Նարեկ Սարաֆյան. «Բռնությունների աճի մեղավորը հեռուստատեսությունն է»

brnutyun 4Հոգեբանության դոկտորի խոսքով՝ Հայաստանում բռնությունների տեսակները գրեթե ընդհանրական են

«Անկախի» այսօրվա զրուցակիցը` Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Նարեկ Սարաֆյանը, ուսումը շարունակել է Ֆրանսիայում՝ Սորբոնի համալսարանի հոգեբանության կենտրոնում: Այսօր զբաղվում է հոգեվերլուծություններով: Զիգմունդ Ֆրեյդի հետևորդը չէ, բայց նրա մասնավոր հետաքրքրությունը քրեական հոգեբանությունն ու բռնություններն են:
Ասում է՝ Հայաստանում բռնությունների թիվը մոտ 40 տոկոսով աճել է: Իսկ թե ինչով է պայմանավորում այս էական աճը, պարզեցինք զրույցի ընթացքում:

- Պարոն Սարաֆյան, իրո՞ք այսքան աճել են բռնությունները հանրապետությունում:
- Այո՛, աճը բավական զգալի է: Ես այս խնդրով զբաղվում եմ 4 տարուց ավելի: Բռնությունների ուսումնասիրությունը հոգեբանության ամենահետաքրքիր ճյուղերից է և ուշագրավ է իր վերելքներով ու վայրէջքներով: Եվ ահա թե ինչ կասեմ ձեզ. ագրեսիայի առումով մենք, անկախությունից սկսած, միշտ չէ, որ դեպի վեր ենք բարձրանում: Ամեն ինչ սահուն փոխվում է. մե՛կ վերելք, մե՛կ վայրէջք:
1990-ական թթ. սկզբերին թվում էր, թե ամեն ինչ վատ է, որովհետև տարեկան հազարավոր սպանություններ էին արձանագրվում: Նույնն էր թե՛ եվրոպական երկրներում, թե՛ ասենք` Միացյալ Նահանգներում: Բայց նրանց բնակչությունը 10 կամ 20 անգամ ավելի է, և այնտեղ անընդմեջ վայրէջք է արձանագրվում: Եվ ինչն է հետաքրքիր. Ամերիկայում ճգնաժամ եղավ, իսկ բռնությունների հանցագործությունների աճ է՛լ ավելի արձանագրվեց:

- Հայաստանում պատկերը չէ՞ որ մի քիչ այլ է. մենք սովոր ենք մետրոյում հրմշտել միմյանց, քիթումռութ ջարդել երևանյան բանուկ խաչմերուկներում:Ավտոմեքենաներով չենք զիջում մեկս մյուսին: Սրանք բռնություն ենթադրող հանգամանքներ են, չէ՞:
- Միանշանակ: Եվրոպայում պատկերը մի քիչ այլ է: Մարդիկ ակնհայտ ժպտերես են և անհոգ: Եվ այդ անհոգությունից դրդված են դիմում տարբեր տեսակի բռնությունների: Հայաստանում, դժվար է ասել, կա՛մ շատ հարուստ են ապրում մարդիկ, կա՛մ այնքան աղքատ, որ իրենց հոգսերը խեղդում են օղու շշի մեջ: Բնական է, որ այս դեպքում բռնությունները պետք է աճ ունենան: Ոստիկանությունը, պաշտոնական հաղորդագրություններ տարածելով, միշտ չէ, որ իրական պատկերն է տալիս: Հայաստանի տարբեր մարզերում պատկերը շատ ավելի ցավալի է: Ընտանեկան բռնությունները հատկապես վերջին մի քանի տարիներին աճել են: Մարդիկ սկսել են ամենուր ու ամեն ինչից վրդովվել: Դրա պատճառը հուսահատությունն է, մարդիկ ավելի շատ հակված են հանցագործություն կատարելու, քան խաղաղ ապրելու:

- Այո՛, մենք էլ ենք նկատում, որ մարդիկ դաժանացել են, իսկ ե՞րբ են բարիանալու,
լինո՞ւմ է ժամանակ, երբ մարդը բուժվում է ագրեսիայից:
- Անպայման: Դա անմիջապես չի լինում. հաղթողների համար այդ շրջանը շուտ է գալիս, պարտվողների համար՝ ուշ: Եվ այս իմաստով ժամանակին մեր ժողովրդի էյֆորիան և լավատեսությունը պայմանավորված էին լուրջ հաղթանակներով, օրինակ՝ Ղարաբաղյան պատերազմով:
Հետո ոչ մեծ անկում գրանցվեց, այնուհետև հաջորդեցին խաղաղ ու հանդարտ կյանքի լճացման տարիները, երբ հանցագործություններն ավելանում էին, բայց ոչ այնքան արագ, ինչպես 90-ականներին և 2000-ականների սկզբին:
Այժմ ամբողջ աշխարհում տարօրինակ իրավիճակ է. բռնության հանցագործությունները ավելի են աճել: Ամենուր: Եվ տնտեսության ու հանցագործության միջև եղած ուղիղ կապի ավանդական քրեաբանական վարկածն արդեն հերքվում է: Մարդիկ սկսում են հասկանալ, որ հանրության ավելի կամ պակաս անվտանգության համար բազում ու տարբեր պատճառներ կան:

- Ձեր հոգեվերլուծական հրապարակումները հաճախ են տեղ գտնում հեղինակավոր պարբերականներում: Վերջին հետազոտություններն էի ուսումնասիրում ու հասկացա, որ Ձեր թիրախը հեռուստաեթերն է:
- Ես կարող եմ ասել` զանգվածային լրատվության բոլոր միջոցները, բայց առաջին հերթին` էլեկտրոնայինները, ներառյալ ինտերնետը: Որովհետև տպագիր մամուլ հիմնականում կարդում են տարեց մարդիկ՝ ամենաքիչ քրեականացված տարրերը: Իսկ էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցները մի քանի առաքելություն ունեն. դրանք առաջարկում են նույն արժեքներն ու հաջողության նույն չափանիշները, որոնք բնակչության մեծ մասի համար անհասանելի են:
brnutyun 1Ուստի, շատ հաճախ որոշ մարդկանց մեջ միտք է առաջանում, որ պառավին սպանելն ու նրա բնակարանին տիրանալը նորմալ երևույթ է: Մյուս խնդիրն այն է, որ մեզ խաբում են: Անընդհատ ֆիլմեր են ցույց տալիս, որոնք չափազանց քրեական են: Եթերի զգալի մասը քրեական սերիալներ են, որոնք մեծ պահանջարկ ունեն հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում:
Ես հիշում եմ, որ ընկերներիցս մեկը մի քանի տարի առաջ Երևանում սոցիոլոգիական հարցում էր իրականացրել երիտասարդների ու դեռահասների շրջանում: Սոցհարցումը վերաբերում էր հերոսներին: Հարցվածների 80 տոկոսը լավ կյանքը պատկերացնում էր հանցագործության գնով, նրանց համար հերոս կարող էր լինել միմիայն քրեական հեղինակությունը:
Եվ դա շատերի մեջ մի իսկական հեքիաթ է ձևավորում: Այն մարդկանց համար, որոնք չեն հասկանում, որ իրենց ուղղակի հեքիաթ են պատմում, հեքիաթի ու իրականության այդ շփոթն իսկական ողբերգություն է դառնում: ԱՄՆ-ում, ի դեպ, հետազոտությամբ պարզվել է, որ ցածր խավի ամերիկացիների 57%-ը հավատում է, որ կինոն իրականություն է: Օրինակ՝ Նյու Յորքում փլվում են երկնաքերներ, բախվում են ավտոմեքենաներ, և ինչ-որ բան պայթում է: Այսինքն՝ նրանց իրականությունն ու կինոյի, հեռուստահաղորդումների ընկալումը չի տարբերվում: Այդպիսի երևույթ մեզ մոտ էլ կա: Մեկ այլ խնդիր է, որ մեր մարդիկ սովորում են իրենց խնդիրները լուծել ագրեսիվ եղանակներով:

- Ֆիլմերի և սերիալների պատճառո՞վ, որոնք դիտում ենք…
- Իհա՛րկե: Բայց դա չի նշանակում, որ մարդը նայեց հեռուստահաղորդումն ու անմիջապես սլացավ ինչ-որ մեկին ծեծելու: Դա դանդաղ է կատարվում: Եթե մարդը երկար ժամանակ նստած է հեռուստացույցի առջև ու ալիքներն է փոխում, մեծ թվով դիակներ է տեսնում, որոնք իրականում այնքան էլ շատ չեն:
Բայց նա այնքան էլ լավ ծանոթ չէ իրավիճակին հասկանալու համար, որ բոլոր ալիքներով նույն դիակներն են ցույց տալիս: Եվ փողոց դուրս գալով, թշնամական ու վտանգավոր աշխարհի հետ հանդիպման ակամա սպասումով` գիտի, որ կարող է ինչ-որ նենգության հանդիպել, ու նախապատրաստված լինելու համար, համենայն դեպս, ավտոմեքենայի մեջ «պատրաստություններ» է տեսնում: Նորմալ ու բարի մարդիկ փողոց են դուրս գալիս այն զգացումով, որ շրջակա միջավայրը վտանգավոր է, հարկ կլինի պաշտպանվել: Այդ ընկալումը շատ բացասական հետևանքներ է ունենում:

- Մի՞թե ուզում եք ասել, որ խորհրդային «սափրված» նորություններն ավելի նպաստավոր էին:
- Հարցն այն է, թե այդ մասին ինչպես են պատմում: Մի բան է, երբ հրճվանքից ձեռքերը դողում են, քանի որ հաջողվել է բացառիկ հարցազրույց սերիական մոլագարի հետ… Ի դեպ, բացատրություններից մեկը, թե ինչու են Ամերիկայում սերիական մոլագարներն ու մարդասպաններն այդքան շատ, հենց դա է: Նրանք չափազանց մեծ փառքի են արժանանում: Ամերիկացի քրեագետներն ասում են` չի կարելի բացառել այն գաղափարի հզոր ազդեցությունը, որ հանցագործություն կատարելով՝ հերոս ես դառնում:
Եվ պետք է ասեմ, որ մեզ մոտ նույնպես այդ երևույթը դիտվում է: Մարդիկ միմյանց ծեծում են, դա բջջային հեռախոսներով նկարում և տեղադրում են YouTube-ում: Խելամիտ, առողջ դատող մարդու տեսանկյունից դա ինքնամատնագիր է` մատնագիր սեփական անձիդ մասին: Բայց դիտումների ի՜նչ մեծ քանակություն:
Հիշո՞ւմ եք Երևանում ամիսներ առաջ տեղի ունեցած դեռահաս աղջիկների խուլիգանության պատմությունը: Ես այդպիսի բան չէի տեսել անգամ Եվրոպայում: Ագրեսիվության տոկոսը սարսափելի է աճել: Երիտասարդներն ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, ինչը, բնականաբար, վնասում է կրթությունը: Այդ ժամանակ մարդը խախտում է ինքնապահպանությունը՝ լողալով փառքի ալիքների մեջ, քանի որ նրան բացատրել են, որ կայքի դիտումների քանակը ավելի կարևոր է, քան կյանքը:

- Դուք ի՞նչ բաղադրատոմս ունեք, ի՞նչ է պետք անել:
- Գիտեք, Եվրոպայում 60-70-ականներին հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնության և սեքսի քանակն այնքան էր, որքան մեր օրերում: Շատ արագ հեռուստատեսային պրոդյուսերները հասկացան, որ եթե ցանկանում են ապրել մի երկրում, որտեղ երեխաները կարող են հանգիստ զբոսնել, իսկ ծնողներն էլ չտագնապեն նրանց կյանքի համար, ապա հարկ է չափավորել «ախորժակը»:
Հետո էլ գովազդատուները սկսեցին գովազդ չտեղադրել այն ալիքներում, որտեղ երեկոյան ու ամենադիտվող ժամերին շատ են բռնություն ցուցադրում:

 

 

Tags: ,