Ավանդույթի համաձայն` Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարեվերջին հարցման արդյունքով որոշել է 2013-ի լավագույն մարզիկին: Այդ պատվին է արժանացել ազատ ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը:
Այս անգամ քվեարկությունից առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ խորհրդակցություն անցկացվեց, որին, մարզական լրագրողներից բացի, մասնակցում էին գերատեսչության պատասխանատու աշխատողներ, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Ի վերջո, որոշվեց, որ լավագույնի կոչմանը հավակնողների անուններն առաջին անգամ փորձնական պետք է քվեարկության ներկայացնի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Դա միանշանակ չընդունվեց: Փաստորեն, հասարակական կազմակերպությանը պարտադրանք էր ներկայացվել: Այդուհանդերձ, դա չկանխվեց:
Իսկ հետագայում, երբ պարզվեց, որ նախարարության հավանությամբ լրագրողներին ներկայացված ցուցակում չկա որևէ ֆուտբոլիստի և Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի անունը, նախարարությունը որոշեց փոխել խաղի կանոնները, ինքնուրույն քվեարկություն անցկացնել` դարձյալ դիմելով լրագրողների «օգնությանը»:
Ինքնին հարց է առաջանում, թե ինչո՞ւ նախարարությունը չի անցկացնում, ասենք, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշող քվեարկություն: Ինչպես հայտնի է, այն շատ «ինքնատիպ» ձևաչափով կազմակերպում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ընդ որում, այդ կապակցությամբ տարաբնույթ խոսակցությունները շատ են…
Ինչևէ, ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով արդեն հայտնի են մրցաշրջանի 10 լավագույն մարզիկների անունները: Ի դեպ, կազմակերպությունը սահմանված կարգով այս անգամ էլ քվեարկությանը թույլ է տվել մասնակցել մարզական լրագրության ոլորտում առնվազն 3 տարվա փորձ ունեցող լրագրողներին:
Հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով գրող 22 լրագրող:
Ահա թե ովքեր են 10 արժանավորները.
1. Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ) 220 միավոր
2. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 187
3. Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 155
4. Ռոման Ամոյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 119
5. Աշոտ Դանիելյան (սամբո) 109
6. Արթուր Դավթյան (մարմնամարզություն) 88
7. Արամ Ավագյան (բռնցքամարտ) 75
8. Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 52
9-10. Մուսա Մուրթազալիև (ազատ ոճի ըմբշամարտ) 49
9-10. Արթուր Շահինյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 49
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 9 մարզիկների անուններ: Այդ պատվին են արժանացել շախմատիստներ` Լիլիթ Մկրտչյանը, Զավեն Անդրիասյանը, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանը, Հենրիկ Մոքոյանը, սամբիստներ Տիգրան Կիրակոսյանը, Սոսե Բալասանյանը, Մավրիկ Նասիբյանը, Երջանիկ Կարապետյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը:
Լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական-թիմային առաջնությունում երրորդ տեղ գրաված Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:
Ընդհանրապես, 2013-ի մրցաշրջանը բերքառատ չէ: Պարգևների առումով այդպիսի ցածր ցուցանիշ մերոնք վերջին տարիներին չեն ունեցել: Թե ով պետք է կատարվածի համար պատասխան տա` դեռևս պարզ չէ: Մինչդեռ, այս տարի
կունենանք լավագույն մարզիկների երկու տարբեր տասնյակներ: Ինչպես նշվեց, Հայաստանի պետական մարզական կառույցը նույնպես պատրաստվում է տարբերակ ներկայացնել:
Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Նոր տարվա հանդիսավոր արարողությունը և արժանավորների մեծարումը կազմակերպելու է դեկտեմբերի 26-ին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներն այս հարցում էլ են «նորույթ» կիրառելու: Որոշվել է առաջ ընկնել մեկ օրով և նույնատիպ արարողություն կազմակերպել: Նախկինում ՀԱՕԿ-ը և նախարարությունը համատեղ են անցկացրել լավագույնների մեծարման հանդիսությունը: Պարզապես վիճակը զավեշտական է և շատ ցավալի:
Գագիկ Բեգլարյան
Tags: ըմբշամարտ