Հարվարդ, Փրինսթոն, Եյլ կամ Իսրայելի բանակ

կին զինծառայողՄինչ աշխարհի տարբեր երկրներում երեխայի հասունացման հետ ծառանում է ինչ քոլեջ գնալ սովորելու հարցը, իսրայելցիները ծանրութեթև են անում տարբեր զինվորական ստորաբաժանումների առավելությունները: Ու մինչ աշխարհի տարբեր երկրների սովորողները մտածում են, թե  որ բուհն ընդունվեն ու ինչ կտա դա իրենց, իսրայելցիներից շատերն իրենց պատկերացնում են Իսրայելի պաշտպանության բանակի էլիտար ստորաբաժանումում ծառայելիս:

Սակայն մինչ Իսրայելի պաշտպանության բանակի էլիտար ստորաբաժանումում ծառայելը պատանի իսրայելցիների կյանքում 17 տարեկանից սկսվում է փորձաշրջանը: Ամեն տարի ավագդասարանցիների միջև «իրարանցում» է սկսվում. մեկին առաջարկվում է օդաչուական, մյուսներին` կոմանդոսական դասընթացների հաճախել, մի ուրիշին առաջարկվում է հետախուզության էլիտար  ստորաբաժանում գնալ: Մեկը կգնա ծառայելու «Մամրամ»` Իսրայելի պաշտպանության բանակի համակարգչային համակարգերի ստորաբաժանում, մյուսն էլ` «Տալպիոտ», որտեղ տեխնիկական ուսուցումը համատեղվում է  մյուս բոլոր ստորաբաժանումների գործառություններին մասնակցելու հմտությունների ուսուցման հետ:

Մինչ զորակոչի տարիքը բոլոր 17-ամյա տղաներն ու աղջիկները մեկ օրով  զորակոչային կետեր են կանչվում նախնական ընտրության նպատակով, որը ներառում է  ունակությունների, հոգեբանության, թեստերի անցկացում, բուժզննում: Օրվա վերջում կատարվում է  առողջության ու հոգեչափական կողմնորոշում:

Այն երիտասարդ թեկնածուներին, որոնց ֆիզիկական, հոգեկան ու անձնային տվյալները համապատասխանում են ներկայացվող պահանջներին, առաջարկվում է լրացուցիչ փորձություն անցնել, որ պարզվի էլիտար ստորաբաժանումներից մեկնումեկում ծառայելու համապատասխանությունը:

Օրինակ` օդադեսանտային բրիգադում ծառայելու համապատասխանությունը ստուգելու համար տարեկան 3 անգամ, երբեմն էլ` զորակոչից ամիսներ առաջ ստուգում-փորձություն են անցնում: Պատանի քաղաքացիականները երկու օր ֆիզիկական ու հոգեկան խիստ փորձությունների են ենթարկվում, ինչի արդյունքում նախնական խմբերից` մոտ 4 հազար հոգուց մնում է 400-ը: Ընտրության պրոցեսը 5-օրյա ինտենսիվ ստուգումներ են` բաղկացած 11 կրկնվող մարզումներից, որոնցից յուրաքանչյուրը մի քանի ժամ է տևում ու միշտ սահմանափակ, սուղ ժամանակում և աստիճանաբար  աճող ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածությամբ: Ողջ այդ ընթացքում հանգստին հատկացվող ժամանակը շատ կարճ է, գործնականում ոչ ուտել ու ոչ էլ քնել է հաջողվում: Մասնակիցներն այդ 5 օրը նկարագրում են ինչպես երկարուձիգ լղոզված մի բիծ, որում անհասկանալի է` երբ է սկսվում օրն ու ավարտվում գիշերը: Չի կարելի ժամացույց ու բջջային հեռախոս ունենալ: Մասնագետները, որոնք անց են կացնում այդ պարապմունքը, աշխատում են, որ այն առավելագույնս ապակողմնորոշի մասնակիցներին: Մարզումների ավարտից հետո մասնակիցները կարգ են ստանում ցուցակում:

Յուրաքանչյուր ստորաբաժանման լավագույն 20 թեկնածուներն իսկույն սկսում են 20-ամսյա ուսուցումը, որից հետո նույն թիմով էլ պահեստային են դառնում ծառայության հետագա ողջ ընթացքում, այսինքն` մինչ 45  տարեկանը: Նրանց ստորաբաժանումը վերածվում է երկրորդ ընտանիքի:

Չնայած դժվար է ընդունվել Իսրայելի` Հարվարդին, Փրինսթոնին ու Եյլին համարժեք էլիտար համալսարաններ, սակայն Իսրայելում էլիտար ստորաբաժանումում ծառայելը ենթադրում է բազում պիտանի որակներ: Թե որ ստորաբաժանումում է ծառայել  դիմորդը, աշխատանք  որոնողը,  ինքնին  շատ բան է ասում պոտենցիալ գործատուին նրա  հմտությունների մասին: Իսրայելում մարդու ակադեմիական անցյալն այնքան կարևոր չէ,  որքան բանակային անցյալը:

Աշխատանքի ընդունելու ժամանակ յուրաքանչյուր դիմորդի տրվող  պարտադիր հարցերից մեկն էլ այս է. «Բանակում որտե՞ղ եք ծառայել»: Իսկ համացանցում ու աշխատանքի ընդունելության հայտարարություններում երբեմն հստակ նշվում է, որ հատկապես կուզենային 8200 ստորաբաժանումում ծառայածներին ընդունել: 8200 ստորաբաժանումում ծառայածներն  ազգային ընկերակցություն են, որի անդամները չեն հավաքվում հինն ու նորը հիշելու, այլ  հանդիպում են ապագայի նշանառության նպատակով: Այդ ստորաբաժանման անդամներն առաջին հերթին ձգտում են գործարար հարաբերություններ հարթել:

Իսրայելի ռազմա-օդային ուժերն և կոմանդոսների էլիտար ստորաբաժանումները հայտնի են իրենց  շարքերում զինվորներին ներգրավելու ընտրության  խստությամբ, ուսուցման ճկունությամբ ու խրթինությամբ:

Սակայն Իսրայելի պաշտպանության բանակում կա մի ստորաբաժանում, որտեղ ընտրության խստությունը և ուսուցման բազմակողմանիությունն ավելի բարձր մակարդակի վրա է հատկապես տեխնոլոգիական ինովացիաների ոլորտում: Այդ ստորաբաժանումը կոչվում է «Թալպիոտ»: Անվանումը բիբլիական «Երգ երգոցից» է,  որում խոսվում է ամրոցի աշտարակների մասին:  «Թալպիոտ» այլաբանական իմաստով  նշանակում է  ձեռքբերումների բարձր մակարդակ: Սա այն ստորաբաժանումն է, որի համար ընտրությունը շատ ավելի խիստ է, ու որտեղ ուսուցումը շատ ավելի երկար է տևում, քան Իսրայելի մեկ այլ ստորաբաժանումում. 41 ամիս, ինչն ավելի շատ է, քան  զինվորների մեծամասնության ընդհանուր ծառայության ժամկետը: Նա, ով անցնում է այդ ծրագիրը,  բանակում ազատ հիմունքներով կամավոր ծառայում է  ևս 6 տարի, իսկ նրանց ծառայության նվազագույն տևողությունը ընդհանուր առմամբ կազմում է 9 տարի:

Այս ծրագիրը Եվրոպական համալսարանի գիտնականներ Ֆելիքս Դոթանի ու Շաուլ Յացիվի երախայրիքն էր: 1973-ին արաբա-իսրայելական 4-րդ` Յոմ Կիպուրի (Ահեղ դատաստան) պատերազմում պարտությունից հետո նրանք հղացան այս գաղափարը: Երկիրը կրած կորուստներից երկար ժամանակ ուշքի չէր գալիս: Պատերազմը թանկ հիշեցում էր այն մասին, որ Իսրայելը փոքր չափեր ու քիչ բնակչություն ունի, ինչը   պետք է  փոխհատուցվի որակի ու տեխնոլոգիական գերազանցությամբ: Նրանք դիմեցին Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Ռաֆայել Էյթանին հասարակ գաղափարով. Իսրայելի տաղանդավոր երիտասարդների մի խումբ հավաքել ու նրանց տեխնիկական ինտենսիվ ուսուցում առաջարկել` լավագույնը, որ կարող էին տալ համալսարաններն ու զինվորականները:

Այդ ծրագիրն արդեն 30 տարի է` իրականացվում է:

Ամեն տարի լավագույն աշակերտների 2%-ին առաջարկվում է  թեստավորում անցնել: 10-ից մեկն է անցնում ֆիզիկա-մաթեմատիկական հիմունքների վրա կազմված փորձությունը: Նրանք հետագայում նաև  անհատականության և ունակությունների երկօրյա թեստավորում են անցնում:

Հետագայում այս սաները, որոնք արդեն «Թալպիոտի» կադետներ են դառնում, մաթեմատիկայի, ֆիզիկայի արագացված դասընթացներ են անցնում, հետն էլ ծանոթանում Իսրայելի բանակի բոլոր զորքերի տեխնոլոգիական պահանջներին:

Նրանց ակադեմիական ուսուցման մակարդակը գերազանցում է   համալսարանական ուսանողի գիտելիքները: Նրանք կարճ ժամանակում շատ ավելի բան են սովորում. ծովային դեսանտների հիմնական  կուրսն են անցնում: Նպատակը նրանց բոլոր զորատեսակների մասին ընդհանուր պատկերացում տալն է, որ հասկանան թե՛  տեխնոլոգիան, թե՛ զինվորների պահանջմունքը, հատկապես` կապը նրանց միջև:

Նման լայն տիրույթի գիտելիքները տվյալ դասընթացի վերջնանպատակը չեն: Ավելի ճիշտ` կ «որոշակի առաքելության»  առաջնորդներ ու «խնդիրներ լուծողներ» պատրաստելն է:

Նրանց առաջադրանք առաջադրանքի ետևից են տալիս: Դրանցից շատերը մասշտաբային են, ասենք` համաժողովի կազմակերպումը հասակակից կադետների համար` բոլոր նախապատրաստություններով ու համաձայնությունների ձեռքբերմամբ: Կան առաջադրանքներ էլ, որ շատ բարդ են, ասենք` հեռահաղորդակցային ցանց ներխուժելն ու իրական ահաբեկչական բջիջը հայտնաբերելը:

Կամ  էլ, ասենք, խնդիր է  առաջարկվում. լուծել թռիչքի տատանումներից օդաչուների թիկունքի ցավի առաջացման պատճառը: Սկզբում կադետները որոշեցին, թե ինչպես կարող են չափել ողնաշարի վրա  տատանողական շարժումների ազդեցությունը: Դրա համար ստեղծեցին փորձասենյակ` ուղղաթիռի աթոռի ու տատանողական շարժումների նույնական պայմաններով: Հետազոտությունների արդյունքում մշակեցին  օդաչուի բազկաթոռի նոր մոդել:

Ի դեպ, եթե կադետները առաջին 2-3 տարում դիմանում են ուսուցման ծանրությանը, ապա դառնում են «թալպիոններ». տիտղոսը հավասարաչափ հեղինակավոր է ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական կյանքում:

Ամենասկզբում «Թալպիոտ» ծրագիրը խիստ քննադատության ենթարկվեց: Ծրագիրը նպատակաուղղված է բանակի բարձրտեխնոլոգիական մակարդակ ունենալուն:

«Թալպիոտը» զինծառայողների շրջանում համարվում  է ամենաէլիտար ստորաբաժանումը:

18 տարեկան իսրայելացիները գնում են բանակ ծառայելու առվազն 2-3 տարի: Դրանից հետո, եթե  չեն շարունակում ծառայությունը, ապա գնում են սովորելու համալսարանում: Իսրայելում ծառայությունից հետո բուհ գնացողների թիվը հսկայական է աշխարհի մյուս երկրների համեմատ:

Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության տվյալների համաձայն` իսրայելցիների 45%-ը  համալսարանական կրթություն ունի, ինչը բարձր ցուցանիշ է համարվում:

Մինչև ուսանողներն ավարտում են քոլեջը, 25 տարեկան են դառնում, ունենում են գիտական աստիճաններ, երբեմն էլ` ընտանիք, ինչը փոխում է  մարդու հոգեկան ունակությունները: Նրանք ավելի հասուն մարդիկ են և կենսափորձ ունեն: Փոխվում է  կյանքի նկատմամբ վերաբերմունքը:

Զինվորական ծառայության ժամանակ հայտնվում են մի միջավայրում, ուր պետք է որոշումներ ընդունել հընթացս: Վճիռներ կայացնել, որոնցից կյանքի  ու մահվան հարցեր են կախված: Կարգուկանոն, ուղեղը մարզել, տարբեր հմտություններ են սովորում, որոնք անհրաժեշտ են  հատկապես, երբ  ճակատում մասնակցում են ինչ-որ գործողությունների: Ու օգուտ է բերում նաև գործարար աշխարհում:

Զինվորական ծառայությունը երիտասարդ տարիներից սովորեցնում է` եթե քեզ ինչ-որ բան է հանձնարարվել, ապա պատասխանատվություն ես կրում ամեն ինչի համար, ինչ պատահում  ու չի պատահում: Զինվորական կուլտուրայում բացակայում է` «դա իմ մեղքը չէ» արտահայտությունը:  Զինվորական ծառայությունը դժվարին պայմաններում ամեն ինչի մասին 3-4 քայլ առաջ մտածելու հնարավորություն է տալիս, լինի դա մարտի դաշտ, թե բիզնես:

Ծառայության ժամանակ թիմայնություն է զարգանում, շատերը ծառայությունից հետո դառնում են գործընկերներ:

Իսրայելում զինվորական կենսագրությունը շատ կարևոր տեղեկություն է տալիս գործատուներին, քանի որ նրանցից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ ասել է սպա կամ էլ էլիտար ստորաբաժանումում ծառայությունը:

«Խելացի մարդկանց ազգը» գրքից

Անկախ

Tags: , ,