Պարտադիր կուտակայինը` սպառնալիք պետություն-գործատու-աշխատող եռամիասնությանը

IMG_3139Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դառը պտուղներն աստիճանաբար հասնում են աշխատող քաղաքացիներին: Եթե ամիսներ առաջ դա միայն տեսականորեն էր վատը, այսօր արդեն մարդիկ սեփական կաշվի և դրամապանակի վրա են զգում պարտադիր կուտակայինի հետևանքները: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ երկուշաբթի օրվանից մայրաքաղաքում սկիզբ առան բողոքի ակցիաներ աշխատանքային տարբեր կոլեկտիվների կողմից: Առաջին քայլն արեցին «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները` հայտարարելով, որ գործադուլ կանեն, եթե իրենց իրավունքները չվերականգնվեն:

3B7C2956-469D-4768-9651-DA2553AE57F5_mw1024_n_sԴեռ երկաթուղայինների կրքերը չհանդարտված` նույն օրը երեկոյան բողոքի նոր ալիք բարձրացավ մայրաքաղաքի սրտում:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները ներկայացումից մեկ ժամ առաջ հայտարարեցին, որ բոյկոտում են «Անուշը»: Ներկայացումը տապալվեց` հանուն աշխատանքային իրավունքների:
Հատկանշական է, որ այդ քայլն ըմբռնումով ընդունեցին և անգամ ողջունեցին «Անուշի» տոմսեր ձեռք բերած և այդպես էլ այն չվայելած քաղաքացիները:
Սակայն զարմանալին այն էր, որ երբ հաջորդ օրը թատրոնի մուտքի մոտ մի քանի ժամ շարունակ մի խումբ լրագրողներ փորձում էին պարզել, թե ինչ ժողով է ներսում թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի և մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի մասնակցությամբ, նախորդ օրը ակցիային բուռն կերպով իրենց իրավունքները պաշտպանող արտիստները դուրս էին գալիս օպերայի շենքից` խոսքները մեկ արած փախչելով տեսախցիկներից ու ձայնագրիչներից: Նրանցից ոմանք, այնուամենայնիվ, համարձակություն ունեցան ասելու, որ պարտադիր կուտակայինի դեմ պայքարը շարունակելու են: Իսկ շատերը խուսափեցին մանրամասներ հաղորդել տեղի ժողովից` պատճառաբանելով, որ դրանք իրենց ներքին խնդիրներն են:
Ընդհանրապես, այս ամենի մեջ ընդգծվեց մի շատ կարևոր հանգամանք. պարտադիր կուտակայինի դեմ պայքարը վերածվեց ավելի լայն աշխատանքային իրավունքների պայքարի: Օրինակ` երկաթուղայինները կուտակային կենսաթոշակային վճարումների համար պահումներից բացի, բարձրացրեցին նաև արտաժամյա աշխատանքների համար վարձատրության և մի շարք այլ հարցեր: Օպերայի արտիստների դեպքում էլ պարտադիր կուտակայինն ընդամենը վերջին կաթիլն էր, որ լցրեց աշխատանքային մի շարք խնդիրներից տարիներ շարունակ դժգոհ աշխատակիցների համբերության բաժակը: Ինչպես արտիստներից մեկը նշեց. «Կենսաթոշակայինն այդ խնդիրների շատ փոքր մասն է»:
Իսկ որո՞նք են մյուս խնդիրները: Մեր տեղեկություններով` աշխատավարձերի հարցը թատրոնում բարձրացել է դեռևս նախորդ տարվանից: Բարձրացում եղել է, սակայն չի հասել աշխատողին, և աշխատակիցները հասկանալով, որ կրկին խոստացված բարձր աշխատավարձի փոխարեն ստացել են դեռ մի բան էլ պահումներով աշխատավարձ, ներկայացումից մոտ մեկ ժամ առաջ միավորվել են և որոշել բոյկոտել այն:

Լրագրողների հետ ճեպազրույցում ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը պարզաբանեց, որ իսկապես հունվարի 1-ից 20 տոկոսով աշխատավարձերը բարձրացրել են, բայց դեռևս չեն հասել աշխատողներին, քանի որ կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք լուծելուց հետո աշխատակիցները հունվարի աշխատավարձերի բարձրացված մասը կստանան փետրվարի աշխատավարձի հետ միասին: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ խնդիրները սրանով չեն ավարտվում: Կան նաև այլ խնդիրներ, օրինակ` արտերկիր հյուրախաղերի մեկնելու նպատակով հատկացվող գումարներից պահումները և այլն:

Արտիստները շատ փակագծեր չեն բացում` կրկնելով, որ իրենց խոհանոցային հարցերն առայժմ չեն ուզում դարձնել հանրության քննարկման առարկա: Բայց այն, որ դրանց մասին բարձրաձայնվում է գոնե ղեկավարության մակարդակով, արդեն իսկ ողջունելի է:

IMG_3148-1024x768Բողոքի երրորդ ալիքը պայթեց չորեքշաբթի օրը` Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց, որտեղ մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ` ղեկավարությունից պահանջելով հետ վերադարձնել իրենցից պահված գումարները:

arm139222706422Հինգշաբթի օրը բողոքին միացան Հայաստանի Էլեկտրական ցանցերի-ի աշխատակիցները` կրկին պահանջելով հետ վերադարձնել իրենցից պահված գումարները:

Նշենք, որ բողոքի բոլոր ակցիաներին ակտիվորեն սատարում էին «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, որոնք ողջունում էին նրանց քայլը և հորդորում մինչև վերջ տեր կանգնել իրենց իրավունքներին:
Ակտիվիստների կոչն ուղղված էր նաև գործատուներին` լսե՛լ աշխատակիցների ձայնը, գնալ նրանց ընդառաջ, որովհետև միայն բավարարված և գոհ աշխատողը կարող է աշխատել պատշաճ և օգուտ բերել ընկերությանը:

Իսկ ի վերջո, որտե՞ղ են աշխատողներից գանձված գումարները: Այս հարցին և՛ երկաթուղայինների արհիմության նախագահը, և՛ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարը, և ՀԷՑ-ի լրատվական բաժնի ղեկավարը պատասխանեցին, որ դրանք չեն փոխանցվել կենսաթոշակային հիմնադրամներին, այլ պահվում են աշխատավայրում կամ հատուկ հաշվեհամարի վրա: Այս ապօրինությունը նրանք բացատրեցին աշխատողներին հետագա ավելի ծանր բեռից ազատելու «մարդասիրական» մոտեցմամբ:

Ոչ միայն զարմանալի, այլև անընդունելի է, որ գործատուները տեղյակ չեն, թե իրականում ինչ որոշում է ընդունել Սահմանադրական դատարանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ գործատուների չիմացությունն է՛լ ավելի խորացրեց Կենտրոնական բանկը, որն իր վրա Սահմանադրական դատարանի լիազորություններ վերցնելով` հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Հիմք ընդունելով վերոգրյալը` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` կուտակային բաղադրիչի մասնակիցների` կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն, և հիշեցնում է, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է»:

ԿԲ-ն հորդորեց «ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները թերևս ավելի ծանր լինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:

Այս հայտարարությանը բավականին կոշտ արձագանքեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, որը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ակնարկեց, որ Կենտրոնական բանկը, մեղմ ասած, գերազանցել է իր լիազորությունները. «Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքներին, այլև սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է գնացել, որովհետև որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են: Երկրորդ` նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի, ըստ այդմ էլ կշարժվենք, եթե այսպես լինի, այսպես կանենք: Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշատավարձերից միանգամից պահումներ կատարել: Այդպիսի իրավունք ոչ մեկին տրված չէ»,- ասել էր ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:

Այսքանից հետո մնում է գործատուներին հիշեցնել մի շատ կարևոր պարտավորություն, որը չկատարելու դեպքում օրենքով ենթարկվում են տուգանքի. եթե գործատուն աշխատողի աշխատավարձը կամ դրա մի մասը ամսի 15-ից ուշ է վճարում, ապա չվճարված մասի 25 տոկոսի չափով տուգանք պետք է վճարի պետությանը: Սա արդեն որևէ կապ չունի այն բանի հետ, թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական դատարանը: Հետաքրքիր է` գործատուները հաշվի առե՞լ են այս հանգամանքը և պատրա՞ստ են արդյոք այդ երեք ամսվա պահումների դիմաց այդքան տուգանքներ վճարել հարկայինին:

arm138727273231Ակնհայտ է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային «բարեփոխումները» լուրջ սեպ են խրում պետություն-գործատու-աշխատող առանց այդ էլ լարված հարաբերություններում` սպառնալով վերջնականապես պառակտել: Այս ամենը նաև հույս է ներշնչում, որ Սահմանադրական դատարանը կգիտակցի իր դերը և կկայացնի սահմանադրական որոշում` հակասահմանադրական համարելով օրենքի պարտադիր բաղադրիչը:

 

Անի Գասպարյան

Անկախ

Tags: , ,