«Ցտեսությո՜ւն Կանադա: Ով ուզում է ինձ տեսնել` թող գա Հայաստան…»

Թամար-2Թամարին` կանադահայ այդ կենսախինդ աղջկան, հանդիպեցի «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ: Նա նոր էր վերադարձել Հայաստան և ոգևորված ասում էր` եկել է հայրենիքում հաստատվելու:
Եվ քանի որ մեկ ամիս էր` ինչ Թամարն այստեղ էր, սպասեցի, որ մի քանի ամիս էլ անցնի, հետո հարցազրույց անցկացնեմ: Միգուցե միտքը փոխած լիներ…
Օրեր առաջ կրկին հանդիպեցի: Ոգևորությունն ավելի մեծ էր: Հարցին` արդյոք չի՞ զղջացել իր որոշման համար, ասաց. «Երբե՛ք: Շատ ուրախ եմ, որ եկել եմ: Ոչնչով եկա, ընդամենը երկու ճամպրուկով ու ասացի` սա իմ կյանքն է: Հիմա ունեմ աշխատանք, ընկերներ և ինձ շատ լավ եմ զգում: Ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ եկել եմ»:
Ավելին, երբ ամանորյա տոները ծնողների խնդրանքով անցկացրել է նրանց հետ` Կանադայում, հազիվ է կարողացել երեք շաբաթ դիմանալ, օրերն է հաշվել, թե երբ է վերադառնալու Հայաստան:
Թամար Նաջարյանը ծնվել է Տորոնտոյի կենտրոնում, 24 տարեկան է: Ծնողները Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ են գաղթել Կանադա, այնտեղ էլ ծանոթացել ու 1988-ին ամուսնացել են:
Թամարի խոսքով` ծնողները շատ հայասեր ու ավանդապաշտ մարդիկ են: Մայրը` Սյուզան Արթինյան-Նաջարյանը, վերջին տարիներին եղել է Տորոնտոյում Հայ օգնության ֆոնդի ատենապետուհին: Ասում է, որ մայրն իրեն ու եղբորը միշտ պահել է հայկական շրջանակի մեջ` հայ համայնքի հետ սերտ կապով:
Թամարը հաճախել է ՀՕՖ-ի ամենօրյա վարժարան, որը Տորոնտոյի երեք հայկական դպրոցներից մեկն է: Տորոնտոյի հայ համայնքը բավականին մեծ է, սակայն Թամարի խոսքով` հայ ծնողները գերադասում են իրենց զավակներին օտար դպրոցներ տանել: Տորոնտոյում երեք հայկական դպրոց է եղել, հիմա, ցավոք, մնացել է մեկը:
Վարժարանն ավարտելուց հետո, Թամարն ընդունվել է RYESON համալսարան, ուսումնասիրել է հոգեբանություն և երեխաների անվտանգության հարցերը: Ասում է, որ մանկուց սիրել է երեխաների հետ աշխատանքը և որոշել է ուսուցիչ դառնալ: Մի քանի տարի կամավորական աշխատանք կատարելով դպրոցում` ընդունվել UOIT համալսարան` ուսումը շարունակելու մանկավարժության բնագավառում:
Այդ տարիներին աշխատելով և՛ հայկական, և՛ կանադական դպրոցներում` հասկացել ու համոզվել է, որ հայկական դպրոցն անհամեմատ բարձր մակարդակում է: Ասում է, որ կանադական դպրոցներում ուսումնական ծրագիրը շատ թույլ է, տնային աշխատանք գրեթե չեն տալիս: Նախկինում այդպես չի եղել. ծնողներն են բողոքել, թե երեխաները ծանրաբեռնվում են, սթրես են տանում, ինչից հետո ուսումնական ծրագրերը բեռնաթափվել են: Փաստորեն, այսօր երեխաները մակերեսային կրթություն են ստանում դպրոցում: Իսկ եթե բախտները չի բերում և ուսուցիչը լավը չի լինում, ապա դա էլ չեն ստանում:
Ինչպե՞ս Թամարը որոշեց Հայաստան գալ: Առաջին անգամ հայրենիքում եղել էր 2001 թ., երբ ընդամենը 11 տարեկան էր: Ծնողներն էին բերել, որպեսզի ինքն ու եղբայրը Հայաստանը տեսնեն: Դրանից առաջ նրանց նաև Լիբանան էին տարել: «Սակայն Հայաստանն ու Լիբանանն ինձ համար լրիվ տարբեր աշխարհներ էին: Ես շատ սիրեցի Հայաստանը: Հայաստանը ձգող էր, քաշում էր»:
Երկրորդ անգամ նա հայրենիք է գալիս երկու տարի առաջ «Դեպի Հայք» ծրագրով: Այդ անգամ մոտ մեկ ամիս ապրում է Հայաստանի տարբեր մարզերում, ինչն էլ նրա մեջ վերջնականապես ամրապնդում է Հայաստան տեղափոխվելու գաղափարը: «Երևանը լավն է, գեղեցիկ է, սակայն նման է տարբեր երկրների քաղաքների: Բայց երբ գնում ես մարզեր, տեսնում մյուս քաղաքները, լրիվ ուրիշ բան է»,- հիացած պատմում է Թամարն իր տեսած քաղաքների ու գյուղերի մասին:
Tamar-1Դրանից հետո նա այլևս չէր ցանկանում վերադառնալ Կանադա, բայց ստիպված էր, քանի որ վերջին կուրսում էր, պետք է ուսումն ավարտել: «Գնացի, մի կերպ այդ մի տարին էլ դիմացա, չնայած նոյեմբերից արդեն ծնողներիս գլուխը տանում էի: Փետրվարին տոմս գնեցի ամառվա համար: Այդ մի քանի ամիսը սպասելն ամենաանտանելին էր: Հունիսին, երբ վկայականս տվեցին, ասացի` ցտեսությո՜ւն Կանադա: Ով ուզում է ինձ տեսնել` թող գա Հայաստան»,- պատմում է նա ծիծաղով:
Գալիս է Երևան, բնակարան վարձում, մեկ ամիս անց նաև աշխատանք գտնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունում (USAID)` ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրում: Բացի այդ, ամերիկյան ամսագրի համար մասնագիտական հոդվածներ է գրում:
Ասում է, որ վաստակածը բավականացնում է և՛ բնակարանի վարձավճարի, և՛ մյուս ծախսերի համար, իսկ ծնողներից սկզբունքորեն ֆինանսական օգնություն չի ընդունում. «Արդեն այն տարիքում եմ, որ պետք է ինքնուրույն հոգամ իր կարիքները»,- ասում է նա:
Այժմ արդեն Թամարի ծնողներն են մտածում Հայաստան տեղափոխվելու մասին: Եթե առաջ այդ գաղափարն անորոշ էր, Թամարի գալուց հետո որոշակի է դարձել: Կարծում է` երկու տարվա ընթացքում ծնողներն ու եղբայրը կմիանան իրեն: «Մայրս երբեք չի մտածել, որ իր ողջ կյանքն անց է կացնելու Կանադայում: Նա ատում է էնտեղի ապազգայնությունը, այն, որ հայությունը կորչում է: Միայն Տորոնտոյում 30 000 հայ կա, որից եթե հազարին տարվա ընթացքում տեսնես` լավ է: Իմ Հայաստան գալու որոշման մեջ նաև մեծ դեր խաղաց այն, որ չէի ուզում ամուսնանալ, զավակ ունենալ այնտեղ և պայքարել, որ հայ մեծանա: Այստեղ զավակ կունենամ և կպայքարեմ, որ լավ մարդ մեծանա»:
Անցնում ենք Հայաստանի խնդիրներին: Այո, վարդագույն ակնոցն արդեն հանել է և տեսնում է երկրի գորշ գույները: Այն, ինչ կցանկանար առաջին հերթին փոխել հայրենիքում, մարդկանց մտածելակերպն է: «Մարդիկ կարծում են, որ ուրիշը պետք է իրենց փոխարեն անի, բայց ոչ երբեք իրենք: Սա է պատճառը, որ Հայաստանում այսքան խնդիր կա: Բոլորը խոսում են կառավարության դեմ: Աշխարհում ուր էլ գնաս, բոլորը խոսում են կառավարության դեմ, չկա մի ազգ, որ իր կառավաարությունը կսիրե. Կանադայից սկսած: Բոլորը բողոքում են, որ կառավարությունն իրենցից գողանում է, բայց հենց իմանում են` Կանադայից եմ, առիթը բաց չեն թողնում ինձնից գողանալու: Եղբայր, մի՛ գանգատվիր, ինձանից էլ մի՛ գողնար»:
Բերում է տաքսու օրինակը, երբ վարորդը, տեսնելով սփյուռքահայ է, գումարն ավելի է ասում: Մանրուք է, բայց այդ մտածելակերպի վառ դրսևորում է:
Թամարն ակտիվ քաղաքացի է, երկրի ներքաղաքական զարգացումների հանդեպ խիստ զգայուն, ուստի անտարբեր չի նաև քաղաքացիական շարժումների հանդեպ: Վերջերս, օրինակ, մասնակցել է պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված մեծ բողոքի ակցիային, քանի որ ինքն էլ է դեմ դրա կիրառմանը: Այդուհանդերձ կարծում է, որ Հայաստանն այն վայրն է, որտեղ ինքն իրեն զգում է ինչպես տանը: «Աշխարհի մեջ ուր էլ որ գնաս, դժվարություն կա: Միշտ դիմացի տունը, դիմացի մայթն ավելի մաքուր ու գեղեցիկ է երևում, բայց էդպես չի: Էստեղ կյանքը շատ ավելի պարզ է, օտար երկրներում հազար անգամ ավելի դժվար է, բազմաթիվ շերտեր կան, որ պիտի տեսնես, պիտի կարողանաս տակի «մանր գրությունները» կարդալ, ահռելի հարկեր պիտի վճարես կառավարությանը և այլն և այլն: Այնտեղ էլ են քեզ խաբում, քեզանից գողանում, պարզապես առանց զգալուդ և տեսնելուդ, այստեղ տեսնելովդ են գողանում: Տարբերությունն այդ է»:
Հայաստանում Թամարի համար ամենաարժեքավորը պարզ, անկեղծ մարդկային հարաբերություններն են, միմյանց նկատմամբ հոգատարությունը, որոնց պակասն օտարության մեջ միշտ կա, և որոնք նա զգում է միմիայն Հայրենիքում:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Tags: , ,