Իրանը լուծեց իր առջև դրված խնդիրն անգամ «Ժնև- 2»-ի հրավերը չեղյալ հայտարարվելու պարագայում

ռոհանիԱրդեն հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի սառեցման միջանկյալ համաձայնագրի շուրջ, որն ուժի մեջ մտավ հունվարի 20-ին: Համաձայնագրի կատարման դիմաց Արևմուտքը խոստանում է Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների դադարեցում: 

Հենց նույն օրն էլ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանին հրավիրեց միանալ Սիրիայի հարցով «Ժնև – 2» միջազգային համաժողովին: Այս մասին նա հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա:

«Եթե Իրանը հաստատի, որ ձգտում է հասնել դրված նպատակներին, ապա մենք կողջունենք նրա մասնակցությունը:  Ես այսօր հրավիրում եմ Իրանին միանալ աշխարհի 30 երկրների ներկայացուցիչներին, որոնք ակտիվ մասնակցություն կունենան խաղաղ բանակցություններում: Դա հրավեր է»,- ընդգծել է Քերին:

Իր հերթին Լավրովն ընդգծել է, որ համաժողովը պետք է ամբողջությամբ նվիրվի 2012-ի հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի կատարմանը: Մոսկվան կարծում է, որ Իրանը պետք է մասնակցի բանակցություններին, և Ռուսաստանը հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրավեր կուղարկի նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա:

Իսկ Բրահիմիի կարծիքով` Իրանը պետք է մասնակցի Սիրիայի հարցով միջազգային համաժողովին, քանի որ շատ կարևոր երկիր է տարածաշրջանում:

Սա Իրանի խնդրի շուրջ բավականին ուշագրավ ու լուրջ շրջադարձ էր, քանի որ դեռևս անցյալ տարի ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Իրանի շուրջ լարվածությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում այսչափ կթուլանա: Բայց սկզբում «Ժնև 2»-ին Իրանի մասնակցությանը դեմ էին արտահայտվում Իսրայելը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան: Իսկ «Ժնև 2» համաժողովից ընդամենն օրեր առաջ Սիրիայի ապստամբներն էին հայտարարել, որ եթե Իրանը մասնակցի համաժողովին, իրենք չեն մասնակցի:

Այնուհետև եղավ նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերն Իրանին` մասնակցելու հունվարի 21-ից մեկնարկող «Ժնև- 2» համաժողովին:

Իրանն էլ վերջին 1-2 ամսվա ընթացքում, երբ միջազգային հանրության կողմից ակտիվորեն քննարկվում էր համաժողովին Իրանի մասնակցել-չմասնակցելու հարցը, նախագահի մակարդակով հստակ հայտարարել է, որ առանց նախապայմանների կմասնակցի համաժողովին: Ընդ որում Իրանն իր այդ դիրքորոշումը վերահաստատել է մի քանի անգամ թե՛ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ,  թե՛ Ռոհանի- Պուտին հեռախոսազրույցի ընթացքում:

Թեև համաժողովի մեկնարկից 1-2 օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին հրավիրեց մասնակցելու «Ժնև-2» համաժողովին, համաժողովի մեկնարկից անմիջապես առաջ արդեն հրապարակվեց, որ հրավերը հետ է կանչվել:

«Հրավերի հետկանչը ԱՄՆ-ի, ավելի ճիշտ` նրա դաշնակիցներ Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իսրայել պետությունների ճնշմամբ է կատարվել. ինձ թվում է: Չեմ կարծում, թե միջազգային հարաբերություններում Իրանի դերը դրանով նվազի, և դատելով մինչ հրավերը պաշտոնական Թեհրանի հայտարարություններից` Թեհրանն այդքան էլ շահագրգռված չէր մասնակցելու այդ համաժողովին. նա իր թիրախն ուներ` Ժնևյան համաձայնագիրը, որը, ինչպես հայտնի է, հունվարի 20-ից արդեն ուժի մեջ մտավ: Իսկ «Ժնև-2»-ը մեկ օր չի տևելու, կարելի է ասել` դա գործընթաց է, որը սկսվելու է վաղվանից, և այդ օրն Իրանի մասնակցել-չմասնակցելու հարցում, իմ կարծիքով, ԱՄՆ-ն ուղղակի  չգնաց իր դաշնակիցների` Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի կամ Իսրայելի դիրքորոշումների դեմ»,- ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Ըստ նրա` եթե Իրանի միջուկային ծրագրի հարցում միջազգային խոշոր խաղացողները կարողացան որոշակիորեն անտեսել այդ երկրների դիրքորոշումները, ապա Սիրիայի հարցով համաժողովի դեպքում այսպիսի որոշում կայացվեց: «Ամեն դեպքում դիրքորոշումը կամ հստակ պատճառաբանությունը, թե ինչու Իրանին հրավեր ուղարկեցին, իսկ հետո այդ հրավերը չեղյալ հայտարարեցին, իմ կարծիքով, ՄԱԿ-ի պես մեծ, հզոր ու հեղինակավոր կազմակերպության համար  իրավական առումով պատվաբեր չէր, կարելի էր ուղղակի չհրավիրել, և վերջ: Չի էլ նշվում հստակ պատճառը, թե ինչու է չեղյալ համարվել հրավերը»,- նշեց Արմեն Իսրայելյանը:

«Ժնև 2»-ին Իրանի մասնակցության հրավերը չեղյալ հայտարարելու համար որպես պատճառ նշվում է, թե Իրանը «Ժնև-1» համաժողովի վերաբերյալ իր դրական եզրակացությունը չի տվել: Սակայն Թեհրանն էլ պնդում է, թե չի մասնակցել «Ժնև-1»-ին, և ուրեմն ինչո՞ւ պետք է դրական եզրակացություն տար: Ամեն դեպքում «Ժնև 1»-ին դրական եզրակացություն տալ-չտալու հարցը չէ հիմնապատճառը, այլ ուղղակի  ավելի լուրջ քաղաքական խաղեր անցկացնելու կամ ինչ-որ խնդիրներ բավարարելու նպատակ ունեն, իսկ իրանագետի կարծիքով` մեկ տարբերակն էլ այն է, որ ԱՄՆ-ը չի ուզում հակառակվել Մերձավոր Արևելքում իր դաշնակիցների կամքին, միևնույն ժամանակ չի ցանկանում նաև ուղղակիորեն Թեհրանի հետ առճակատման գնալ` միջուկային հարցում ձեռքբերված պայմանավորվածություններն ու համաձայնագիրը չխախտելու նպատակով: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով Իրանին մերժեց մասնակցել «Ժնև-2»-ին, որպեսզի դա չազդի Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների վրա, կամ ավելի պատկերավոր ասած` կրակի միջից ՄԱԿ-ի ձեռքերով է շագանակներ հանում:

Այստեղ առաջանում է մի կարևոր հարց` արդյոք Իրանի հանդեպ այսպիսի դիրքորոշումը կանդրադառնա՞ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, ու եթե կանդրադառնա, ապա ինչպես:

«Չեմ կարծում, թե այս հրավիրել-մերժել խաղերն ինչ-որ ազդեցություն կունենան Իրանի շուրջ հետագա զարգացումների վրա: Իրանն իր գլխավոր խնդիրը լուծեց` քաղաքական առումով հասավ իր նպատակին միջուկային խնդրի շուրջ, ինչպես նկատեցինք, դրական տեղաշարժ կատարվեց, և  հունվարի 20-ից արդեն որոշ ոլորտների համար պատժամիջոցները վերացվեցին ԵՄ-ի կողմից, իսկ հունվարի 21-ին արդեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իրանի նավթի արտահանման և մի շարք այլ ոլորտների  գծով չեղյալ հայտարարեց պատժամիջոցները: Նախօրեին Իրանը հայտարարեց, որ կասեցնում է ուրանի 20 տոկոս հարստացման գործունեությունը, սա հրաշալի մի իրողություն է, ընդամենը մեկ տարի առաջ շատ քչերը կհավատային, որ հնարավոր են այսպիսի մեծ հաջողություններ: Այս առումով Իրանն իր կարևորագույն խնդիրը լուծել է և դուրս է եկել միջազգային քաղաքական մեկուսացվածության վիճակից»,- իր դիտարկումները ներկայացրեց Արմեն Իսրայելյանը:

Բացի այդ, Իրանի նախագահը մեկնեց Շվեյցարիա` մասնակցելու Դավոսյան տնտեսական համաժողովին, որ փայլուն առիթ է, որպեսզի Իրանն իր գործընկերների հետ քննարկի արդեն տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, և չի բացառվում անգամ, որ հենց Դավոսում տնտեսական մեծ համագործակցության հիմքեր դրվեն: Դժվար թե Իրանը, «Ժնև-2»-ին չհրավիրվելու պատճառով ինչ-որ խնդիրներ ունենա կամ հարաբերությունները սրի իր արևմտյան գործընկերների հետ:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Tags: , , ,