Արդիականացված գազալցակայնաններ Որքանո՞վ են ճշգրիտ աշխատում բաշխիչ աշտարակները

գազալցակայանԳազի լիցքավորման ոլորտում կարծես տնտեսվարողների հաճախակի խախտումները կանոնակարգվել են: Դեռևս տարիներ առաջ պետությունը որոշում էր կայացրել բարեփոխել նաև այս ոլորտը և տնտեսվարողներին օրինական դաշտ բերելուն զուգահեռ պահանջել պատճաշ գործունեություն: Այսինքն` ՀՀ  կառավարությունը որոշում էր ընդունել բոլոր ԱԳԼՃԿ-ներում, որպես պարտադիր պահանջ, տեղադրել բաշխիչ աշտարակներ: Այսինքն` հանրապետության տարածքի բոլոր գազալիցքավորման սպասարկման գործող կազմակերպությունները պետք է որոշակի ժամանակահատվածում պարտադիր տեղադրած լինեին բաշխիչ աշտարակներ` ապահովելով գազալիցքավորման նորմերի անվտանգության և տեխնիկական բոլոր պահանջները:

Սակայն օրենքի պարտադիր պահանջը ժամանակավորապես հետաձգվեց ֆինանսական ճգնաժամի պատճառով, չծանրացնելու համար տնտեսվարողների բեռը:  Օրենքի կիրառումը վերսկսվեց  միայն 2011 թ.,  բայց մասամբ, որովհետև տնտեսվարող սուբյկետները հրաժարվեցին կատարել օրենքի պարտադիր պահանջը: Բնականաբար, տուգանքեր եղան, և շատ տնտեսվարողներ կա՛մ դադարեցրին իրենց գործունեությունը, կա՛մ էլ վերսկսեցին այն աշտարակները տեղադրելուց հետո:

Ի՞նչ իրավիճակ է այսօր: Նախ` գազալցակայաններից օգտվողների թիվն անհամեմատ մեծացել է, տրանսպորտային միջոցներից շատերն այսօր շահագործվում են հենց հեղուկ գազով: Ուստի ոլորտում արձանագրվող խախտումները դարձել էին ակներև, սպառողը հստակ չեր կարողանում տեսնել լիցքավորվող գազի քանակը, բացի այդ. 500 դրամ թեյավճար էր մուծում յուրաքանչյուր լիցքավորման ժամանակ: Հաճախակի էին խախտումներ արձանագրվում: Մի խոսքով, գազալիցքավորման գործընթացը պայթյունավտանգ էր:

Պետությունը, փորձելով աջակցել սպառողներին, պարտադրեց ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին տեղադրել այդ բաշխիչ աշտարակները: Ինչքանո՞վ է դա թեթևացնում տնտեսվարողների և  սպառողների բեռը: Դրանց տեղադրումն ունի մի քանի առավելություններ և բացի անվտանգության երաշխիքից,  որոշում է նաև լիցքավորվող գազի ճնշումը, քանակն ու գանձվող գումարը: Այս  ամենը յուրաքանաչյուր սպառող կարող է ցուցանակի վրա տեսնել: Իսկ ավելի լիցքավորվելու դեպքում, եթե նախկինում կարող էր պայթյուն լինել, այս պարագայում ազդանշան է միանում և կանխում գերլիցքավորվելու վտանգը: Նշենք, որ բաշխիչ աշտարակները հնարավորություն են տալիս ճշտելու հեղուկ գազի մթնոլորտային ճնշումը և լիցքավորվող գազի քանակությունը: Այս պարագայում բացակայում է յուրաքանչյուր սպառողից գանձվող 500 դրամ թեյավճարը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ 2008-ին, երբ ընդունվեց այդ որոշումը, հանրապետությունում գործում էր այդ բիզնեսով զբաղվող 315 կազմակերպություն: Այնուհետև բոլոր գազալցակայաններում իրականացվեցին ստուգումներ, բաշխիչ աշտարակներ չտեղադրած բոլոր տնտեսվարող սուբյեկտների շրջանում նշանակվեցին վարչական տուգանքներ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ի դեպ, այն ԱԳԼՃԿ-ն, որը չունի տեղադրված բաշխիչ աշտարակ, գազալիցքավորելիս, ինչպես արդեն նշեցինք, սպառողից գանձում էր հավելյալ թեյավճար և առավել մեծ ճնշումով լիցքավորում մեքենան: Տվյալ բաշխիչ աշտարակի առկայության պարագայում թեյավճարի պարտադիր մուծումը վերանում է, քանի որ բաշխիչ աշտարակը թույլ չի տալիս առավելագույն ճնշումից ավելի գազ լիցքավորվել. այն ավտոմատ անջատվում է:

Նշենք, որ համակարգը նախատեսված է ԱԳԼՃԿ-ում ավտոմեքենաների բարձր ճնշման բալոնների լիցքավորման գործընթացը ավտոմատացնելու համար, ինչի շնորհիվ այն ապահովում է նաև լիցքավորման առանձին փուլերի բաղդատումը, չափումն ու վերահսկումը` միաժամանակ նվազեցնելով մարդկային գործոնի միջամտությունը:

Ինչո՞ւ էր առ այսօր հետաձգվում դրանց տեղադրման գործընթաց: Նախ` դրանք պետք է ձեռք բերվեին տնտեսվարողի հաշվին, ինչը ոչ բոլորին էր ձեռնտու, բացի այդ, շատերի համար պարզապես շահեկան չէր բարեխիղճ և ազնիվ աշխատելը: Անցյալ տարի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզ էր դարձել, որ ոլորտում գործող ընկերություններից միայն 5-ն են տեղադրել բաշխիչ աշտարակներ, իսկ նախորդ տարվա ստուգումներից հետո դրանց թիվը հասել էր 178-ի:

Առաջին փուլում բոլոր կազմակերպություններին ուղարկվել են նամակներ կառավարության որոշման վերաբերյալ: Այն չկատարելու դեպքում տնտեսվարողները վճարել են վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, իսկ ոմանց գործունեությունն էլ դադարեցվել է: 2012-ի վերջին մարզերի գազալցակայանների 90 տոկոսը, իսկ Երևանում գործող ընկերություններից շատերը  տեղադրեցին դրանք:  Ընդ որում, դաշտն ազատ է, և տնտեսվարողներն իրենք են ընտրել, թե որտեղից բաշխիչ աշտարակներ ձեռք բերեն: Որոշ ԱԳԼՃԿ-ներ դրանք ներկրել  են Չինաստանից, Վրաստանից և Եվրոպայից: Իսկ մեծ մասը նախընտրում է աշտարակները գնել Հայաստանում արտադրող երեք կազմակերպություններից:

Թե ինչքանով ճշգրիտ կաշխատեն դրանք, Լևոն Խալիկյանի համոզմամբ, կախված է ստուգաչափման գործընթացից: Չափագիտության ազգային ինստիտուտի մասնագետները դրանք գործարկելուց առաջ, հենց տեղում իրականացնում են ստուգաչափման աշխատանքներ և տրված վկայականի հիման վրա թույլատրում դրանց շահագործումը:

Բաշխիչ աշտարակների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են, և հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններն այժմ աշխատում են օրենքի պարտադիր պահանջը կիրառելով, սակայն հարցը կարծես թե  լիովին լուծված չէ: Քանի որ շատ վարորդներ դժգոհում են, որ թեպետ այլևս ստիպված չեն թեյավճարներ մուծել, գազալիցքավորման հարցում իրենց նկատմամբ օբյկետիվ չեն: Այսինքն` վճարածի դիմաց իրենց գազաբալոնները նվազ չափով են լիցքավորվում: Վերջերս մի ավտովարորդ Մալաթիա համայքնի գազալցակայանների աշխատակիցներից մեկին հայտնել էր իր դժգոհությունը, իսկ նրան առաջարկել են այդ հարցով անհանգստացնել միայն տնօրինությանը: Սակայն տնօրինությանը դիմելու հնարավորություն այդպես էլ չի ստեղծվել:  Փաստորեն, նույնիսկ բաշխիչ աշտարակների գոյությունը չի ապահովագրում անճշտություններից:

Լ.Ն

Անկախ

 

Tags: ,