Գործարարության մեջ կանանց ներուժը մեծ է, հնարավորությունները` քիչ

կին գործարարՈրքան էլ խոսվում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում կանանց առաջխաղացման մասին, նրանք քիչ տոկոս են կազմում: Այսօր կանանց և տղամարդկանց ձեռնարկատիրություն սկսելու գործընթացներում խտրականություն չկա, չկան նաև կանանց համար սահմանված հատուկ արտոնություններ: Սոցհարցումները և հետազոտությունները վկայում են, որ կանայք գործարարությամբ զբաղվելու առումով ավելի պատրաստված են, քան տղամարդիկ: Նրանք ներուժ ունեն, կրթվածության առավել բարձր մակարդակ, զուսպ են, բարեկիրթ և ամենակարևորը` համբերատար:

Շատ է խոսվում այն մասին, որ պետությունը վերջին տարիներին միջոցներ է ձեռնարկում կանանց ձեռնարկատիրության խթանման ուղղությամբ, սակայն առկա ցուցանիշները այդքան էլ գոհացնող չեն: Փոքր և միջին ձեռնարկատերերի միայն 10 տոկոսն են կանայք: Նրանց մեջ խոշոր ձեռնարկատերեր գրեթե չկան: Իսկ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող կանանց մասնաբաժինը երկու անգամ ավելին է և կազմում է 20-25 տոկոս:

Հայաստանի գործարարների հանրապետական միությունը կանանց ձեռնարկատիրության զարգացման ոլորտում աշխատանքներ է իրականացնում դեռևս 2008-ից: Ըստ միության նախագահ Գագիկ Մակարյանի` կանայք իսկապես գործարարությամբ զբաղվելու մեծ ներուժ ունեն և կառավարման հարցում առավել թափանցիկ են, զգուշավոր, սակայն նրանց հնարավորություններն են սահմանափակ: «Եթե տղամարդիկ միգրացիայի պատճառով ստիպված են լքել իրենց ընտանիքները և ժամանակավոր հեռանալ, ապա կանայք այդ ընտանիքի կեցության, իրենց հասարակական դիրքի ամրապնդման համար կարիք ունեն գործարարությամբ զբաղվելու», – ասում է նա:

Գործարար կանանց շրջանում անցկացված հարցումներն ու այդ ուղղությամբ կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ կանանց շրջանում գործարարությամբ զբաղվելու խնդիրներն ավելի շատ են, քան տղամարդկանց շրջանում: Նրանք մատնանշել են սեփական գույքի, համապատասխան գրավի առարկայի բացակայությունը, ինչը խոչընդոտում է վարկավորման գործընթացին:

Բիզնեսի առաջմղման համար, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, բանկերը պետք է պարտավորվեն ցածր տոկոսադրույքներով վարկավորել կին գործարարներին: «Կինը գործարարության մեջ համարում եմ ոչ թե զուտ աշխատանք, այլ ճակատամարտ և հերոսություն»,- ասում է տիկին Նաղդալյանը: Նա հորդորում է կանանց վստահ լինել սեփական ուժերի մեջ, կարողանալ անել ավելին: «Մենք մեր գերխնդիրներից ենք համարում կանանց ձեռնարկատիրության զարգացմանն աջակցող առանձին ծրագրի իրականացումը, քանի որ ինչ արվում է կանանց համար, դրանից շահում է հասարակությունը և երկիրը». ասում է նա: Հասարակությանն անհրաժեշտ են փոքր բիզնեսներ և բնակչության միջին խավ, և ըստ նրա` պետությունը պարտավոր է աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրությանը. «Տարիներ շարունակ, երբ չունեինք աջակցության ծրագրեր և կանանց համար շատ ավելի բարդ էր գործելը, նրանցից շատերը կարողացան վստահաբար առաջ գնալ և ոմանց նույնիսկ հաջողվեց դառնալ ձեռներեց Հայաստանի տնտեսության այս պայմաններում: Բիզնեսը ծովի նման է, և յուրաքանչյուրը պետք է կարողանա լողալ` հաղթահարելով ալիքները»: Նրա համոզմամբ, բիզնեսով զբաղվելու համար պետք են նախ գիտելիքներ ու հմտություններ և ֆինանսական հնարավորություններ, հետևաբար մատչելի վարկավորում` առանց գրավադրման, հաշվի առնելով, որ կանայք ավելի պարտաճանաչ են, պարկեշտ և ոչ արկածախնդիր: Սակայն դժվար է լծակներ կիրառել մասնավոր ֆինանսական ընկերությունների նկատմամբ, պարտավորեցնել նրանց ընդառաջ գնալ կանանց, երբ չկա հստակ մեխանիզմ կամ մշակված ծրագիր:

Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ Քնարիկ Մալխասյանն էլ այն կարծիքին է, որ կանանց համար պետք է հատուկ պայմաններ ստեղծել, քանի որ բիզնեսում կանանց և տղամարդկանց պահանջներն այլ են:

ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ այնուամենայնիվ, վերջին տարիներին ոլորտում բավականաչափ բարեփոխումներ եղել են: Խոսքը մասնավորապես էլեկտրոնային հաշվետվությունների մասին է, 2010 թ. ընդունված գենդերային քաղաքականության հայեցակարգի ու դրանից բխող ծրագրերի իրականացման մասին: Միության նախագահի համոզմամբ, կանանց ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ հետաքրքրությունն ու ուշադրությունը վերջին տարիներին ավելանում է: Կանայք ավելի շատ ներգրավված են սննդի (հատկապես հրուշակեղենի), տեքստիլ արդյունաբերության, գեղեցկության սրահների, ֆուրշետների և հարսանյաց միջոցառումների կազմակերպման և ամենատարբեր ծառայությունների մատուցման ոլորտներում:

Այնուամենայնիվ, ի՞նչն է խոչընդոտում կանանց լինելու առավել ակտիվ սեփական բիզնեսը նախաձեռնելու գործում: «Կանանց պատրաստակամությունն է ցածր բիզնես սկսելու գործում, ուստի մենք պլանավորել ենք նրանց շրջանում տեղեկատվական արշավներ կազմակերպել և ցույց տալ հաջողված կին ձեռներեցների փորձը: Դա հնարավորություն կտա բացելու նրանց տեսադաշտը սեփական բիզնեսը սկսելու գործում, ինչը և՛ եկամտի աղբյուր է, և՛ աշխատուժի ստեղծման խթան, և՛ նոր ծառայությունների մատուցման հնարավորություն: Պարզապես, միակ խոչընդոտն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց` կանայք նաև տան և կենցաղային հոգսերը կրողն են և ի վիճակի չեն բիզնեսին առավել երկար ժամանակ հատկացնելու, ինչը բացասաբար է ազդում գործարար կապերի ստեղծման և բիզնեսի կառավարման տեսանկյունից»,- ասում է կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագրի համակարգող Գոհար Ղաբուզյանը:

Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացնում է կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագիր, որը սկսվել է նախորդ տարվա մարտ ամսից:

«Սակայն մեր հետազոտությունների արդյունքում խոսելով նրանց խնդիրների մասին` մենք հասկանում ենք, որ ցածր ներգրավվածության միակ պատճառը նրանց փորձառության և որոշ հմտությունների պակասն է: Ուստի մեր ծրագիրը կենտրոնացված է նաև այս խնդրի վրա, որպեսզի բարելավենք բիզնեսի զարգացման ծառայությունները»- այսպիսի կարծիք է հայտնել Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցիչ Դևիդ Դոլլը:
Ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն կանայք, որոնք մրցունակ բիզնես ծրագիր ունեն, իսկ սեփական մտահղացումներն իրականացնելու համար պետք է շուկան լավ պատկերացնել, կարողանալ գրագետ հաշվել ինքնարժեքը, անել ճշգրիտ ֆինանսական կանխատեսումներ, հստակ պատկերացնել շահույթը և այլն: Ըստ Գոհար Ղաբուզյանի, քանի որ մեր երկրում կին ձեռնակատերերի ներուժը բավարար չափով չի օգտագործվում և նրանց տեսակարար կշիռը բավական ցածր է ընդհանուր գործարարության մեջ, նրանց գործարարությունը խթանելու կարիք կա: Նա տեղեկացրեց, որ տղամարդիկ նույնպես կարող են ծրագրին մասնակցել, սակայն բոլոր ծրագրերում իրենց թիրախը կանանց գոնե 50 տոկոսի վարկավորման և աջակցության ապահովումն է: Մինչ օրս իրականացվել է 7 ծրագիր, մեկը մայրաքաղաքում, մնացածը` մարզերում: Հիմնականում խրախուսվել են արտադրության ոլորտներն ու նորարար գաղափարները: Կանանցից շատերն արդեն սկսել են իրենց բիզնեսը և նույնիսկ հասցրել են կայանալ: Ծրագիրը եռամյա է և հաջողության դեպքում գուցեև դառնա շարունակական:
Լ.Ն

Անկախ

Tags: , ,