-ը սովորական աշխատանքային օր է: Հրեաների նոր տարին` Ռոշ-ա- Շանան, նշվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով: Երբ 1918 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցային բարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցին փետրվարի  1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցին չընդունեց այդ բարեփոխումը, որից էլ` նախկին խորհրդային ժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելու սովորությունը:

Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ): Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին` Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն և Ստուդենեց «պապերը» ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով` սառեցնում են անցորդներին: Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է:

Շատ երկրներում, բացի  տոնածառից, բնակարանը զարդարվում է օմելայի փնջերով: Այս սովորությունը գալիս է Անգլիայից: Տոնական  օրը անգլիացիների տունը զարդարվում է այդ  բույսով: Օմելայի փնջեր կան անգամ լամպերի ու ջահերի վրա, և ըստ սովորույթի`  կարող ես համբուրել այն մարդուն, ով կանգնած է սենյակի մեջտեղում` օմելայի փնջի տակ:

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ հավատալիքների` այդ գիշերը կախարդական ցախավելի վրա սավառնելով` գալիս է բարի փերի Բեֆանան, փոքրիկ ոսկե բանալիով բացում է դռները և մտնելով երեխաների սենյակները` նվերներ է լցնում հատուկ կախված գուլպաների մեջ: Եթե տվյալ երեխաները վատ են սովորել կամ չարություն են արել, Բեֆանան նրանց գուլպաները լցնում է ածուխով: Իտալացիների Ձմեռ պապը Բաբո Նատալեն է: Իտալիայում համարում են, որ նոր տարին պետք է սկսել հին բաներից ազատվելով: Ուստի նոր տարվա գիշերն ընդունված է պատուհաններից դուրս շպրտել հին իրերը: Նրանք դա անում են միայն իրենց հատուկ կրքոտությամբ. պատուհաններից դուրս են թռչում հին արդուկներ, աթոռներ և այլ հնոտիք: Ըստ նախապաշարմունքի, այդ իրերի տեղն անպայման կզբաղեցնեն նորերը: Իտալացիների նոր տարվա սեղանին անպայման պետք է լինի ընկուզեղեն, ոսպ և խաղող` երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշներ: Իտալիայի գավառներում սովորույթ կա հունվարի 1-ին առավոտ կանուխ աղբյուրից ջուր բերել: «Եթե ոչինչ չունես նվիրելու,- ասում են նրանք,- ջուր և ձիթենու ճյուղ նվիրիր»: Համարվում է, որ ջուրը երջանկություն է բերում: Իտալացիների համար շատ կարևոր է նաև, թե ում առաջինը կհանդիպեն նոր տարում: Եթե հոգևորական լինի, վատ է, ցանկալի չէ նաև փոքր երեխան, իսկ ահա կուզիկ պապիկը շատ լավ նշան է:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Tags: