Որո՞նք են հանրակրթության խնդիրները

հանրակրթություն66«Կրթության մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի համաձայն` հանրակրթությունը մտնում է ուսումնական հաստատությունների տիպերի մեջ: Պետք է նշել, որ  հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական որակների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքի և մասնագիտական կրթությանը նախապատրաստելը: Այս նպատակների իրականացման համար օրենքը սահմանում է հանրակրթության հիմնական խնդիրները, որոնք են`

1) սովորողների կողմից բնության, հասարակության, տեխնիկայի, արտադրության և բնապահպանության մասին հիմնարար գիտելիքների յուրացումը, շարունակական կրթության համակարգում նրանց ինքնակրթության և ինքնազարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը,

2) համամարդկային և ազգային արժեքներին հաղորդակից, ազգային մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող և գործուն քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատ և քաղաքացի ձևավորելը,

3) սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինպատրաստության համալիր ծրագիր իրականացնելը:

Այդ խնդիրներն իրականացվում են եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով`

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ),

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ),

3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):

Տարրական դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է լեզվամտածողության և տրամաբանության հիմքերի, ուսումնառության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորմանը, ազգային և համամարդկային արժեքներին նախնական հաղորդակցմանը:

Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը: Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը:

Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ դպրոցում սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային) ուսուցում:

Միջին և ավագ դպրոցում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:

Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:

Պարտադիր հիմնական ընդհանուր կրթության պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի կատեգորիաների վրա, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Tags: