Սիրիահայ օճառագործի օրգանիկ օճառներով հիացել է անգամ Հորդանանի իշխանուհին

շանթՇանթ Խայալյանը ծնվել է Հալեպում 1976 թ., սովորել հայկական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Անգլիայում` մասնագիտանալով գովազդի և մարքեթինգի բնագավառում:

Վերադառնալով ծննդավայր` Հալեպ, Շանթը սեփական ձեռնարկություններն է հիմնել, ընդ որում` մեկը մեկից խիստ տարբեր. ավտոսարքավորումների խանութ, զեյթունի ձեթի արտադրամաս, գովազդային գործակալություն, ավտոմեքենաների վերանորոգման կենտրոն: Շարքը թվարկելիս նա մի պահ կանգ է առնում ու փորձում հիշել: «Ուրիշ ի՞նչ ունեինք,- ծիծաղում է,-այսքանն եմ հիշում»:

Էությամբ անհանգիստ, պրպտող, միշտ նորը փնտրող Շանթին հանգստյան մեկ կիրակին էլ էր ձանձրալի թվում, ուստի որոշում է դա էլ մի բանով լցնել և մի օր իր քիմիկոս ընկերոջը խնդրում է մի հետաքրքիր բան առաջարկել, որ սովորի և զբաղվի: «Ասաց` օճառ կսարքե՞ս: Ասացի` այո: Սովորեցրեց, ես էլ զեյթունի ձեթի արտադրամաս ունեի, վերցրեցի զեյթունը և սկսեցի փորձարկումները»,- պատմում է նա:

Մոտ երեք ամիս անց Շանթին հաջողվում է առաջին օճառն արտադրել: Հետո կամաց-կամաց կատարելագործվում է, նորանոր տեսակներ հորինում` կաթով, գազարի հյութով, մաղադանոսով, երիցուկով, մեղրով և այլն: «Արտադրում էի ոչ թե վաճառելու համար, այլ հաճույքի, որպես հոբբի, և նվիրում բարեկամներիս, ծանոթներիս»,- ասում է նա:

Հաճույքի համար օճառ պատրաստող Շանթը, սակայն, չէր էլ կարող երևակայել, որ մի օր դա իր ապրուստի հիմնական միջոցն է դառնալու:

Շանթի արտադրած օրգանիկ օճառներում իսպառ բացակայում է քիմիան` գույն, բույր և այլն, ամեն ինչ բնական հումքից է: Սակայն Հայաստանում դա ինչ-որ առումով թերություն է: Շանթը նկատել է, որ հայերն օճառ գնելիս նախ և առաջ հոտ են քաշում, և եթե հոտը դուր է գալիս, վերցնում են: Օճառագործն ասում է, որ այդ մոտեցումը սխալ է, որովհետև լավ հոտն ամենևին էլ չի ենթադրում, որ օճառը որակյալ է, ընդհակառակը՝ դա վկայում է քիմիական հավելումների մասին:

2012 թ., երբ Սիրիայում իրավիճակը սրվում է, նա էլ շատերի պես ստիպված է լինում լքել ծննդավայրը: Ընտանիքը` կնոջն ու դստերը, տեղափոխում է Հայաստան: Բարեբախտաբար, տարիներ առաջ Երևանում բնակարան էր գնել` մտածելով, որ ապագայում կարող է երեխաներին պետք գալ: Սակայն կյանքն այնպես է դասավորվում, որ հերթը երեխաներին չի հասնում: «Մեկ ամիս էր` խանութները փակել էի, որովհետև այլևս հնարավոր չէր այդ պայմաններում աշխատել: Անգամ վերջին օրը, երբ աշխատանքի էի գնում, ահավոր տեսարանների ականատես եղա` այրված դիակներ աղբամանների կողքին, փողոցներում,- պատմում է նա,- իսկ դրանից առաջ երկու անգամ սնայպերով մեքենայիս խփել էին` փորձելով սպանել: Մի անգամ էլ մեր տան մոտ մի էնպիսի ուժեղ պայթյուն եղավ, որ դրա ճնշումից մինչև հիմա մեջքիս մկանները ձգվում են: Մի օր էլ քնած էինք,  երբ տան ապակին կոտրվեց, և փամփուշտը տուն մտավ: Մի խոսքով, հասկացանք, որ հեռանալու ժամանակն է»:

IMG_2203Մինչ ընտանիքը տեղափոխում է Երևան, Հորդանանում ապրող ընկերը նրան առաջարկում է տեղափոխվել իրենց մոտ և օճառի բիզնեսով զբաղվել: Շանթը միայնակ մեկնում է: «Ընկերոջս կինը կոսմետիկայի, օճառի բիզնեսով էր զբաղված, բայց ոչ բնական: Առաջարկեցին, որ ես էլ իմ օճառները ստեղծեմ և միասին այդ գործը զարգացնենք»:

Հորդանանում բարեգործական ցուցահանդեսի են մասնակցում, որտեղ ներկայացնում են օճառները: Ցուցահանդեսից մոտ մեկ ամիս անց թագավորական պալատից զանգ է գալիս. «Հայտնում էին, որ իշխանուհին շատ է հավանել մեր օճառը, և մեզ հրավիրում են պալատ` ընթրիքի»,- պատմում է Շանթը:

Երեկոն միայն հյուրասիրությամբ չի ավարտվում. օճառագործներին նաև շնորհակալագրեր են տալիս, թագավորական հուշանվեր, կրծքանշան, մի խոսքով` մեծարում են, իսկ Շանթին, իմանալով, որ պատրաստվում է Հայաստան մեկնել, հորդորում են մնալ և զարգացնել օճառի բիզնեսը: Սակայն Շանթը գերադասում է Հայաստան գալ:

Ուսումնասիրելով հայաստանյան օճառի շուկան՝ նա հանդիպում է օճառ արտադրող շատ մարդկանց հետ, բայց պարզում է, որ բոլորն աշխատում են խոհանոցային, տնային պայմաններում. դրսից հումքը բերում են, հալեցնում, գույներ, հոտ, ավելացնում, ձև տալիս և վաճառում: «Ես զրոյից եմ սկսում, անգամ եթերային յուղերն եմ ինքս պատրաստում, գլիցերինը նույնպես բնական է, ինչպես հասկացա, Հայաստանում ոչ ոք գլիցերին չի արտադրում, և ես կարծես թե միակն եմ»:

Բայց քանի որ Սիրիայից դատարկաձեռն էր վերադարձել, բիզնես հիմնելու համար գումար չուներ, դիմում է Փոքր և միջին բիզնեսի զարգացման կենտրոն, որպեսզի վարկ վերցնի: Ներկայացնում է բիզնես պլանը: Հաստատում են: Գումարը փոխանցում են 6 ամիս հետո, այդ ընթացքում Շանթի սիրտն անգործությունից պայթում էր, բայց ինչ-որ աշխատանքներ անում է. դասավանդում է «Եվրասիա» միջազգային համալսարանում, անգլերենի անհատական պարապմունքներ անցկացնում, անգամ անձնական մեքենայով տաքսի վարում: «Կյանքը դժվար է, պետք է վազվզել: Եթե նստես, ոչինչ չես ունենա: Մարդիկ կան, որ Սիրիայում շատ լավ են ապրել, բայց կորցնելով այդ ամենը` հիմա եկել են Հայաստան և չեն կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ ավելի քիչ պետք է վաստակեն: Ես ինքս շատ լավ եմ ապրել, մի քանի հազար դոլարը մեկ շաբաթում եմ ծախսել, բայց էսօր այդ գումարն ամիսներով չեմ տեսնում: Ի՞նչ է, հիասթափվե՞մ, ոչինչ չձեռնարկե՞մ: Ընդհակառակը, մարդ չպետք է հուսահատվի, պետք է գործի, ճկուն լինի, կարողանա հարմարվել նոր իրավիճակին»:

933943_270904829727398_597397948_nՇանթի հայաստանյան առաջին արտադրանքը` «Beauty products»-ը, արդեն պատրաստ է` 8 տեսակի օճառ  զեյթունի ձեթով, գլիցերինով` պատրաստված կիտրոնով, ծիրանով և սև հաղարջով: Ի դեպ, Հայաստանում բժիշկները նրան խորհուրդ են տվել իր օճառներում կիրառել նաև խնկածաղիկ, որը շատ օգտակար է մաշկի համար, և այդ տեսակը նույնպես արդեն պատրաստ է:

Օճառների վրա նշված է, որ այն պատրաստված է ձեռքով: Իհարկե, աշխատանքը ձեռքով շատ դժվար է, բայց Շանթը դա համարում  իր արտադրանքի յուրահատկություններից մեկը. «Օգտագործում եմ 1688 թ. տեխնոլոգիա, ամեն ինչ` ձեռքով»,- նշում է նա:

Շանթն ուզում է, որ չնայած հսկայական աշխատանքին և բարձր որակին` արտադրանքը սպառողին հասնի հնարավորինս մատչելի գնով, որպեսզի շատերը կարողանան օգտվել:  110 գրամանոց օճառի արժեքը նախատեսում է մոտ 600 դրամ:

Այս ամենը, իհարկե, հիանալի է, սակայն Շանթը դեռևս չի կարողացել դուրս գալ շուկա: Մասնագետ է փնտրում, որ այդ հարցով զբաղվի, որովհետև ինքը չի հասցնի նաև դա անել:

Երբ Հայաստանում բիզնեսը կայանա, Շանթը լրջորեն կզբաղվի նաև դրսի շուկա դուրս գալով: Այս պահին նրա օճառները հասել են Նորվեգիա, Ֆրանսիա, Կորեա, Չինաստան, Ուկրաինա և այլ երկրներ, որտեղից դրական արձագանք է ստացել:

Չնայած Հայաստանում տնտեսական, սոցիալական վիճակը գոհացուցիչ չէ, զրոյից սկսելն էլ` բավականին դժվար, Շանթը մտադիր չէ որևէ այլ երկիր տեղափոխվել: Սիրիա վերադառնալ ընդհանրապես չի ուզում, որովհետև կարծում է, որ եթե անգամ պատերազմն ավարտվի, գործ էլ լինի, միևնույն է, իրավիճակը, մթնոլորտը առաջվանը չի լինի: «Ես ընտրել եմ իմ ճանապարհը: Ինձ շատ բան պետք չէ. եթե կարողանամ ընտանիքիս համար նորմալ բարեկեցություն ապահովել, էս երկրից գնացողը չեմ»,-ասում է նա:

Շանթը կարծում է, որ սիրիական ճգնաժամը մի հնարավորություն է վերադառնալու հայրենիք և ապրելու հայրենի հողի վրա: «Պատմությունը մեզ դասեր է տալիս, բայց մենք այդպես էլ չենք սովորում: 1915 թվականի ջարդերից հետո ցրվեցինք աշխարհով մեկ, 1988-ի դեպքերի ժամանակ նորից օտար երկրներ գնացինք: Հետո Իրաքի պատերազմը եղավ, եկան, էլի գնացին: Հիմա էլ սիրիահայերը… Վերջիվերջո պետք է բոլորը հասկանան, որ միևնույն է, մենք օտար հողի վրա տեղ չունենք: Ճիշտ է` այնտեղ ենք ծնվել, մեծացել, ապրել, որի համար շատ շնորհակալ ենք, բայց հայը պետք է հայ հողի վրա ապրի»,- ասում է սիրիահայ Շանթ Խայալյանը, որն արդեն համալրել է «Վերադարձ Հայաստան» կազմակերպության շարքերը և իրեն համարում է լիարժեք հայրենադարձ:

Անի Գասպարյան

Անկախ

Tags: