ԱՄԱՆՈՐ

597b81c30a4614bd1a0957a424058cf1_fullՏարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն  ու Չարի ու Վիշապի պղծությունիցազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում  նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում:

Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:

Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:

Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել:

Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:

Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար:

Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները:

Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:

Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են  միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ:

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ  հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը:

Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:

Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:

Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:

Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին.

Տունը շեն լինի,

Բարաքյաթ լինի,

Միշտ ջոմարդ լինեք

Մեզ էլ միշտ հիշեք

Շնորհավոր նոր տարի:

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով  պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը:

Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է:

Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:

Ամանորյա նախապատրաստությունների առանցքը խմորեղեններն են: Կարևոր արարողություն էր հաց թխելը: Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով: Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում:

Թոնիրը հայոց մեջ պաշտամունքային նշանակություն ուներ: Թոնիր ունեն շատ ազգեր, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել: Այն արևն է` գետնի մեջ: Եվ հայ կինը խոնարհվում է արև-աստծուն, որ վերջինս հաց պարգևի: Հնում, երբ մոտակայքում տաճար չի եղել, քրմերը թոնրի մոտ են կատարել պսակի արարողությունը: Ամանորի գիշերը թոնրատան սևացած առաստաղը ալյուրով սպիտակեցնում էին` վրան պատկերելով երկնային լուսատուներին: Երկնային լուսատուներին պատկերում էին նաև տարեհացի վրա:

Հետաքրքիր սովորություն կար հաց թխելու արարողակարգում: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ փոքրիկ աղջնակը շաղախում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնեին, որ ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:

Հացից հետո թխվում էին գաթաները, նազուկը, «Փուռնիկ», «Կրկենի», «Տարեհաց» կոչված ծիսական հացերը: Այս հացերը տարբեր ձևեր ունեին: Գաթաների ու ծիսական հացերի մեջ ձու, կարագ, կաթնեղեն չի օգտագործվում:

Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ: Այս վիճակի համար գաթաներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով:

Ծիսական հացերն ու խմորեղենն ունեին հմայող, գուշակող, չարը խափանող «հատկություններ»: Ամանորյա հացերի երեսին հաճախ էին նախշերի մեջ տասներկու գիծ անում, որոնք խորհրդանշում էին տարվա ամիսները:

Երբեմն խմորեղենները թխում էին աշխատանքային գործիքների տեսքով ու ձևով և նրանց միջոցով գուշակություններ անում: Օրինակ, եթե թխելու ընթացքում ուռչում էր «Հացի հոր» կոչվող խմորեղենը, ուրեմն տարին հացառատ էր լինելու: Եթե լավ էր թխվում «եզան պտուկներ» կոչվող խմորը, տարին կաթնառատ կլիներ…

Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Վասիլ»: Սրանք թխվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան: Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում էր կինը կհղիանա: Եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում` կամուսնանա:

Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալ տվյալ տղայի հետ: Ի պատասխան` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը: Այս սովորույթը պահպանվել է Լոռիում հարսանիքների ժամանակ, երբ ազաբները զարդարված խնձորներ են ուղարկում աղջիկներին:

Այն տանը, որտեղ ամուսնացնելու աղջիկ ունեին, դռնից կամ տան կտուրից կարմիր կտոր կամ ավել էին կախում:

Ամանորյա սեղաններին կարևոր տեղ ունեին մրգերը: Նրանց մեջ առանձնահատուկ էին խնձորը, նուռը, խաղողը:

Առհասարակ, յուրաքանչյուր տոն, մանավանդ Ամանորը, հարուստ կերակրացանկ ունի: Սակայն կան կերակրատեսակներ, որոնք պարտադիր են տվյալ տոնի համար: Ամանորյա կերակրատեսակներն են տարեհացը, մարդակերպ գաթաները, լոբով աղցանը, մայրամապուրը, «Կաղանդ» անուշը, խոշաբը, սիսեռից գնդիկները:

Բաղադրատոնսերի համար հետևեք հղմանը`

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

Tags: