Այլասերող խաղալիքներ երեխաների ձեռքո՞ւմ

01Երբ երեխաները լաց են լինում` մայրերը փորձում են զանազան խաղալիքներով նրանց շեղել` չմտածելով, թե ինչպես կանդրադառնան դրանք փոքրիկների հոգեբանության, հետագայում` անհատականության զարգացման վրա: Ներկայացնում ենք «Անկախի» հարցազրույցը ՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Ավետիսյանի հետ:

-           Ի՞նչ է խաղալիքը, միայն մանկական զվարճա՞նք:

-           Խաղալիքն ունի հոգեբանական և դաստիարակչական մեծ նշանակություն, որին հարկավոր է վերաբերվել շատ ավելի լուրջ, քան արվում է իրականում: Այն երեխայի համար բարու և չարի մասին նախնական պատկերացումների սկզբնաղբյուր է, որը ձևավորում է անձի բարոյական կերպարն ու զարգացումն ամբողջապես: Կարելի է երկար բացատրել երեխային «լավն ու վատը», «կարելին ու չի կարելին», բայց դա չծառայի նպատակին,  և բավական է խաղի կամ հեքիաթի միջոցով այդ ամենը ներկայացնել փոքրիկին, ու ամեն ինչ տեղը կընկնի, քանի որ այդ ամենն արվում է հուզական ապրումների միջոցով: Մանկական խաղերին հետևելով` հնարավոր է կարծիք կազմել երեխայի  մտավոր և ընդհանուր առողջության մասին: Խաղալիքը երեխայի համար  տեղեկատվության կրողն է, ինչպես մեծի համար թերթերն ու, ասենք, համացանցն են: Այն իդեալական կյանքի, աշխարհի հոգևոր պատկերն է, իրական կամ կարծեցյալ բարու մասին արքետիպային պատկերացումն է: Օրինակ` գնդակը խորհրդանշում է Երկրի կամ Արևի կատարյալ ձևը, բուրգը՝ աշխարհի հիերարխիկ կառուցվածքը և այլն:

-           Շատ հետաքրքիր է: Բացի դրանից, խաղալիքներն ունե՞ն նաև այլ ազդեցություն, գործառույթ:

-       Օրինակ` հոգեթերապևտիկ գործառույթ, որն օգնում է երեխային որոշակիորեն կառավարել սեփական ցանկություններն ու վախերը: Երբեմն երեխան ինքն է գտնում խաղալիք-առարկան, որը պատասխանում է նրա չգիտակցված պահանջմունքներին: Տարբեր առարկաներ կարող են դառնալ խաղալիք, քանի որ երեխան օժտում է դրանք առանձնահատուկ հատկանիշներով, ապրումներով և իմաստներով: Մեծերը հաճախ են նրանց գրասեղաններում կամ գրպաններում հայտնաբերում նման «աղբ», որից ազատվելու ջանքերն ապարդյուն են, քանի որ փոքրիկը ոչ մի կերպ չի համաձայնում բաժանվել դրանից: Գուցեև ավելի լավ են այդ խաղալիք-առարկաները, քան տրանսֆորմերներն ու հրեշները: Խաղալիքը ոչ միայն ուղեկցում է խաղը, այլև սովորեցնում, դաստիարակում և նույնիսկ բուժում:

-        Այդպիսի՞ն են ժամանակակից խաղալիքները:

19-Terrible-Presents-for-a-Child191-   Համենայն դեպս, նշվածս խաղալիքները չունեն այդ գործառույթը: Այսօրվա խաղալիքները որակապես տարբերվում են նախկին անվանակիցներից: Դրանք ուրախ չեն և ագրեսիվ են: Այդ ամենը հասցրել է խաղային կուլտուրայի ճգնաժամի: Վերացել է սերնդեսերունդ փոխանցվող խաղերի և խաղալիքների  ավանդույթը: Մերօրյա խաղալիքների վառ գույների և տեսակների բազմազանության մեջ փոքրիկի հոգեկանը չի հասցնում ընկալել այդ ամենը, և բարու ու չարի, լավի ու վատի մասին պատկերացումներն աղավաղվում են:

-       Ի՞նչ սկզբունքներով են  ծնողներն առաջնորդվում խաղալիքներ ընտրելիս կամ առաջնորդվո՞ւմ են հստակ սկզբունքներով:

-     Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում  հաստատ դրական պատասխան հնարավոր չէ տալ, քանի որ իրականությունն այլ բան է ասում:  Հաճախ ականատես ենք լինում, որ երեխայի անվան  տակ մեծահասակն իր համար է գնում խաղալիքը: Սա էլ, իհարկե, իր հոգեբանական հիմքերն ունի: Ժամանակակից աղջիկներն ու տղաները, որոնց համար խաղը կենսական անհրաժեշտություն է և զարգացման պայման, մեր օրերում աստիճանաբար հետ են վարժվում կառուցողական խաղերից: Այդ հարցն անհանգստացնում է մասնագետներին՝ հոգեբաններին, մանկավարժներին, նաև ծնողներին: Պատկերացրեք, որ թռչունները դադարեին երգել, նապաստակները՝ թռչկոտել, թիթեռնիկները՝ թռչել:

-     Ինչի՞ կարող են հանգեցնել XXI դարի խաղալիքները:

- Երեխայի շրջակա միջավայրի սենսորային ագրեսիան խախտում է աշխարհընկալման կայունությունը, զրկում է փոքրիկին այն համոզմունքից, որ աշխարհն ամուր, կայուն և անվտանգ է: Մեծ հարցականի տակ է դրված աշխարհի կանխատեսելիությունը, որը երեխային անհրաժեշտ է համապատասխան սոցիալականացման և սեփական վարքը կառավարելու համար:

-    Լուսանկարներում պատկերված խաղալիքներն այլասերո՞ղ հատկություն ունեն:

-  Ըստ էության, դրանք ավելի շատ հակախաղալիքներ են, որոնք քարոզում են հակաարժեքներ, քանի որ դրանք փոքրիկին տանում են ոչ թե դեպի ստեղծագործական զարգացում, այլ բոլորովին ուրիշ ուղղությամբ, որին նա ծանոթ չպետք է լինի այդ հասակում: Խաղալիք-ապրանքի արտաքին գրավչությունն ավելի կարևոր է դառնում, քան կիրառությունը: Այստեղից էլ առաջանում են նոր ձևերը, նյութերը, որոնք բնորոշ չեն ավանդական խաղալիքին: Հակախաղալիքները մեծ վտանգ են ներկայացնում երեխայի խաղալիքառողջության ու կյանքի համար: Դրանք կարող են վնասել ֆիզիկական, հոգեկան և բարոյական նորմալ զարգացումը:

-    Ինչպե՞ս կանխել:

-   Հարցը, անշուշտ, տեղին է, բայց բավականին բարդ: Մի ողջ համակարգ է հարկավոր վերանայել: Կարծում եմ` հարկավոր է սկսել ընտանիքում, ծնողները պետք է երեխաների հետ զբաղվեն, ուշադրություն և ժամանակ ավելի շատ տրամադրեն:

-   Որ տարիքում ինչ խաղալիք է ցուցված:

-  Իհարկե, չմոռանանք, որ բոլոր տարիքների համար խաղալիքները պետք է պատրաստված լինեն էկոլոգիապես մաքուր նյութերից: Ամենափոքրիկներին հարկավոր են փափուկ նյութերից պատրաստված խաղալիքներ, որ հնարավոր լինի կծել: Մեկ տարեկանին համապատասխանում են 3-4 գույն ունեցող բրգերը, 2 տարեկանի համար շատ հարմար են միջին չափի գունավոր գնդակները, 7-8 մաս պարունակող բրգերը, փափուկ խաղալիքները, 3 տարեկանի համար նախատեսված են գունավոր կոնստրուկտորներ, որոնք նա պետք է հավաքի մեծերի օգնությամբ: Այդ տարիքում սկսվում են դերային խաղերը՝ մայր-աղջիկ, հայրիկ-մայրիկ, բժիշկ-բժիշկ և այլն: 4 տարեկանում դերային խաղը դառնում է փոքրիկի հիմնական գործունեության ձևը, բարդանում է  դրա բովանդակությունը, և խաղալիքները դառնում են ոչ այնքան կարևոր, 5 տարեկանում մեծ և փափուկ խաղալիքներն աստիճանաբար իրենց տեղն են գտնում բազկաթոռների, մահճակալների վրա: Զարգանում է երեխայի երևակայությունը, հարստանում` հուզական աշխարհը, 6 տարեկան երեխաներին սկսում են դուր գալ իրենց պատրաստած խաղալիքները: Այդ տարիքում օգտակար և հետաքրքիր են անսովոր կոնստրուկտորները, նավակների, ինքնաթիռների մոդելները և այլն:

Վատ օրինակներ, բացասական ազդեցություն ունեցող երևույթներ, իրեր կամ էակներ` ինչքան և որտեղ ասես, բայց ընտրությունը մերն է, վերահսկողությունն էլ` ծնողների ձեռքում: Ինչ ցանես, այն էլ կհնձես:

Ելենա Չոբայնան

Անկախ

Tags: