2013 թվականը փոփոխությունների տարի դարձավ համաշխարհային քաղաքական կյանքում՝ առաջ բերելով մի շարք նոր երևույթներ և մոտեցումներ, որոնց շարունակությունն ու հետևանքները կտեսնենք արդեն հաջորդ տարի: Աշխարհաքաղաքական գործընթացների այս շղթայում իր ուրույն դերը ունեցավ նաև Թուրքիան՝ և՛ որպես մերձավորարևելյան տարածաշրջանի կարևոր պետություն, և՛ իբրև միջազգային քաղաքական թատերաբեմի ակտիվ դերակատար: Այսպես, ամփոփելով տարին` կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի համար այն հարուստ էր հասարակական-քաղաքական բազմապիսի շրջադարձներով, որոնք զգալի փոփոխություններ բերեցին երկրի օրակարգում: Վերհիշելով անցած տարին՝ ամիս առ ամիս առանձնացնենք Թուրքիայում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:
Հունվար
Ողջ հունվարը Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը ուշադրությամբ հետևում էր Ստամբուլի Սամաթիա թաղամասում տեղի ունեցած սպանության դեպքի զարգացումներին: Դաժան մարդասպանը ներխուժել էր մենակ ապրող հայ կնոջ տուն, դանակի յոթ հարված հասցրել տան բնակչուհի 84-ամյա Մարիցա Քյուչուքին`կտրելով նրա կոկորդը: Սրան հետևեց ևս մեկ ավազակության դեպք: Հանցագործը Սամաթիայի բնակչուհի 80-ամյա Սուլթան Այքարին դաժան ծեծի էր ենթարկել: Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը որակվեցին որպես հայերի դեմ ուղղված ատելության դրսևորում, տեղի ունեցած բողոքի քայլերթեր, որոնց ընթացքում ցուցարարների պաստառներին գրված էին «Մի՛ դիպչիր հայ հարևանիս», «Ատելությունը ձերն է, մարդկայնությունը մերը» արտահայտությունները: Այնուհետև հետաքննությունը պարզեց, որ հանցագործը հայազգի Մուրադ Նազարյանն է:
Փետրվար
Այս ամիս Թուրքիայի Դեմոկրատ հասարակության կոնգրեսի համանախագահ, Մարդինից անկախ պատգամավոր Ահմեդ Թյուրքը, խոսելով 1915 թվականին հայ ժողովրդի կրած տառապանքների մասին, այսպիսի աղմկահարույց հայտարարություն արեց. «Մեր պապերը ճնշել են հայ ժողովրդին, նրանց ձեռքերը արյունոտ են: Մենք, որպես նրանց թոռներ, ներողություն ենք խնդրում: Կարևոր է, որ ընդունեն այս ներողությունը: Քարոզչության համաձայն՝ քրդերն էլ են հայերին դաժանության ենթարել, քրդերն էլ են դրա մասը կազմել, քանի որ նրանց օգտագործել են»: Ահմեդ Թյուրքը իր պապերի գործած արյունալի հանցանքների համար ներողություն խնդրեց հայերից, ասորիներից և եզդիներից:
Փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրությունների տեղի ունեցան, որոնց հետևելու համար Երևան էին եկել նաև Թուրքիացի լրագրողներ: Նրանք շրջել էին Երևանի փողոցներով և խոսել քաղաքացիների հետ:
Մարտ
Մարտ ամսին քրդական մեծ տոնի՝ Նովրուզի կապակցությամբ քուրդ ժողովուրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ զենքը վայր դնելու մասին ուղերձով Թուրքիայում սկիզբ առավ հարյուրամյա Քրդական հարցի լուծման գործընթացը, որը շարունակվեց ողջ տարի: «Թո՛ղ արդեն լռեն զենքերը և խոսեն մտքերն ու քաղաքականությունները: Թափվող արյունը, չնայելով թուրքին, քրդին, լազին, չերքեզին, մարդուց, աշխարհագրական այս սրտից է հոսում: Ես, իմ այս կոչը լսող միլիոնավոր մարդկանց վկայությամբ ասում եմ, որ արդեն մի նոր շրջան է սկսվում, ոչ թե զենքը, այլ քաղաքականությունն է առաջ գալիս»,-ասված էր Օջալանի ուղերձում, որից հետո PKK-ի քուրդ զինյալները սկսեցին հետ քաշվել:
Այս ամիսը Թուրքիայի համար նշանավորցեց նաև արտաքին քաղաքական իրադարձությամբ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հեռախոսազրույց ունենալով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ներողություն խնդրեց 2010 թվականին իսրայելական հատուկ նշանակության ջոկատների՝ թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 9 թուրք քաղաքացի: Այնուհետև կողմերը քննարկեցին նաև փոխհատուցման հարցը:
Ապրիլ
Ապրիլի 3-ին սպասվում էր, որ կբացվի Երևան-Վան չվերթը, որը, սակայն, թուրքական կողմը չեղյալ համարեց: Եթե «գաղտնի ձեռքը» վերջին րոպեին չխառնվեր այս գործընթացին, շաբաթական երկու անգամ Երևան-Վան թռիչքներ կիրականացվեին: Չվերթը պլանավորող թուրքական «BoraJet» ընկերությունը ոչ մի պարզաբանում չարեց: Մի շարք վերլուծաբաններ կարծիք հայտնեցին, որ Երևան-Վան չվերթը չեղյալ համարվեց Ալիևի կառավարության ճնշման տակ՝ վերջ դնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին հնարավոր մի քայլի կատարմանը:
Մայիս
Տարվա գլխավոր իրադարձությունը Թուրքիայում ծնունդ առավ մայիսի վերջին, երբ մի խումբ ցուցարարներ սկսեցին բողոքել Թաքսիմի «Գեզի» այգու ծառահատման մասին կառավարության որոշման դեմ: Թուրքիայի համար սովորական համարվող ակցիան, աստիճանաբար տարածվելով ողջ երկրով մեկ, վերածվեց հակակառավարական զանգվածային ելույթի՝ հայտնվելով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Թուրքական ոստիկանությունը, արցունքաբեր գազի, ջրաշիթերի և ուժի կիրառմամբ փորձեց ճնշել ցույցերը՝ էլ ավելի բորբոքելով դրանք:
Հունիս
Մայիսի վերջին սկսած «Գեզի» այգու իրադարձությունները սրընթաց զարգացում ապրեցին ողջ հունիսին՝ հայտնվելով համաշխարհային ամենահայտնի պարբերականների առաջին էջերին: Թուրքիայում տեղի ունեցածը որակեցին որպես «թուրքական գարնան» սկիզբ, թուրքական ժողովրդավարության վերածնունդ, վարչապետ Էրդողանին անվանեցին միապետ և դեսպոտ: Բոլորը կանխատեցում էին Էրդողանի կառավարության անկումն ու հրաժարականը: Սակայն վերջինիս հաջողվեց վերահսկել իրավիճակը և ճնշել հակակառավարական ցույցերը: Այնուհանդերձ «Գեզի» այգու դեպքերը լուրջ վնաս հասցրեցին երկրի տնտեսությանն ու միջազգային հեղինակությանը՝ ցույց տալով Թուրքիայում ժողովրդավարության իրական պատկերը:
Հուլիս
Հուլիս ամսվա ընթացքում Թուրքիայում գրանցվեց հայկական գերեզմանոցների քանդման, ավերման մի քանի դեպք: Սկզբում Թոքիրդաղի նահանգի Մալքարա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը ամբողջությամբ ոչնչացվեց, ապա Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատունը ճանապարհաշինական մեքենաների կողմից լիովին ավերվեց: Այնուհետև հայտնի դարձավ, որ Մուշ քաղաքի կենտրոնական Քալե թաղամասում տեղակայված մոտ 500 տների մեծամասնությունը ոչնչացվել է:
Օգոստոս
Այս ամսին Թուրքիայում մի սկանդալային փաստ բացահայտվեց: Հայտնի դարձավ, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը անձնագրային հիմնական ձևաթղթում հույներին, հայերին, հրեաներին համարակալում է համապատասխանաբար 1, 2, 3 անձնագրային կոդերով: Թուրքական կառավարության նման քայլը ոչ ոքի մոտ զարմանք չառաջացրեց, քանի որ այն շատ հատուկ է փոքրամասնությունների իրավունքները մշտապես ոտնահարած մի պետությանը: Այնուհանդերձ երկրի դեմոկրատական շրջանակների կողմից սա որակվեց որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում և խտրականության բացահայտ դրսևորում:
Սեպտեմբեր
Սեպտեմբեր ամիսը Թուրքիայի համար նշանավորվեց մեծ կորուստով: Ստամբուլը զրկվեց 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հնարավորությունից՝ այդ պատիվը զիջելով Տոկիոյին: Մի շարք մասնագետներ Էրդողանի այս պարտությունը կապեցին «Գեզի» այգու իրադարձությունների հետ՝ համարելով, որ դրանք մեծ վնաս հասցրեցին Թուրքիայի միջազգային հեղինակությանը՝ զրկելով նրան Օլիմպիադան հյուրընկալած առաջին իսլամական երկիրը դառնալու լավ հնարավորությունից:
Հոկտեմբեր
Հոկտեմբերի սկզբին Թուրքիայում և միջազգային շրջանակներում լայնորեն քննարկվեց սեպտեմբերի վերջին հրապարակված այսպես կոչված «ժողովրդավարացման փաթեթը», որը, ըստ էության, կարելի է համարել վարչապետ Էրդողանի նախընտրական քարոզարշավի սկիզբը: Ըստ ներկայացված բարեփոխումների փաթեթի՝ երկրում գործող բոլոր կուսակցությունները կանցնեն կառավարման երկանդամ համակարգի, այսինքն քաղաքական կուսակցությունները ղեկավարվելու են միանգամից երկու առաջնորդի կողմից: Պետության ժողովրդավարացմանն ուղղված քայլերից է նաև ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների համար սահմանված պատիժի երկարաձգումը երեք տարով, պետական կառույցներում (բացի զինված ուժերից) հիջաբի թույլատրումը և այլն:
Նոյեմբեր
Նոյեմբերի 29-ը Ստամբուլ քաղաքի համար պատմական օր դարձավ: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը իրականացրեցին քաղաքի ասիական և եվրոպական ափերն իրար կապով «Marmaray» ստորջրյա թունելի բացման արարողությունը: 60 մետր խորության վրա փորված «Marmaray»-ը համարվում է աշխարհի ամենախորը ստորջրյա թունելը: Ստորջրյա նոր գնացքը ամեն օր մոտ 1 միլիոն ուղևոր է տեղափոխում Ստամբուլի մի ափից դեպի մյուսը: «Marmaray»-ի շինարարությունը տևել է 9 տարի, որի համար ծախսվել է 9,3 միլիարդ 298 լիրա: Գնացքի տոմսերի արժեքը չի տարբերվի քաղաքում գործող մյուս փոխադրամիջոցներից գնից՝ կազմելով 1,95 լիրա:
Դեկտեմբեր
Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանեց Երևան մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հերթական հավաքին: Դավութօղլուն նաև առանձնազրույց ունեցավ իր հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: Այցը առիթ հանդիսացավ, որպեսզի կրկին շրջանառության մեջ դրվի հայ-թուրքական սահմանի հավանական բացումը:
Թուրքիան տարին ամփոփեց ևս մեկ աղմկահարույց իրադարձությամբ՝ կոռուպցիոն սկանդալով: Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցած հատուկ օպերացիայի արդյունքում ֆինանսական հանցագործություն կատարելու մեղադրանքով ձերբակալվեցին մի շարք հայտնի մարդիկ՝ մասնավորապես խոշոր գործարար Ալի Աղաօղլուն, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, ներքին գործերի նախարար Մուհամեդ Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը, ինչպես նաև էկոնոմիկայի և բնապահպանության նախարարների որդիները և պետական Հալքբանկի ղեկավարը: Սկանդալի բռնկումից մի քանի օր անց 3 թուրք նախարար հրաժարական տվեց: Այնուհետև նախարարական կաբինետում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, նշանակվեց 7 նոր նախարար:
Այսպիսով կարող ենք փաստել, որ 2013 թվականը նշանակալից էր Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական կյանքի համար: Տեղի ունեցած մի շարք իրադարձություններից պետք է առանձնացնել Քրդական հարցի լուծման գործընթացը, «Գեզի» այգու դեպքերը և վերջերս գրանցված կոռուպցիոն սկանդալը, որոնք էական ազդեցություն ունեցան թուրքական քաղաքական համակարգի, միջազգային հարթությունում նրա գրաված դիրքի և հեղինակության վրա: Թուրքիան և այնտեղ տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ համաշխարհային հանրության ուշադրության և հետաքրքրության կենտրոնում: 2014 թվականը խոստանում է լինել իրադարձություններով նույնքան առատ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ:
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Tags: թուրքիա