Հայաստանի ծանրորդներին 2014-ին լուրջ փորձություն է սպասում

փաշիկ ալավերդյանՀայաստանում ծանրամարտը սիրված է: Աջակցության կարգով ամեն տարի պատկառելի ֆինանսներ հենց այս մարզաձևի ներկայացուցիչներին է տրամադրվում: Եվ ահա, զարմանալի է, որ Հայաստանի ոչ մի ծանրորդ և ծանրորդուհի անգամ չէր հավակնում 2013-ի մրցաշրջանում տեղ զբաղեցնելու Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակում: Այն որոշվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով: Պատճառի մասին հարցրինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին:

- Հավաքականի կազմը թարմացվում էր, ավելի երիտասարդ մարզիկների ենք փորձում ընդգրկել թիմում: Մեր երկրի փորձառու մարզիկները բաց թողեցին Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Պատճառները տարբեր էին: Մեծ մասը բուժվում էին, ապաքինում վնասվածքները: Խոսքը Մելինե Դալուզյանի, Արա Խաչատրյանի, Ռուբեն Ալեքսանյանի մասին է: Մարզչական խորհուրդը որոշել էր նրանց չծանրաբեռնել, քանի որ երկաթախաղի մեր վարպետների համար 2014-ի մրցաշրջանը հագեցած է լինելու: Մասնավորապես, նոյեմբերի 1-8-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվելու է աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է 2016-ի օլիմպիական խաղերի համար: Իսկ 2013-ին մեր ծանրորդները տարբեր ստուգատեսներում նվաճել են 36 մեդալ: Դրանք բաժին են հասել 13 մարզիկների: Ուրախալի է, որ ունեցել ենք պատանիների աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ: Փաստը վկայում է, որ հուսալի հերթափոխ է աճում:

- 2013-ին արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար Հայաստանի 10 ծանրորդ որակազրկվել է: Այդ առումով խնդիրներ չկա՞ն:

 - 240 հազար դոլար տուգանք է վճարվել: Մինչև սեպտեմբեր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի հետ համատեղ կվճարի ևս շուրջ 200 հազար դոլար, որպեսզի մերոնց թույլատրեն մասնակցել աշխարհի առաջնությանը:

ծանրամարտ - Մայր դառնալուց հետո որոշել է մրցահարթակ վերադառնալ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Հնարավո՞ր է, որ նա կրկին ուրախացնի մեր մարզասերներին:

 - Ինչ խոսք, դա լավ է, սակայն ավելի ճիշտ կլինի այդ մասին խոսել նրա մրցահարթակ դուրս գալուց հետո: Փետրվարի 18-23-ը Երևանում անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, որից հետո էլ կհստակեցվի հավաքականի կազմը: Ապրիլի 1-6-ը Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: 5-6-ական մարզիկ-մարզուհի դուրս կբերենք մրցահարթակ: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են գլխավորել մարզիչներ Պողոս Պողոսյանը և Արտաշես Ներսիսյանը: Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել ենք դեռ 2013-ի դեկտեմբերից: Ուսումնամարզական հավաքներ են նախատեսվում Հայաստանի առաջնությունից առաջ, նաև հետո:

 

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Tags: ,