Արարատի գագաթին

արարատ (2)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

արարատ (1)Հայերիս համար ամենասուրբ, ամենագեղեցիկ, ամենասիրելի ու վեհաշուք լեռն Արարատն է: Անբացատրելի ուժ ու սրբություն կա մեր լեռան մեջ: Եվ շատերի նվիրական ցանկությունն Արարատի գագաթին հայտնվելն է:
Հայաստանի և սփյուռքի հայերի խմբի հետ անցյալ ամառ սկսեցինք մեր ճանապարհորդությունը դեպի կորուսյալ հայրենիք: Երեկոյան հասանք Բայազետ: Վաղ առավոտյան մի աննկարագրելի արևածագ էր: Արևն իր առաջին շողերն արձակեց Սիսի ետևից, և երևաց Մասիսն իր ողջ վեհությամբ: Այդպիսի գեղեցկություն երբևիցե չէի տեսել:
Նախաճաշից հետո հաջողություններ մաղթեցինք Արարատ բարձրացողներին` ակնկալիքով, որ երեք օր հետո ընդունելու ենք նրանց հաղթական վերադարձը:
Մինչ նրանք կվերադառնային` շարունակեցինք ճանապարհը Արևմտյան Հայաստանի քաղաքներով և գյուղերով: Եղանք Մուշում, Էրզրումում, Բիթլիսում, Վանում, որտեղ էլ դիմավորեցինք լեռնագնացներին: Այնուհետև միասին շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Իգդիր, Արդահան, Սարիղամիշ, Կարս, Անի: Տասը հոգուց Արարատի գագաթն էին բարձրացել իննը: Հետաքրքրականն այն էր, որ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից եկած 65-ամյա Վաչե Վարժապետյանը` երկրորդ անգամ էր փորձում հաղթահարել 5165 մ բարձրությունը: Ցավոք 4300 մ-ի վրա այնպիսի ծանր պայմաններ են եղել` թթվածնի պակաս, մթնոլորտային ճնշման մեծ տարբերություն, որ չդիմանալով ստիպված է եղել վերադառնալ: Վաչեն ամենատարեցն էր խմբում և ինքն իրեն գերազանցել էր ևս մի քանի տասնյակ մետրով:
Խմբում ամենաերիտասարդը 26-ամյա Հայկուշ Հակոբյանն էր Հոլանդիայից: Նա սովորում է Տիլբուրգի համալսարանում, նաև աշխատում է ապահովագրական ընկերությունում: Ընտանիքը Հայաստանից Հոլանդիա է տեղափոխվել 2000-ին: Նուրբ, հաճելի արտաքինով մի աղջիկ, և մտածել անգամ չէր կարող, որ կհասնի գագաթին: Իսկ նա չորրորդն էր բարձրացել: Ես արդեն Երևանում հարցերս ուղղեցի Հայկուշին:
- Սիրելի Հայկուշ, դուք այդքան նուրբ կառուցվածքի տեր աղջիկ, ինչպե՞ս որոշեցիք, որ պիտի իրականացնեք այդպիսի դժվարին վերելք:
- Չորս տարի առաջ կարդացի մի գիրք, որ կոչվում էր «Արարատ», դա մի հոլանդացի էր գրել և պատմում էր, թե ինչպես է ինքը բարձրացել Արարատ լեռը: Մտածեցի` ինչպես է, որ այս հոլանդացին կարողացել է բարձրանալ մեր նվիրական սարը, իսկ ես, ինչ է չե՞մ կարող: Այդ ժամանակ մասնակցեցի ուխտագնացությանը դեպի Արևմտյան Հայաստան, և մենք էլ, ինչպես դուք այս անգամ, ճանապարհեցինք և ընդունեցինք Արարատ բարձրացողներին: Զրուցեցինք, ոգևորվեցինք, և ես որոշեցի լրջորեն պատրաստվել: Ամենակարևորը ֆիզիկական պատրաստվածությունից առաջ հոգեպես պատրաստվելն էր: Հետո սկսեցի շաբաթը 2-3 անգամ վազել 5-10 կմ: Աստիճաններ էի բարձրանում, սովորեցի ճիշտ շնչել, դա ինձ շատ օգնեց: Արտաշատում մորաքրոջս տանն էի մնում և մարզվում: Երբեմն, երբ շատ էի հոգնում` նայում էի վեհաշուք Մասիսին և ինքս ինձ ասում. «Հայկո՛ւշ, դու այս ամենն անում ես այս գեղեցկուհու համար»:

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

- Իսկ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինելուց հետո վախ չկա՞ր, հանկարծ չկարողանաք:
- Դժվարությունը զգացի առավոտյան, երբ Բայազետում հյուրանոցի պատշգամբից տեսա Արարատը` իր ողջ շուքով: Այդ ժամանակ մտածեցի. «Ի՜նչ բարձր է, իսկ եթե չկարողանա՞մ բարձրանալ:
Սկսեցինք վերելքը: Առաջին ճամբար` 3200 մ հասնելիս խոշոր քարեր էին, հետո երկրորդ ճամբար` 4200 մ, ավելի խոշոր քարեր էին և մի զուլալ գետակ էր հոսում: Ճանապարհը գնալով բարդանում էր, դժվարանում էր բարձրանալը: Սփոփանքը շնչառությունդ պահող գեղեցկությունն էր, երբ ամպերն արագ անցնում էին մեր վրայով: Այնուհետև, երբ պիտի բարձրանայինք, ջերմություն ունեցա, ինքս էլ չհասկացա` ինչու: Գիշերը ժամը 2-30-ին սկսեցինք բարձրանալ: Ցուրտ էր, երբ մի փոքր կանգ էինք առնում, սառչում էինք, թթվածնի պակասությունն էլ զգալի էր, կարծես գլուխդ սեղմվում էր, ցավում: 4500 մ-ի վրա արդեն սրտխառնոց սկսվեց բոլորիս մոտ: Վատ էի զգում, և պահ եղավ, որ մտածեցի հետ դառնալու մասին: Բայց նորից, ինքս ինձ ներշնչելով, որոշեցի, որ ո՛չ, ես պիտի հասնեմ նվիրական գագաթին: Շարունակեցի առաջ շարժվել և ձյան շերտին առաջիններից մեկն էի, որ հասա: Այդտեղ օդը կարծես թեթևացավ, սկսեցի լավ զգալ, դա 4800 մ-ի վրա էր: Տեսարանը հիասքանչ էր: Չնայած գիշեր էր, ներքևում Բայազետն էր երևում, Պարսկաստանի սահմանամերձ մասը, իսկ երկինքն աստղաշատ էր, այդպիսի գեղեցկություն ես երբեք չէի տեսել: Երևում էր Սիսը մթության մեջ: Իսկ Մասիսի վրա լույսերով բարձրացող արշավախումբն էր: Այդպես բարձրանում էինք, 5 մետր բարձրություն էր մնում, ես սայթաքեցի և մի 10 մետր իջա ցած, ոչ մի ցավ չունեցա, բայց սկսեցի լաց լինել: Այդպես նորից բարձրացա և հասա գագաթին: Առաջինը Բագրատն էր, հետո Լևոնը, Զարեն և ես: Երբ հասանք գագաթին, քամին միանգամից կտրվեց: Ես նստեցի և չէի կարողանում հավատալ, որ հասել եմ գագաթին: Խառնվել էին իրականն ու անիրականը: Դա նաև թթվածնի պակասության հետևանքով էր մարդկային բանականության վրա: Երևանը չէր երևում, լեռան ներքևի մասը մշուշի մեջ էր: Հետո փոթորիկ էր սկսվելու և մենք պիտի իջնեինք: Դա արդեն երկար մի ճանապարհ էր, անդադար քայլել էր պետք: 20 ժամ քայլել ենք դեպի ներքև, որից միայն 2 ժամը` փոքր դադարներ: Իջնելիս ապշում էի, թե ինչպես ենք գիշերով բարձրացել, վտանգն ամեն քայլափոխի էր, կարող էիր սայթաքել և վնասվել: Իջնելն ավելի դժվար էր, բարձրանալիս գոնե տեսնում ես` որտեղ ես ոտքդ դնում:
- Իսկ ինչպիսի՞ն են զգացմունքներդ հիմա, երբ հաղթահարել ես դժվարությունները, և Արարատի գագաթը նվաճված է:
- Իջնելուց հետո մի շաբաթ կարծես օդում լինեի, նայում էի Արարատին և մտածում, մի՞թե հասել եմ, եղել եմ գագաթին: Ինձ թվում է, թե դա երազ էր, մի անուշ երազ: Հիմա արդեն կարոտում եմ այդ ամենը և ամեն ինչ կանեի, որ նորից անցնեի այդ դժվարություններով և հասնեի գագաթին:
Վաչեն, Հայկը և ես որոշել ենք հաջորդ տարի Ահորա գյուղը գնալ, դա Մասիսի վրա է, Հայաստանի կողմից, այդտեղ կիրճ կա, որտեղ հարթավայր է և պահպանված է գեղեցիկ վայրի բնությունը: Գուցե Սիսը բարձրանանք. գիտեմ, դա շատ ավելի դժվար է:Բայց եթե կա սեր և ձգտում, ամեն բարձունք էլ կարելի է հաղթահարել:

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Անկախ

Tags: , ,