Ուխտավորները լուռ են գնում վանք, հավատով, որ մի օր կվառվեն Խորանաշատի բոլոր հանգած մոմերը

խորանաշատՏասը խորան ունենալու համար վանքը Խորանաշատ են կոչել: Միջնադարյան հզոր հոգևոր կենտրոնի մասին Չինարիում անցյալով չեն սիրում խոսել: Սրբավայրը հակառակորդի հենակետից ընդամենը 70 մ հեռավորության վրա է` մինչև ատամները զինված ադրբեջանցի դիպուկահարների անմիջական թիրախում:

Խորանաշատից վերջին ու թարմ  լուրերը չինարեցի երիտասարդ Արմեն Պետրոսյանն է սովորաբար գյուղ բերում: Հայրենի բնությունը Արմենին իմաստնացրել է, ամրացրել հայրենի Չինարին պաշտպանելու նրա մղումը: Նա պատմում է, որ վերջին անգամ Խորանաշատ է բարձրացել մի քանի օր առաջ` հունվարի 28-ին, երբ Հայաստանը նշում էր բանակի տարեդարձը: «Ընկերներով առիթ ենք փնտրում, որ վանք գնանք: Ծնունդ լինի թե այլ առիթ, վախ չկա: Եթե ստացվում է` մեքենայով, եթե չէ` ոտքով, դե մեր գյուղից մեկ կիլոմետր է մինչև Խորանաշատ, գնում ենք: Մի քիչ ռիսկային է սրբատեղի տանող հիմնական ճանապարհը, բայց եթե մառախուղ է, հակառակորդի համար տեսադաշտը` փակ, այդ ճանապարհով ենք գնում, եթե չէ, անտառամիջով»,- ասում է Արմենը` ավելացնելով, որ գյուղ այցելած հյուրերին մեծ սիրով Խորանաշատ է ուղեկցում:

Վանքի զորությանը Չինարիում անվերապահորեն հավատում են: 1994 թ. մարտի 28-ին հակառակորդը կրակ բացեց Խորանաշատի ուղղությամբ, կռիվը բարձունքի` Տանձուտի գրավման համար էր: Չինարեցի Սեյրան Պետրոսյանը հենց այստեղ վիրավորվեց` վանքի մոտ: Այն ժամանակ նա 33 տարեկան էր, կորցրեց ոտքը: «Երևի վանքը պահեց, որ փրկվեցի»,- տարիների հեռվից ասում է Սեյրանը, որ ի հեճուկս հակառակորդի` ընտանիքը մեծացրեց. երեխաներ, թոռներ:

1624259_695075363848389_1881792128_nՀին հայկական վանքը գերեվարած հակառակորդի դեմ հիմա պայքարում են` ապրելով 7 հոգանոց ընտանիքով, հենց վանքի տակ:  Հունվարի 28-ը Արմենի հետ միասին Խորանաշատում է նշել նաև Սեյրան Պետրոսյանի որդին: Սահմանապահ ընտանիքը հակառակորդի մասին չի էլ հիշում, երբ խոսքը հայրենի Չինարիում մնալուն է վերաբերում, միայն թե ջահելների համար գործ լինի: Ամիսը 2-3 անգամ Խորանաշատ ուխտի գնալը գյուղի ղեկավարի համար պարտադիր է:

Ամեն տարի մայիսին Խորանաշատում հայրենասեր չինարեցիները շաբաթօրյակ են հայտարարում: 15-20 հոգով, ձեռքներին սղոց, գերանդի, եղան, գնում մաքրում, բարեկարգում են սրբավայրն ու նրա տարածքը: «Իհարկե, մեզ շատ են օգնում զինվորական հերթապահություն իրականացնող մեր տղաները:  Անցած տարի ցեմենտ, ավազ էինք հետներս տարել, որոշ հատվածներ ամրացրինք, ընկած քարերը տեղը դրեցինք, մոշի, մասրենու ճյուղերը կտրեցինք, 30 զինվոր էլ մեզ հետ` մաքրեցինք վանքը, տարածքը»,- ասում է Սամվել Սաղոյանը` հավելելով, որ սառնորակ ջուրը 1962-ին վանքի մոտ է հասցրել իր պապը:

Աղբյուրի մոտ հետագայում Սամվել Սաղոյանը ծածկ է ավելացրել, որ ուխտավորները նստելու, մատաղի հնարավորություն ունենան: Չինարիի գյուղապետը հիշում է, որ Խորանաշատում մինչև կռվի տարիները, հատկապես` մայիսի 1-ին  ու  9-ին, մեծ տոնախմբություններ էին կազմակերպվում: Ներկա էին լինում Շամշադինի բոլոր գյուղերի բնակիչները, նաև տարածաշրջանից, Ադրբեջանից` Ալիբեյլիից, Աղդամից ու Ջիրդախանից էին հյուրեր գալիս: «Ես հազար ասեմ, դու երկու հազար ասա, ամբողջ ժողովուրդը հավաքվում էր վանքի մոտ, Խորանաշատում հոգևոր վերազարթոնք էր: Զուռնա-դհոլով ազգային կոխի մրցումներ էին կազմակերպվում, փահլևաններ էին գալիս, երգ, պար, այդպես էինք նշում Աշխատավորության միջազգային օրն ու Մեծ հայրենականի փառավոր հաղթանակի տոնը»,- հիշում է Սամվել Սաղոյանը:

1654988_695074993848426_2124185172_nՏոնախմբության ձայները հիմա չկան, ուխտավորները լուռ են գնում վանք, մոմ վառում, աղոթք անում: Միջնադարյան վանական համալիրը հատկապես առաջին գծում ծառայություն իրականացնող զինվորների աղոթատեղին է, նրանք այնտեղ սրբապատկերներ են տարել, հաճախ են մտնում, վառում խաղաղության հանգած մոմերն ու դուրս գալիս` նվիրական պարտքը կատարելու:

Տեր Արամ քահանա Միրզոյանին հոգևոր կրթության, իսկ հետո ծառայության է մղել հայրենի գյուղի դարերին դիմակայած հոյակերտ սրբատեղին: Իր երազանքներից մեկն էր, որ գյուղի ու տարածաշրջանի ծնունդ-կնունքները, պսակները, եկեղեցական տոները անցկացնի Խորանաշատում, որն այսօր գերեվարված է հակառակորդի կողմից: «Առանց Խորանաշատի հնարավոր չէ պատկերացնել հայ միջնադարյան պատմագիտական միտքը: Խորանաշատը գրչության կենտրոն էր, վանքն ունեցել է ժամանակի չափանիշներով գործող համալսարան, հիմնադիրը Մխիթար Գոշի աշակերտներից է` Վանական Վարդապետը: Խորանաշատում ուսանել են Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մաղաքիա Աբեղան, Ատեփանոս Աղթամարցին, շատ այլ նշանավոր դեմքեր»:

Խորանաշատի պատմական նշանակությունն ընդգծելիս Տեր Արամը շարունակում է, որ երբ Հռոմի պապը նամակ է ուղարկում հայոց կաթողիկոսին (որի ժամանակ կաթողիկոսության նստավայրը Սիս քաղաքն էր), հայերի դավանանքի փոփոխության վերաբերյալ, որ հայերը կաթոլիկություն ընդունեն, հայոց կաթողիկոսը Խորանաշատի առաջնորդին` Վանական Վարդապետին է հանձնարարում հայտնել հայերի ու կաթողիկոսության պաշտոնական դիրքորոշումը: Բացի այս հատկանշական պատմական փաստից, Խորանաշատը Մատենադարանին պահ է տվել մոտ 12 ձեռագիր մատյաններ, այդ թվում` ծաղկած ձեռագրեր:  Այս բացահայտումները տեղ են գտել  Տեր  Արամի ավարտաճառում: Տեր Արամն ուխտ էր արել, որ իր պսակադրությունը պետք է կատարվի հայրենի գյուղի սրբավայրում: «2006 թ. օգոստոսի 23-ին զինվորների ուղեկցությամբ գնացինք,  մեր հարսանեկան արարողության ավտոմեքենան հրամանատարի զինվորական վիլիսն էր, բարձրացանք Խորանաշատ, և կայացավ իմ պսակադրությունը: Իհարկե, ռիսկը շատ մեծ էր, և կարող էին մեզ արգելել, բայց երազանքս իրականացավ: Երբ արդեն վերադառնում էինք,  հրամանատարը` Թեմուր Շահմանզարյանը, ասաց, որ այսօր մենք հաղթեցինք թշնամուն»,- նշում է Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվը:

1654496_695074820515110_413693256_nXIII դարի առաջին կեսին կառուցված պատմական այս կոթողն այժմ խոնարհված է: Տեր Արամը վստահ է, որ եթե չլինի անվտանգության հարցը, միջոցներ կհայթայթեն կիսավեր վանքը վերականգնելու համար: Խորանաշատի շուրջը կարկուտի պես ռումբեր են պայթել ու շարունակում են պայթել, սակայն Աստծո պահպանությամբ Խորանաշատն անվնաս է մնում…

Վիքիպեդիայի «Հիմնական տեղեկություններ» բաժնում Խորանաշատի կարգավիճակի մասին գրված է` չգործող: Այս ցավալի իրականությունը փորձում են փոխել չինարեցիները` ռիսկի դիմելով, բայց հասնելով Խորանաշատ, պատարագ չլսելով, բայց մոմ վառելով, լուռ, բայց կիսավեր գմբեթից առ Աստված աղոթք բարձրացնելով:

Հավատավոր գյուղացիները վստահ են` քանի կանգուն է Սուրբ Խորանաշատը` կանգուն կլինի նաև Չինարին: Բնությանը ձուլված վանքի փրկության,  սրբավայրի հոգևոր զարթոնքին սպասող չինարեցիները հավատում են, որ մի օր կվառվեն Խորանաշատի բոլոր հանգած մոմերը…

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անկախ

Tags: , , ,