Մաքսային միությանն անդամակցելու հետևանքները

ավանեսյանՀայաստանը խիստ շտապում է Մաքսային միությանն անդամակցել, այնպես, որ նույնիսկ Հայաստանում ՌԴ դեսպանն է զարմանք հայտնում: Բայց պարզվում է կամ ինչպես մեկնաբանում է ՀՀ փոխարտգործնախարարը, ռուսները ոչ թե զարմացած են, այլ հիացած Հայաստանի շտապողականությունից: Մի խոսքով, մեկնարկը տրված է ու ոչինչ չի կարող ազդել ու գոնե փոքր-ինչ դանդաղեցնել Հայաստանի սլացքը դեպի ՄՄ: Մինչդեռ ոչ փոքր ու բավական կարևոր հարցեր կան, որոնց մասին արժեր գոնե մի քիչ խորությամբ մտածել ու նոր միայն շտապել, եթե մտածելուց հետո շտապելու ցանկությունը նախկինի պես ուժգին լիներ:

Դեռևս հունվարի վերջին էր, երբ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հրապարակավ ՄՄ-ին անդամակցելու հետևանքով Հայաստանում կիրառվող մաքսային տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների վերաբերյալ հայտարարեց, որ ՄՄ անդամ 3 երկրներ եկել են փոխհամաձայնության: Օրինակ` մաքսատուրքի դրույքաչափերի կապակցությամբ, ու բնական է, որ եթե Հայաստանն անդամագրվում է Մաքսային միությանը, դժվար է ակնկալել, որ մենք կկարողանանք փոխել արդեն իսկ պայմանավորված դրույքաչափերը, որոնց մի զգալի մասը ակնհայտ բարձր է Հայաստանում կիրառվող մաքսային դրույքաչափերից:

Հետո պարզ դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով. Մաքսային միությունում, ինչպես այս առումով նշեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ապրանքների մի զգալի խմբի համար կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերը հիմնականում ավելի բարձր են, քան Հայաստանում գործող դրույքաչափերն են: Կան նաև ապրանքներ, որոնց համար ՄՄ-ում գործող դրույքաչափերը նույնն են, ինչ Հայաստանում, կան նաև այնպիսի ապրանքների խմբեր, որոնց համար ՄՄ-ում ավելի ցածր դրույքաչափեր են գործում, քան Հայաստանում:

Ներկայացնելով պատկերը` փոխնախարարը նշեց, որ մենք տարիներ ի վեր ընդունել ենք մի մոտեցում, որով ՀՀ արտաքին առևտրային գործունեությունը հնարավորինս հստակեցված կամ պարզեցված է: Այսինքն` մենք ներմուծման պարագայում ունենք կա՛մ 0, կա՛մ 10 տոկոս մաքսատուրքեր: Մենք չունենք մաքսատուրքի տեսքով հաստատագրված վճարներ, համակցված վճարներ` տոկոս գումարած հաստատագրված վճար, չունենք քվոտավորում, չունենք սակագնային քվոտավորում և այլն:
Ի տարբերություն ՀՀ գործող օրենսդրության, ՄՄ-ում գործող մաքսային օրենսգիրքն ունի ավելի տարբերակված մոտեցումներ: Որոշ ապրանքների համար գործում են որոշակի տոկոսային դրույքաչափեր` ապրանքի մաքսային արժեք գումարած մաքսազերծման համար ինչ-որ տոկոս: Կան ապրանքներ, որոնց մաքսազերծման համար հաշվարկվում է հաստատագրված թիվ, կա տոկոս գումարած հաստատագրված գումար մոտեցումը, կամ մեկ այլ հաշվարկի մեթոդ կա` այսքան տոկոս, բայց ոչ պակաս, քան որոշակի թիվ, մաքսային քվոտաներ և այլն:

Հարց է առաջանում` այդ ապրանքների համար Հայաստանում մաքսատուրքերի բարձրացումը շահավե՞տ է, թե՞ ոչ, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այդ բարձրացումը: Փոխնախարարը նշեց, որ կան ապրանքներ, որոնց մաքսային դրույքաչափերը բարձրացնելը կստեղծի խնդիրներ և՛ արտադրության, արդյունաբերության, և՛ սպառողական գների տեսանկյունից:
«Քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզման, որ այնուամենայնիվ, չնայած սկզբունքին, որոշ ապրանքների համար պետք է արվեն որոշակի բացառություններ, և ՄՄ-ին անդամակցելուց հետո նույնիսկ այդ ապրանքները պետք է շարունակեն ունենալ Հայաստանի այսօր գործող օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերը»,- ասաց փոխնախարարը:

Դրանք այն զգայուն ապրանքներն են, որոնց համար ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի գտնում մաքսատուրքերը բարձրացնել, քանի որ դա մեր երկրի տնտեսության և ընդհանուր առմամբ նաև ապրանքների սպառողական գների, հետևաբար նաև մարդկանց սոցիալական վիճակի վրա կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ:

Ըստ Մաքսային օրենսգրքի` ապրանքների անվանացանկը ներառում է 10 նիշից բաղկացած 11 հազար 353 տող ապրանքներ: Ինչպես տեղեկացրեց Գարեգին Մելքոնյանը, ապրանքների մեծ մասի` շուրջ 60 տոկոսի համար ՄՄ գործող դրույքաչափերը ավելի բարձր են, քան ՀՀ գործող դրույքաչափերը: Մոտ 14,5 տոկոսի համար ՄՄ-ում գործող դրույքաչափերն ավելի ցածր են, 17 տոկոսից քիչ ավելին նույնն է, և շուրջ 2 տոկոսն է, որ այլ մեթոդներով է հաշվարկվում` ոչ միայն տոկոսային, այլև համակցված դրույքաչափեր և այլն:
Ըստ այդմ, թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, կենցաղում ամենօրյա օգտագործվող բազմաթիվ ապրանքներ, ցորենը, բրինձը, ձեթը, բենզինը` 5 տոկոսով և այսպես շարունակ:
Սրանից հետո մամուլում, իսկ հետո նաև հանրային ու հասարակական քննարկումներում և պարզապես առօրյայում բոլորը սկսեցին խոսել սպասվող թանկացումների մասին: Բանը հասավ նրան, որ կառավարության անցյալ շաբաթվա նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ այս խնդրին և «պատվիրեց» էկոնոմիկայի նախարարին հանրությանը համոզել, որ թանկացումներն այնքան էլ «վախենալու բան չեն» և չափազանցված են:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողներին հավաստիացրեց, թե Մաքսային միության անդամակցության կապակցությամբ սպասվող գնաճի այն մեկնաբանությունները, որ տրվում են մամուլով, չեն համապատասխանում իրականությանը. նման բան չկա` իրենք այս կապակցությամբ իրենց գնահատականները տվել են շատ վաղուց` ՄՄ-ին անդամակցելու կապակցությամբ Հայաստանում սպասվող առավելագույն ինֆլյացիան կանխատեսելով առավելագույնը 1,5 տոկոս: Իսկ որպեսզի չհասկացվի, որ եթե մենք անդամակցում ենք ՄՄ-ին, ապա Հայաստանում ինֆլյացիան կլինի 1,5 տոկոս, Վահրամ Ավանեսյանը լրացուցիչ պարզաբանեց, որ եթե ՀՀ-ում ինֆլյացիան պետք է լինի 4 տոկոս, ապա կլինի +1,5 տոկոս` ՄՄ անդամակցության հետ կապված:

«Այն գնահատականները, որ մենք տալիս ենք, թե ապրանքների քանի տոկոսն են թանկանալու ՄՄ մտնելուց հետո, պետք է միշտ իմանանք, որ երբ տոկոսային հարաբերությամբ ասում ենք, որ 11 հազար ապրանքատեսակների 60 տոկոսը Մաքսային միությունում ավելի բարձր մաքսատուրք ունեն, քան ՀՀ-ում, 3 իմաստներով չի նշանակում, թե այդ 60 տոկոս ապրանքները թանկանալու են»,- նշեց նախարարը:

Այնուհետև նա պարզաբանեց, թե որոնք են այդ 3 իմաստները: Առաջին` ապրանքներից ոչ բոլորի մաքսատուրքերն են փոխվելու: Այն ապրանքների մաքսատուրքերը, որոնց ներկրումը ՀՀ կատարվում է այն երկրներից, որոնց հետ մենք ունենք ազատ առևտրի համաձայնագրեր (իսկ դրանք ԱՊՀ երկրներն են, ներառյալ Վրաստանը, իսկ ՄՄ մտնելուց հետո կմիանան նաև այլ երկրներ) և մաքսատուրքերը 0 էին, կմնան 0: Եվ այդ 60 տոկոս ապրանքների մեջ, ասաց նախարարը, մտնում են նաև այդ ապրանքները: Իհարկե` այստեղ նախարարի և փոխնախարար Գարեգին Մելքոնյանի ասածների մեջ հակասություն կա, քանի որ փոխնախարարը, որ նաև ՄՄ անդամակցության աշխատանքային խմբի համակարգող է, նշում էր, որ 60 տոկոս ապրանքատեսակների համար մաքսատուրքերի դրույքաչափերը բարձրանալու են, իսկ չբարձրացողներն այլ խմբի մեջ էին մտնում…

Երկրորդ, ըստ Վահրամ Ավանեսյանի, երբ խոսվում է 11 հազար ապրանքատեսակի մասին, ապա Հայաստանում բոլոր 11 հազար դասակարգիչներով ապրանքներ չեն ներմուծվում. ապրանքախմբերի 10-12 տոկոսը կազմում են Հայաստան ներմուծվող ապրանքների 90-95 տոկոսը:
Իսկ նախարարի ներկայացրած երրորդ պատճառը վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ-ն պատրաստվում է ՄՄ ներկայացնել այն ապրանքների խումբը, որոնք մեր երկրի համար ունեն սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն, և այդ ապրանքների համար մաքսատուրքերի ավելացման հարցում ձեռք բերել բացառություններ: Խոսքն այն զգայուն ապրանքների մասին էր, որոնք նշել էր Գարեգին Մելքոնյանը:
Իսկ թե ինչ կլինի, երբ ակնկալվող բացառությունները Հայաստանը չստանա ՄՄ-ից, ու ինչ պետք է անի կառավարությունը նման սցենարների զարգացման դեպքում, պարզվեց, որ կառավարությունը տվյալ դեպքերում փոխհատուցումներ չի կիրառելու: «Համենայն դեպս, եթե ինձ հարցնեն, ապա դրա պատասխանը միանշանակ ոչ է: Բայց մի բան պետք է նկատի ունենանք` ընդհանուր եթե նայում ենք ՄՄ մտնել-չմտնելուն` այս ապրանքների թանկացումների հետ կապված ես միշտ ասել ու նորից ասում եմ` ՄՄ-ի մտնելու տնտեսական հաշվարկների տեսանկյունից, պետք է միշտ հաշվի առնել, թե չմտնելու դեպքում ինչ էր լինելու: Մենք երբևիցե չենք ասել, թե ՄՄ մտնելով պայմանավորված, ապրանքների վրա մաքսատուրքեր ավելացնելը ճիշտ բան է ՀՀ-ի համար: Դա, ընդամենը, այո, այն բացասական մասն է, որը մենք վերցնելու ենք` մտնելով ՄՄ: Բայց դա շատ ավելի ցածր բացասական էֆեկտ է, քան այն էֆեկտները, որը մենք կունենայինք ՄՄ չմտնելով»,- ասաց Վահրամ Ավանեսյանն ու որպեսզի իր խոսքերն ավելի համոզիչ լինեն, բերեց գազի գնի օրինակը…

Բայց Հայաստանին սպասվող օգուտներն ու վնասները հաշվարկել են ոչ միայն էկոնոմիկայի նախարարությունում, այլև տնտեսական լրագրողները: Իսկ այդ` ավելի մանրամասն հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ապրանքների թանկացման պատճառով մենք տարեկան կկորցնենք 140-150 միլիոն դոլար:

Սա ուշագրավ է նրանով, որ գազի թանկացումը մեզ կբերեր միայն 90 միլիոն դոլարի ֆինանսական կորուստ: Այլ կերպ ասած, որպեսզի Հայաստանի հանրությունը գազի թանկացման պատճառով 90 միլիոն դոլարի կորուստ չունենա, իշխանությունը որոշեց անդամագրվել Մաքսային միությանը: Սակայն այդ որոշմամբ իշխանությունը երաշխավորեց, որ այլ ապրանքներ գնելու համար այդ նույն հանրությունը կվճարի 140-150 միլիոն դոլար լրացուցիչ գումար, որովհետև բիզնեսում պարզագույն սկզբունք է` ապրանքի ինքնարժեքի ցանկացած փոփոխություն ուղղակիորեն փոխհատուցվում է հասարակ սպառողների` ժողովրդի գրպանից:

Tags: , ,