Աստղագիտությունն ուսումնասիրում է տիեզերական մարմիններն ու երևույթները, իսկ աստղաբանությունը` տիեզերական մարմինների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Բայց թե ինչ ազդեցություն ունեն մոլորակները մարդու օրգանիզմի վրա, դրա վերաբերյալ զրուցեցինք Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:
- Ի՞նչ տարբերություն կա աստղաբանության, աստղագուշակության և աստղագիտության միջև:
- Աստղագիտությունը բնական գիտություն է, որն ուսումնասիրում է տիեզերական մարմիններն ու երևույթները, իսկ դրա ժամանակակից ամենակարևոր բաժինը` աստղաֆիզիկան, ուսումնասիրում է տիեզերական երևույթների ֆիզիկան: Ներկայումս առաջանում են աստղագիտության նորանոր ճյուղեր` աստղակենսաբանություն, աստղաքիմիա: Ապագայում թերևես բոլոր գիտություններն են համագործակցելու աստղագիտության հետ: Մյուս կողմից գոյություն ունի «աստրոլոգիան», և չնայած այն հայերենով թարգմանվում է աստղաբանություն կամ աստղագուշակություն, ես, այնուամենայնիվ, տարբերում եմ դրանք: Աստղաբանությունն ուսումնասիրում է, ինչպես ասացիք, տիեզերական մարմինների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Եվ չնայած մեզ մոտ այն չի զարգանում, շատ կարևոր է: Սակայն աստղագուշակությունն արդեն կեղծ գիտություն կամ սնահավատություն է: Այդտեղ որևէ լուրջ բան չկա:
- Իսկ աստղագուշակությունը և աստղաբանությունը նո՞ւյնն են:
- «Աստղաբանություն» տերմինը պատմականորեն է առաջացել որպես աստղագիտության այլընտրանքային տերմին` աստրոնոմիա և աստրոլոգիա: Չգիտեմ՝ ով է հայերենում առաջինը կիրառել «աստղագուշակություն» բառը, բայց այն շատ դիպուկ է աստղաբանների մեծ մասին նկարագրելու համար: Իրականում մեր աստղաբանները զբաղվում են ոչ թե մարդու և այլ կենդանի օրգանիզմների վրա տիեզերական մարմինների ազդեցույթունն ուսումնասիրելով, խոսքը հատկապես ֆիզիկական ազդեցության մասին է և այն հատկապես ուժեղ է Լուսնի, Արեգակի և մոլորակների դեպքում, այլ բոլորովին անհիմն կերպով փորձում են նկարագրել մարդկանց բնավորությունները և գուշակել ապագան: Ընդ որում, յուրաքանչյուր աստղաբան դա անում է յուրովի: Այստեղից էլ պարզ է, որ դա լուրջ գիտություն չի կարող լինել:
- Աստղաբանությունը կամ աստղագուշակությունն ի՞նչ հիմքերի վրա է իր գոյությունը պահպանել:
- Աստղագուշակությանը թերևս երկինքն ու տիեզերքը թերի հասկանալու արդյունք է: Հայտնի է, որ նախկինում փարավոններն ու թագավորներն աստղագիտական գիտելիքներն օգտագործել են ժողովրդին զսպելու նպատակով: Օրինակ՝ երբ եգիպտական քուրմ-աստղագետները հաշվարկների միջոցով կանխատեսում էին Արեգակի խավարումը կամ մոտեցող գիսավորի պայծառացումը, դա օգտագործում էին աստվածների բարկությունը փոխանցելու և հասարակ ժողովրդին վախեցնելու համար: Մարդիկ հակված են անհասկանալի երևույթների հանդեպ սնահավատության, վախի, այդ պատճառով շատերին հնարավոր է դառնում գրավել աստղագուշակությամբ, մանավանդ որ մարդիկ սիրում են իրենց ապագայի մասին կանխատեսումներ անել: Լուրջ մարդիկ չեն կարող լուրջ վերաբերվել աստղագուշակությանը:
- Ինչպե՞ս են աստղերն ազդում մարդու օրգանիզմի, բնավորության և հետագա քայլերի վրա, որովհետև կան մասնագետներ, որոնք հակառակն են պնդում:
- Տիեզերական մարմիններն իհարկե ազդում են մարդու օրգանիզմի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական վիճակի վրա: Երկրի վրա տիեզերական մարմինների կողմից ամենամեծ ազդեցություններից և դրանց ամենավառ դրսևորումներից են Լուսնի ազդեցության տակ առաջացող մակընթացություններն ու տեղատվությունները: Մարդը` որպես զգալի չափով ջուր պարունակող օրգանիզմ, նույնպես պետք է էական կախվածության մեջ լինի Լուսնի փուլերից: Օրինակ` հայտնի է, որ շատ մարդիկ վատ են զգում լիալուսնի ժամանակ: Արեգակնային բռնկումների հետևանքով առաջացող երկրամագնիսական փոթորիկները նույնպես ազդում են մարդու և նրա գործունեության վրա: Արեգակի բարձր ակտիվության փուլերում հաճախակի են դառնում սրտի կաթվածները, մահացությունները: Որոշակի ազդեցություն ունեն նաև մոլորակները: Սակայն տարբերենք այս ամենը աստղերի թվացյալ ազդեցությունից: Աստղերն այնքան հեռու են, որ նրանց ազդեցությունը միլիարդավոր անգամ ավելի թույլ է և գործնականում բացակայում է:
- Իսկ որքա՞ն հավանական է կենդանակերպ-մոլորակներ կապը և ինչի՞ վրա են հիմնվում աստղագուշակ-աստղաբաններն անհատի բնավորությունը, նաև ապագա գործողություններն ու իրադարձությունները կանխատեսելիս:
- Դրանք հորինված «տեսություններ» են: Նկատեք, որ տարբեր հորոսկոպներ տարբեր մեկնաբանություններ են տալիս: Առավել ևս, կան տարբեր ժողովուրդների հորոսկոպներ: Իսկ մենք, փաստորեն, այնքան ենք տարվել դրանցով, որ միաժամանակ կիրառում ենք բոլորը միասին. հայկականը (եվրոպականը)` ամիսների համար, արևելյանը` տարիների համար, դրուիդներինը` ծառերի տեսակների համար և այլն: Դրանք իրար հետ կապ չունեն և նույնիսկ պատմականորեն միասին կիրառելի չեն եղել: Անհատի բնավորությունը կամ ապագա գործողություններն ու իրադարձությունները կանխատեսելիս աստղագուշակներից ոմանք հիմնվում են այդ ժամանակահատվածում ծնված հայտնի մարդկանց բնավորությունների միջին վիճակագրականի վրա: Սակայն այստեղ էլ որևէ գիտական հիմք չկա:
- Այնուամենայնիվ, պատահականությո՞ւն, թե՞ զուգադիպություն…
- Եթե խոսքը կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված մարդկանց բնավորությունների մասին է, ապա իհարկե, պատահականություններ հնարավոր են: Մյուս կողմից` մարդիկ հակված են նկատելու և հիշելու միայն համընկնումները, իսկ դրանց խախտումները, որպես կանոն, մոռացվում են: Արդյունքում ստացվում է, որ աստղագուշակները կարծես բավական լավ էին գուշակել ապագան:
- Շուտով Ամանոր է և 2014 թվականը «հյուընկալվելու» է յուրաքանչյուրիս տանը: Ե՞րբ ենք ստույգ ներխուժելու այդ տարեթիվ:
- Տարին Երկրի մեկ պտույտն է Արեգակի շուրջ: Թե որ կետից այն կհաշվարկվի և ինչը կհամարվի տարվա սկիզբ, լիովին պայմանականություն է և տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է եղել: Այժմ մենք կիրառում ենք այսպես կոչված նոր կամ գրիգորյան տոմարը, որը բավական լավ է նկարագրում Արեգակի շուրջ Երկրի պտույտի իրական տևողությունը: Մոլորակների և երկնային մյուս մարմիններից շատերի շարժումները պարբերական բնույթ ունեն և անընդհատ կրկնվում են: Երկրագունդն իրականում միլիարդավոր պտույտներ է կատարել Արեգակի շուրջ և տարատեսակ տոմարների գոյությունն ունի ոչ թե աստղագիտական, այլ պատմական հիմքեր: Դրանցից մեկն է հենց մեր տոմարը` Քրիստոսի ծնունդից հաշվարկը, ըստ որի՝ այդ պահից անցել է 2014 տարի:
- Տոնական սեղանն առատ է և գրեթե անհնար է քաղցած վեր կենալ: Ինչպե՞ս կարելի է սնվել տվյալ ժամանակահատվածում, որպեսզի չվնասենք առողջությունը:
- Տվյալ ժամանակահատվածը զուտ պայմանական է, հետևաբար Նոր Տարին ոչ մի կապ չպետք է ունենա սննդակարգի հետ: Այստեղ ավելի շատ պետք է գործեն եղանակային ազդեցությունները: Պարզապես, ձմռանը գործում են սնվելու որոշակի առանձնահատկություններ, ինչի մասին շատ ավելի մանրամասն կբացատրեն համապատասխան մասնագետները: Բոլորովին չեմ արդարացնում մարդկանց, հատկապես հայերի ճոխ սնվելու մոլուցքը, պարզապես անհեթեթություն է:
Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ
