Փետրվարի 23-ին Ֆրանսիայի Նիցա քաղաքում կկայանա 2016-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խմբային փուլի մրցաշարերի վիճակահանությունը, սակայն դեռևս հապաղում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչի ընտրության հարցում: Դա շահավետ է, քանի որ, եթե աշխատող չկա, ապա կարելի է փող խնայել: Փաստն այն է, որ եթե հավաքականի գլխավոր մարզիչ չկա, ուրեմն ազգային ընտրանի լինել չի կարող: Թերևս սպասում են, թե մերոնք ինչ խմբում կհայտնվեն, որպեսզի ըստ այդ էլ որոշվի` արժե՞ բարձրակարգ, հետևաբար բարձր վարձատրվող մարզչի հրավիրել, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետագա ճակատագրին, ապա շարունակ խոսվում էր, որ նա կարող է աշխատանքի անցնել ռուսական, ղազախական որևէ ակումբում, սակայն նա այդպես էլ որոշակի ոչ մի գործարքի շուրջ անգամ չբանակցեց:
Մի շարք երկրներում վերսկսվել են ֆուտբոլային առաջնությունները, մյուսներում էլ առաջիկայում են սկսելու, և օրեցօր սահմանափակվում է մեր երկրի հավաքականի թեկնածու մի շարք ֆուտբոլիստների` նոր թիմ գտնելու հնարավորությունը: Ովքեր որոնումների մեջ են, պետք է շտապեն, հակառակ պարագայում կարող են անգործ մնալ, պարապուրդի մատնվել:
Հեշտ չէ նաև բարձրակարգ թիմերում հայտնվածների ճակատագիրը:
Լավ է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղում երկու գնդակ խփեց Բրեմենի «Վերդերի» դարպասը: Նրա թիմը հաղթեց 5:1 հաշվով, Մխիթարյանն էլ վերջ դրեց իր գոլ խփելու տևական «երաշտին» և ընթացիկ առաջնությունում 5-րդ անգամ ստիպեց մրցակիցներին իրենց դարպասը գնդակ ընդունելուց հետո խաղը վերսկսել կենտրոնից: Այդուհանդերձ, նա պետք է փորձի դրսևորել իրեն: Գերմանացիները հաշվենկատ են և շատ են խոսակցությունները, որ թանկ գնով ձեռք բերած Մխիթարյանն իր խաղով դեռևս հեռու է սպասումներն արդարացնելուց:
Փոխարենը շատ գոհ են Մոսկվայի սպարտակցիներն Արազ Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի խաղից: Ընդ որում, վերջինիս ցանկանում են իրենց թիմերում տեսնել անգլիական մի շարք ակումբների ղեկավարներ: Յուրան էլ չի թաքցնում, որ ձեռնտու առաջարկների դեպքում կարող է նաև այդ ուղղությամբ մտածել:
Լևոն Հայրապետյանը, որ Հայաստանի հավաքականի կազմում խաղի ժամանակ ստացած վնասվածքն ապաքինելուց հետո երկար ժամանակ է` չի կարողանում հունի մեջ մտնել, դասավորել իր մարզական գործունությունը, փորձում էր հաստատվել Գերմանիայի Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ում, անգամ ոչ ուժեղ ֆուտբոլի առաջնություններ ունեցող երկրների թիմերում (ղազախական «Իրտիշ», «Ակտոբե»), ստուգողական շատ խաղերի է մասնակցել, բայց առայժմ ոչինչ չի ստացվում: Ցավալին այն է, որ չեխական «Պրիբրամի» կազմում անցկացրած խաղի ընթացքում նա նոր վնասվածք է ստացել:
Գևորգ Ղազարյանն էլ երկար դեգերելուց հետո վերադարձավ Դոնեցկի «Մետալուրգ»:
Իսկ Արթուր Սարկիսովը Եկատերինբուրգի «Ուրալի» կազմից դուրս մնալուց հետո ճարահատյալ վերադարձել և մարզվում է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» խաղընկերների հետ:
Իսկ ահա Մարկոս Պիզելին գոհ է, որ ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է ղազախական «Ակտոբե»: Հայաստանի հավաքականի մարզազգեստը կրող բրազիլացի ֆուտբոլիստը ֆինանսական առումով ձեռնտու աշխատանքային պայմանագիր է կնքել: «Կրասնոդարում» նա քիչ էր հանդիպումների մասնակցում, թերևս այժմ ավելի շատ մարզադաշտ դուրս գալու հնարավորություն կունենա և խաղային փորձի պակաս չի զգա:
Tags: սպորտ, ֆուտբոլ