Yboard-րդը և ԱՄՆ-ում հրաշքներ գործող մեր հայրենակիցները

գիտԱյսօր գրեթե դժվար է մեր առօրյան պատկերացնել առանց տեխնիկայի, որն օգնում է ավելի արագ կատարել բոլոր գործողությունները: Իսկ մասնագետներն ու գիտնականները գլուխ են կոտրում՝ նորանոր հրաշագործ սարքեր ստեղծելու համար: Բացառություն չէ նաև Ամերիկայում բնակվող մեր հայրենակից, հայր ու որդի Ռուբիկ և Հայկ Եգորյանների Yboard տեխնոլոգիայի ստեղծումը:
Ռուբիկ Եգորյանն ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը, այնուհետև` Երևանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նախադիպլոմային աշխատանքն ու դոկտորականն իրականացրել է Սանկտ Պետերբուրգում, իսկ այժմ ապրում է ԱՄՆ-ում, մաթեմատիկայի, ֆիզիկայի դասախոս է: Աչքի է ընկել քվանտային քրոմոդինամիկայում և տարրական մասնիկների տեսական ֆիզիկայում: Գրել է 50-ից ավելի հոդվածներ, աշխատություններ և շարունակում է աշխատել ԱՄՆ-ի համալսարանների, դպրոցների համար մոտ 5 դասագրքի հրատարակման աշխատանքների վրա (ևս 5-ն արդեն հրատարակվել են): Մեզ հաճելիորեն զարմացրեց այն նորությունը, որ Հայաստանի նոր վարչատարածքային կառուցվածքի և տեղական ինքնակառավարման համակարգի մշակումները պատկանում են պարոն Եգորյանին:

- Պարոն Եգորյան, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք հենց YBoard էկրաններ ստեղծել:
- Երբ 2006 թ. տղաս՝ Հայկը, ընդունվեց աշխատանքի բարձրակարգ համալսարաններից մեկը՝ MIT-ն, մի քանի ամիս անց նրա գլխում Yboard ստեղծելու գաղափար ծագեց: Առաջարկեց միասին պատրաստել էլեկտրոնային LCD գրատախտակ, որի վրա հնարավոր լինի գրել և եղած տեղեկատվությունը տեղաշարժել ընդամենը մեկ մատի հպումով: Բացի դրանից, այդ էլեկտրոնային գրատախտակը կլինի հզոր համակարգիչ, հեռուստացույց, տեսախցիկ, ֆոտոալբոմ ապահովող սարք, կունենա խաղեր և այլ գործառույթներ ապահովող ինտեգրված գլուխգործոց: Ուստի, 2006-2008 թթ. ուսումնասիրեցինք գաղափարն ու ստեղծեցինք Yboard-ը:
- Մտավախություն չկա՞ր, որ հանրությունը և մասնագետները կարող են բացասական արձագանքել գյուտին:

- Ոչ: Վստահ էինք, որ YBoard-ն իսկական հեղափոխություն կլինի տեխնոլոգիաների և կյանքի բոլոր ոլորտներում: Այնպես, որ 2009 թ-ի նոյեմբերից Yboard-ի գաղափարը վավերագրային փոստով ուղարկեցինք Apple, Samsung, Toshiba, Sharp, Microsoft, Google, HP և այլ հայտնի էլեկտրոնային սարքեր, հեռուստացույցներ և համակարգիչներ արտադրող ընկերություններին և առաջարկեցինք YBoard-ներ ստեղծել: Իսկ 2011 թ. համապատասխան տեսագրություն տեղադրեցինք You tube-ում, որպեսզի այն հասանելի լինի բոլոր արտադրողներին և հասարակության տարբեր շրջանակներին:
- Ի՞նչ է YBoard-ը:
- Այն իր պատից կախվող բարակ և շատ մեծ չափերի Touch LCD էկրան է, որն իր մեջ ընդգրկում է ժամանակակից բոլոր սարքերի գործառույթներն ու կարող է տարբեր հզորությունների լինել: Կարող է կազմված լինել նույն նյութից, ինչից կազմված են, օրինակ՝ այսօրվա թաբլեթները, Touch Screen հեռախոսներն ու համակարգիչները: Սակայն ծրագրային կարգավորման առումով դրանք տարբերվում են միմյանցից: Yboard-ի կառուցվածքի հիմքում ընկած են ֆիզիկական և ինժեներական ոչ պարզ լուծումներ, իսկ էկրանը զգայուն է մատների հպման դեպքում:
- Ի՞նչ դժվարությունների բախվեցիք սարքը պատրաստելու ընթացքում:
- Առհասարակ, ինչ անում եմ, անում եմ մեծ սիրով և ոգևորությամբ: Yboard-ի դեպքում քաջ գիտակցում էի, որ այն նոր հարթություն կտեղափոխի տեխնոլոգիաների զարգացումն ու ավելի կթեթևացնի մարդկանց առօրյա կյանքը: Թերևս միակ դժվարությունն այն էր, որ չունեինք անհրաժեշտ նախնական կապիտալը, որը կօգներ YBoard-ի ֆիզիկական նախատիպը պատրաստելու և զանգվածային արտադրության մեջ ներառելու համար: Դա էր պատճառը, որ YBoard-ի գաղափարը միայն 2009-ից ներկայացրեցինք հասարակությանն ու բոլոր հայտնի և միջոցներ ունեցող ընկերություններին, որպեսզի վերջինները հնարավորինս արագ սկսեն YBoard-ի և դրա տարրատեսակների արտադրությունը:
- Եվ ի՞նչ արձագանք եղավ:
- Արձագանքներ ստացել ենք, սակայն մեծ գումարներ էին հարկավոր: 2010-ից շատ ընկերութուններ սկսեցին արտադրել Tablet-ներ և Smart Phone հեռուստացույցներ: Վստահ ենք, որ մոտ ապագայում լայն վաճառքի դուրս կբերվեն նաև Yboard-ի բոլոր գործառույթներով օժտված գրատախտակ-հեռուստացույց-համակարգիչ-tablet-touch screen սարքերը. իհարկե, տարբեր անուններով:
rubik-yegoryan- Ի՞նչ նպատակ ունի այդ բազմագործառութային սարքը:
- Նպատակը էլեկտրոնային գրատախտակ ստեղծելն է, որի վրա հնարավոր լինի գրել մատով և 2-D, 3-D մանիպուլյացիայի ենթարկել գրած բանաձևերը, տեքստերը, գրաֆիկները, նկարներն ու տեսագրությունները՝ միաժամանակ կիրառելով այն որպես հզոր, մեծ էկրան ունեցող համակարգիչ, հեռուստացույց: Yboards-ը կարող է կիրառվել դպրոցներում, բուհերում, բուժհաստատություններում, հիվանդանոցներում, բանկերում, կառավարական, ոստիկանական, ռազմական կառույցներում, ֆինանսական հաստատություններում, կազմակերպություններում և այլն: Մոտ ապագայում YBoard-ները կներխուժեն մարդու կյանքի բոլոր ոլորտները, բժշկությունն այդ սարքը կտանի այլ բարձր հարթություն, իսկ բժիշկները հեռահաղորդակցմամբ և խորհրդատվությամբ կփոխանակվեն բուժման և վիրահատությունների ընթացքում: Մյուսներն էլ մեծ գումարներ, ժամանակ կտնտեսեն և կլինեն առավել տեղեկացված:
- Այնուամենայնիվ, ի՞նչ վտանգ կամ բացասական կողմ կարող է ունենալ սարքը:
- Դանակը կարող է և՛ հաց կտրել, և՛ մարդ սպանել, բայց որևէ վտանգ չեմ տեսնում: Գիտատեխնիկական առաջընթացը հնարավոր չէ կասեցնել:
- Yboard-ը թա՞նկ հաճույք է, թե՞ յուրաքանչյուր ոք կարող է այն ձեռք բերել:
- Սկզբում սարքը շատ թանկ չի լինի, հետագայում բոլորին հասանելի և մատչելի կլինի:
- Ո՞ր երկրներն են հետաքրքրված Եգորյանների գյուտով:
- Շատ երկրներ: Այսօր աշխարհի բոլոր հայտնի ընկերություններն էլ զբաղվում են YBoard-ի իրենց տարատեսակների ստեղծման ծրագրերով:
- Բացի Yboard-ից, ունե՞ք նաև այլ ծրագրեր:
- Եթե ֆինանսավորող գործընկերներ հայտնվեն, մտադիր եմ ստեղծել Yboard-ի մեծ ընկերություն, որը կզբաղվի YBoard գաղափարի զարգացմամբ, ինչը, կարծում եմ, ժամանակի ընթացքում կարող է դառնալ Apple-ի կամ Google-ի պես հայտնի ընկերություն: Մեծ է ցանկությունս օգնել Հայաստանի բոլոր դպրոցներին՝ ուսուցման ամբողջ համակարգը թվայնացնելու համար, եթե, իհարկե, Հայաստանի կառավարությունը ցանկանա և անհրաժեշտ գումարներ տրամադրի Հայաստանի դպրոցներին:

- Այսօր գրեթե ամեն ինչ կա, բացի ինչի՞ց:
- Այսօր գրեթե ամեն ինչ պակասում է, քանզի կյանքից միշտ ցանկանում եմ վերցնել ավելին, բայց միշտ ժամանակի և ծրագրերի կենսագործման համար ֆինանսական պակաս եմ զգում:
- Իսկ ավելցո՞ւկ…
- Ավելցուկ են մտքերը, գաղափարները, որոնք ամեն վայրկյան հայտնվում են իմ գլխում, բայց ոչ բոլորն են հասցնում իրականություն դառնալ հայտնի պատճառներով:
- Ինչպե՞ս կարող է մարդը երջանկանալ և երջանկացնել:
- Երջանկանալ կարող ես՝ լիարժեք դարձնելով կյանքի երեք ոլորտները՝ միտքը (ինտելեկտը), զգայականն ու հաղորդակցայինը, իսկ երջանկացնել կարող ես միայն սիրով, արիությամբ, պարզությամբ, համեստությամբ և մարդկային դրական էներգիայի փոխանցմամբ: Ես ինձ համարում եմ հաջողակ և երջանիկ մարդ:

 

Ելենա Չոբանյան

Անկախ

Tags: , ,