Հայ թոշակառուի «ճակատագիրը» նոր անձնագրերով էլ չի փոխվում

կենսաչափական անձնագիր2014 թ. հունվարի 1-ից բոլոր այն քաղաքացիներին, որոնց անձնագրի ժամկետը լրանում է, սովորական անձնագրերի փոխարեն ստանում են կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր: Եթե առաջինը պարտադիր է, ապա երկրորդը` ըստ ցանկության:
Ներկայումս անձնագիրը ծառայում է և՛ որպես ճամփորդական փաստաթուղթ, և՛ երկրի ներսում անձի նույնականացման միջոց, սակայն այժմ այս գործառույթները կբաժանվեն էլեկտրոնային նոր անձնագրի և նույնականացման էլ-քարտի` ID քարտի միջև: 16 տարեկանից բարձր ցանկացած ՀՀ քաղաքացի կունենա էլեկտրոնային նույնականացման քարտ, որը համարվում է քաղաքացիությունն ու ինքնությունը հաստատող փաստաթուղթ և ՀՀ տարածքում կարող է լիարժեք փոխարինել ներկայիս անձնագրերին ու սոցիալական քարտերին: Քարտը կպարունակի տեղեկատվություն քաղաքացու վերաբերյալ և պաշտպանված կլինի անվտանգության հատուկ գործիքներով: Ապագայում այն կարող է նաև ծառայել որպես բժշկական քարտ, վարորդական իրավունքի վկայական, վճարային քարտ:

Նախատեսվում է, որ նոր կենսաչափական անձնագիրը կդառնա ճամփորդական փաստաթուղթ ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք ճամփորդում են ՀՀ տարածքից դուրս:

Նոր անձնագրերի հիմնական տարբերությունն այն է, որ այն իր վերջին էջում պարունակում է չիպ կամ էլեկտրոնային կրիչ, որում զետեղված են քաղաքացու կենսաչափական տվյալները, այդ անձնագրում առկա է նաև տիրոջ մատնահետքը:

Կենսաչափական տվյալներ պարունակող նոր անձնագրի պետտուրքը 25 հազ. դրամ է, իսկ նույնականացման քարտի պետտուրքը` 3 հազ. դրամ: Վերջինս 2014-ից պարտադիր է: Նույնականացման քարտերն աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին և 16 տարին լրացած անձանց առաջին անգամ տրամադրվելու են անվճար:

Ոստիկանությունը տվյալ փաստաթղթերը պարտավոր է տրամադրել 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ավելի կարճ ժամկետում ստանալու համար պետք է լրացուցիչ գումար վճարել: Մասնավորապես, 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալն արժե 20 հազար դրամ, երեք աշխատանքային օրում` 10 հազար դրամ, 5 աշխատանքային օրում` 5 հազար դրամ:

Հասկանալի է` պետության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ենթադրում է Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում, որն էլ իր հերթին պահանջում է նորարարություն տեխնոլոգիաների բնագավառում: Էլկառավարման արդյունավետ ներդրման համար անհրաժեշտ է համակարգի բոլոր մասնակիցների ապահով և անվտանգ նույնականացում, ինչը հնարավոր է նույնականացման համընդհանուր համակարգի ներդրման շնորհիվ:

Իհարկե, այս նոր անձնագրերը տեխնիկապես ավելի բարձր մակարդակի փաստաթղթեր են` ժամանակի և տեխնոլոգիական զարգացման պահանջը: Բայց այս ոլորտում մենք խնդիր ունենք` վճարունակ չենք: Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն երրորդ մարդը համարվում է աղքատ, այսինքն` ամսական ստանում է 37 հազար դրամից պակաս գումար: Ինչ խոսք, 37 հազ. դրամի մեջ 3 և առավել ևս` 25 հազար դրամը` մեծ փողեր են: Այսինքն` գոնե ամեն 3-րդ մարդու համար այդ անձնագրերն ու նույնականացման քարտերը ստանալը լրացուցիչ ֆինանսական դժվարություններ է ստեղծում: Այդպիսի դժվարություններ են ունենում նաև այն մարդիկ, որոնք 50-60 հազ. դրամ աշխատավարձ են ստանում: Այսինքն` նրանք միայն կենսաչափական անձնագիր ստանալու համար պետք է վճարեն իրենց մեկ ամսվա աշխատավարձի կեսը: Ասենք` ավելի բարձր ստացողների համար էլ այդ անձնագրերն ու քարտերը չի կարելի էժան համարել: Էլ չասենք թոշակառուների համար ինչպիսի նոր խնդիրներ կարող են ստեղծվել, որոնք իրենց ամբողջ ամսվա թոշակը կոպեկ-կոպեկ բաշխում են ըստ օրերի, ժամերի, դողում յուրաքանչյուր լումայի համար:

Բայց թոշակառուների հարցում մեկ այլ հանգամանք էլ է ուշադրության արժանի:
Մեր ծանոթ թոշակառուներից մեկը վերջերս փորձում էր նոր անձնագիր ձեռք բերել, վախենում էր, որ հին անձնագրով իր թոշակը չի կարող ստանալ: Վերադառնալով անձնագրային բաժնից` նա նեղսրտած ասաց, որ նոր անձնագրերը շատ թանկ արժեն ու ինքը, ամենայն հավանականությամբ, առանց անձնագրի էլ կյանքին հրաժեշտ կտա, քանի որ այդքան գումար չի կարողանա «կուտակել»: Անձնագրային բաժնում այդ տատիկին` հարևանուհուս, խորհուրդ էին տվել ձեռք բերել ոչ թե նոր ու թանկարժեք անձնագիր, այլ միայն նույնականացման քարտ, որն անհամեմատ ավելի էժան է: Նրան ասել էին, որ դա նրան լիուլի բավարար է, ու շեշտել էին, թե տատիկը հո արտասահման չի գնալու, որ նոր անձնագիրը պետք գա…

Սա, արդեն, «լուրջ» մոտեցում է, որ մի բան է հուշում. թոշակառուներին Հայաստանում կյանքի հաշիվներից կամաց-կամաց հանում են: Երկու տարի առաջ, երբ ամառային արձակուրդն անցկացնում էի Շրի-Լանկայում, այն հյուրանոցում, որտեղ կանգ էինք առել, հանգստացողների 80 տոկոսը Մեծ Բրիտանիայից ու սկանդինավյան երկրներից եկած թոշակառուներ էին: Ընդ որում, եթե երիտասարդներն այնտեղ հանգստանում էին 1-2 շաբաթ, ապա այդ թոշակառուները` հիմնականում 1-1.5 ամիս, այն էլ` 4- աստղանի հյուրանոցում, տուրեր պատվիրելով և այլն: Այսինքն` այնքան թոշակ էին ստանում ու այնքան խնայողութուններ ունեին, որ 1-1.5 ամիս բավականին թանկարժեք ծառայություններից օգտվելը նրանց համար խնդիր չէր: Իսկ մեզ մոտ ասում են` դե թոշակառուն ո՞ւր է գնալու…

Մյուս կողմից` Հայաստանը, համենայն դեպս ՄԱԿ-ի տվյալներով, ծերացող երկիր է, և ոչ հեռու ապագայում թոշակառուները մեր ազգաբնակչության ավելի մեծ հատվածը կկազմեն, քան աշխատունակ ու ոչ չափահաս հատվածները: Այս խնդիրը, որը, ի դեպ, միայն Հայաստանին չէ բնորոշ, արդեն իսկ եվրոպական մի շարք զարգացած երկրներում հայեցակարգային բեկումներ էառաջացրել: Մասնավորապես, Գերմանիայում, որը ժողովրդագրության առումով գրեթե նույն խնդիրներն ունի, ինչ Հայաստանը, ներմուծել են «Ցկյանս ուսումնառություն» եզրույթը: Այսինքն` նրանք այնպիսի համակարգեր են փորձում ներդնել, որոնց արդյունքում մարդը, նույնիսկ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո, կարողանում է վերապատրաստվել, նոր մասնագիտացում ձեռք բերել, կրթություն ստանալ ու շարունակել թե՛ իր, թե՛ երկրի համար բարիքներ ստեղծել: Ու «թոշակառու» բառը, բացի տարիքից, այլ բանի հետ չի զուգորդվում, պետական մարմինները չեն շտապում նրան «դուրս գրել» ակտիվ կյանքով ապրողների շարքից:

Արժե այս մասին մտածել, ու եթե անգամ չես կարող թոշակառուների կարևորությունն ու պիտանիությունը ինչ-որ բանով ընդգծել, գոնե պետք էլ չէ ծանրացնել նրանց առանց այդ էլ ծանր կյանքը: Թե՞ հայ թոշակառուների ճակատագիրն է միշտ լինել երկրորդական, պասիվ` կար ու կարկատան անողի, թոռնիկ պահողի, գուլպա գործողի և նման այլ դերերում:

Tags: , ,