Առաջին ագամ կկայանան Համահայկական ձմեռային խաղեր: Ստուգատեսի ծրագրում 4 մարզաձև է` դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ և տափօղակով հոկեյ: Հոկեյի մրցաշարը կայանալու է Երևանի մարզահամերգային համալիրում, իսկ մյուս մարզաձևերի մրցումների մասնակիցներին հյուրընկալելու է Ծաղկաձորը: Ծաղկաձորում փետրվարի 24-ին ժամը 20-ին կայանալու է խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Համահայկական 5 ամառային խաղեր են անցկացվել, բայց առաջին անգամ է, որ ձմեռային ստուգատես է կազմակերպվում:
Կազմակերպիչները կարևորում են ոչ թե արդյունքը, այլ մասնակցությունը: Նպատակն այն է, որ հնարավորինս շատ սփյուռքի հայրենակիցներ հանդես գան: Նախատեսվում է, որ երկու տասնյակ երկրների շուրջ 300 մարզիկ-մարզուհի մասնակցի խաղերին:
Ինքնին հարց է առաջանում, թե ի՞նչ միջոցներով են կայանալու խաղերը:
Ի դեպ, սկզբում, երբ որոշվել էր համահայկական խաղեր կազմակերպել, նպատակն այն էր, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն անկախ մարմին լինի և ինքնուրույն հոգա բոլոր ծախսերը: Ճանաչված դիվանագետ, վաղամեռիկ Աշոտ Մելիք-Շահնազարյանը, որի մտահղացմամբ են այս խաղերը 1997-ին ծնունդ առել և կյանքի կոչվել (նա Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ է եղել), դա էր համարում առանցքային նպատակը: Բայց այդ սկզբունքային հարցը հետագայում վերանայվեց:
Ի դեպ, նախորդ ամառային խաղերը գրեթե ամբողջովին հովանավորների միջոցներով են կազմակերպվել, և անգամ պետության տրամադրած ֆինանսների մեծ մասը խաղերի ավարտից հետո վերադարձվել է:
Որպես կանոն, մարզիկների փոխադրամիջոցների, մարզական գույքի և հանդերձանքի ծախսերը հոգում են այն կազմակերպությունները, որոնք նրանց գործուղում են:
Կազմակերպիչները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմեռային խաղերն առաջին անգամ են անցկացվելու, խոստացել են լուծել գիշերավարձի, սննդով ապահովման, մարզաբազաների տրամադրման, խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողությունների, մրցումների անցկացման հարցերը: Որպես ընդառաջ քայլ` պատերազմական իրավիճակում գտնվող Սիրիայի մեր հայրենակիցներն էլ ֆինանսական բոլոր խնդիրներում են աջակցություն ստանալու:
Այս ամենը կարգավորվելու է հովանավորների միջոցներով: Իսկ թե ովքեր են նրանք, առայժմ չի հրապարակվում: Ակնհայտ է, որ նպատակ կա ամեն ինչ տեղը տեղին կատարելու:
Նշանակվել է խաղերի հանդիսությունների բեմադրիչ ռեժիսոր` Ռուբեն Հովհաննիսյանը: Ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, նկարիչ-ձևավորողը` Բագրատ Դիվանյանը: Խոսք չկա նաև այն մասին, թե ինչքան փող է պահանջվելու կազմակերպչական աշխատանքի համար: Մինչդեռ դա պետական գաղտնիք չէ, թափանցիկությունն ընդունված կարգ է: Թարմ օրինակ` Ռուսաստանի ներկայացուցիչները հրապարակավ հայտնում են, թե ինչպիսի ահռելի ծախսեր են կատարել ձմեռային ընթացիկ օլիմպիական խաղերը կազմակերպելու համար: Դրանում արտասովոր ոչինչ չկա: Զարմանալի կլիներ, եթե այդ մասին ոչինչ չհայտնվեր:
