Ինչո՞ւ ոչ ոք տաքսիստներին չի սիրում, անգամ` ԱՊՊԱ-ն

taxi-1Որքան ժամանակ է` չեմ օգտվում տաքսի ծառայության ավտոմեքենաներից, նախընտրում եմ անհատ տաքսու վարորդների հետ երթևեկել: Պատճառները մի քանիսն են. նախ` ավտոմեքենաների մեծ մասի անսարքությունն այնքան ակնառու է, որ թվում է` ուր որ է ավտոմասերն իրարից կանջատվեն, ու մեքենան կտոր-կտոր կլինի, ավտոմեքենայի խցիկը, մեղմ ասած, ոչ հիգիենիկ վիճակում է, կեղտոտ, տհաճ հոտով ու ծխախոտի ծխով պատված, իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև տաքսի ծառայության հեռախոսավար-օպերատորների ականջ ծակող, մեկ-մեկ էլ մուննաթով և վարորդների նկատմամբ ակնհայտ ճնշման գործադրմամբ հրահանգները, որոնք ստիպված ես լսել, ապա միանգամայն բնական է, որ չցանկանաս այլևս օգտվել այդ ծառայություններից: Եթե նախկինում այս ամենը քաղաքացին ստիպված էր տանել` հաշվի առնելով, որ տաքսի ծառայության ընկերությունների գները, անհատների տաքսի ծառայության գների համեմատ, ավելի մատչելի են, ապա այսօր այդ տարբերությունը գոյություն չունի, ավելին,` երբեմն անհատ տաքսու վարորդները նույն տեղն ավելի էժան են հասցնում:
Այս տեմպերով շարունակվելու դեպքում տաքսի ծառայության ընկերություններն աստիճանաբար կզիջեն դիրքերը անհատ տաքսու վարորդներին` դուրս մղվելով շուկայից:

Հասկանանք` ինչու է ստեղծվել այս իրավիճակը:
Բանն այն է, որ Ազգային ժողովի նախորդ տարվա վերջին նիստերից մեկի ժամանակ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտում կատարվող բարեփոխումները: Առաջին ընթերցմամբ ընդունվեցին փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքներում, համաձայն որոնց հեշտացվում է ոլորտում գործունեություն իրականացնելը, և վերանում են բիզնեսին խանգարող մի շարք պահանջներ, անօրինական գործունեության համար էլ բարձրացվում է տուգանքների չափը: Մասնավորապես, այս բիզնեսով զբաղվելու իրավունք վերապահվեց նաև ֆիզիկական անձանց, որոնք փոխադրումներ կարող են իրականացնել մեկ ավտոմեքենայով: Սահմանվեցին ավտոմեքենայի կահավորմանը ներկայացվող պահանջները, հանվեցին վարորդների ամենօրյա բուժզննման և մեքենաների ամենօրյա տեխզննման պահանջները: Օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ սահմանվեց, որ ֆիզիկական անձինք ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վճարում են պետական տուրք, ինչի մեջ ներառված է նաև արտոնագրային վճարը: Եթե տաքսիները մինչ այժմ դեղին համարանիշները պարտավոր էին ձեռք բերել ամբողջ տարվա համար և վճարումն էլ կատարել միանվագ (ամսական 17.500 դրամ), ապա այսօր սպիտակ ինքնակպչուն ժապավենները կարող են ձեռք բերել իրենց ցանկացած ամիսների համար` վճարելով ամսական 12 հազար դրամ:

Այս ամենի արդյունքում անհատ տաքսիստների հարկային բեռն անհամեմատ ավելի նվազեց, մինչդեռ տաքսի ծառայութան սեփականատերերը, լիցենզավորման գումարներից բացի, պարտավոր են վճարել եկամտահարկ, արտոնագրային վճար և այլ վճարներ:

Տաքսի ծառայության սեփականատերերից մեկի խոսքով` ամեն վարորդի համար իրենք ամսական վճարում են 30-40 հազար դրամ: Ուստի, երկու դրույքաչափով վարորդ չեն պահում: Պարզ է, որ մեկ վարորդը, որն աշխատում է տաքսի ընկերությունում 50-50 ձևաչափով, ստիպված է օրնիբուն աշխատել, որպեսզի վճարի սեփականատիրոջ հիսուն տոկոսը, մի բան էլ իրեն մնա:

big_1a725948e«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որ միաժամանակ Հանրային խորհրդի տրանսպորտի հարցերի ենթահանձնաժողովի նախագահն է, կարծում է, որ տեղի ունեցած վերջին բարեփոխումներն էլ ավելի վատացրին ոլորտը. «Իրավիճակը փակուղի է մտել: Ապահովագրական կազմակեպությունները հայտարարում են, որ տաքսի ընկերությունների ավտոմեքենաները չեն ապահովագրում, քանի որ ռիսկային են: Դա, իհարկե, օրենքի խախտում է, բայց պետք է հասկանալ նաև այդ ապահովագրական ընկերություններին»:

Ի դեպ, ապահովագրական ընկերություններից մեկի գործակալը մեզ հետ զրույցում ասաց, որ երբ էլեկտրոնային պայմանագիրը կազմելիս լրացնում է այն հատվածը, որտեղ նշված է` տաքսի ծառայության ավտոմեքենա, վերջում ծրագիրը թույլ չի տալիս պայմանագիրը հաստատել, տեխնիկական խոչընդոտ է ի հայտ գալիս: Գործակալի խոսքով` որևէ պաշտոնական բացատրություն չկա, սակայն իրենք գիտեն, թե բանն ինչ է:

Երբ վարորդների բողոքների հիման վրա «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը դիմել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, որն իրականացնում է ապահովագրական գործընթացի վերահսկողություն, ապա զրուցել է մի շարք ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ, նրանց կողմից նույնպես մի շարք հարցեր են բարձրացվել. «Ապահովագրական ընկերությունները շատ ճիշտ են նկատել, որ տաքսի սերվիսների, ուղևորափոխադրող կազմակերպությունների վարորդներն աշխատում են ութ ժամից ավելի և շաբաթական սահմանված քառասուն ժամը գերազանցում են մի քանի անգամ: Տաքսի ծառայություններում նույնիսկ «սուտկա» հակացողություն կա: Դրա հետևանքն այն է, որ երթևեկության կանոնները խախտվում են ամեն րոպե, և ապահովագրական ընկերություններն էլ չեն ուզում ռիսկային պայմանագրեր կնքել»:

Տիգրան Հովհաննիսյանը ո՛չ տաքսու վարորդներին է մեղադրում, ո՛չ էլ ապահովագրական ընկերություններին: Ասում է` կան խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան: «Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, սակայն այսօր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը արտասահմանից գրանտներ է ստանում օրենքները կտրտելու համար. եկել-հասել են տրանսպորտի ոլորտին, որոշել են բուժզննում, տեխզննում դրույթները կտրել-հանել: Այսինքն` վարորդներն անվերահսկելի վիճակում են վարում մեքենաները»:

Ճիշտ է` նախկինում օրենքով պարտադրված վարորդների բուժզննման և մեքենաների տեխզննման դրույթները նույնպես չեն կատարվել, այլ ընդամենը ձևականորեն թղթեր են լրացվել, սակայն Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է քայլեր ձեռնարկվեին այդ դրույթների իրականացումը վերահսկելու կամ թևթևացնելու ուղղությամբ, ոչ թե ընդհանրապես օրենքից հանեին: (Ի դեպ, Օրենսդրության ազգային կենտրոնի կարգախոսը հետևյալն է` կտրենք միասին:)

Տիգրան Հովհաննիսյանը, օրինակ, առաջարկում է բուժզննումը ոչ թե ամեն օր իրականացնել, այլ գոնե մեկ-երկու ամիսը մեկ կամ էլ լիցենզիա տալուց առաջ. «Չիմանա՞ս` էդ մարդն ի վիճակի է տաքսու վարորդ աշխատել` թե չէ, ինֆարկտի ենթակա է` թե չէ, տեսողության խնդիներ ունի, չունի: Ո՞նց կարելի է` ում պատահի թուղթը տաս, ասես` քշի: Հեշտացում պետք է լինի, բայց ոչ անվերահսկելի իրավիճակի և աշխատանքային օրենսգրքի պահանջները խախտելու հաշվին»:

Նրա խոսքով, կան մարդիկ, որոնք իսկապես սիրում են այդ գործը և բարեխղճորեն են կատարում, բայց երբ ոլորտում հայտնվում են ամեն տիպի մարդիկ` ընդհուպ քրեական անցյալ ունեցող, թմրամոլ ու հարբեցող, արդեն նորմալ վարորդներին էլ են ծուռ աչքով նայում:

Այո, կար ժամանակ, երբ տաքսու վարորդ լինելը ոչ միայն եկամտաբեր գործ էր, այլև պատվաբեր: Մարդիկ հպարտությամբ էին այդ գործն անում, քանի որ գիտակցում էին դրա պատասխանատվությունն ու լրջությունը: Այսօր մարդ տեղափոխելը որոշ վարորդների համար չի տարբերվում, ասենք, մի պարկ կարտոֆիլ կամ կաղամբ տեղափոխելուց: Կարևորը` մարդը նստի, իսկ տեղ հասնելը կախված է վարորդի ինքնազգացողությունից, տրամադրությունից, նյարդային համակարգից, անգամ լսած երաժշտությունից…

 

Անկախ

Tags: , , , ,