«Այստեղ ինձ ոչ ոք չէր սպասում». երիտասարդ բարձրորակ մասնագետը հիասթափված հեռանում է Հայաստանից

Բյուրակն-2Վեց տարի բժշկական համալսարան, երկու տարի` կլինիկական օրդինատուրա` հոգեբույժի մասնագիտությամբ:

Երիտասարդ մասնագետ Բյուրակն Իշխանյանի համար այդ ոչ այնքան «արդիական» մասնագիտությունն ընտրելն ամենևին ինքնանպատակ չէր: Նա իսկապես ուզում էր հայկական հոգեբուժության ոլորտում դեր ունենալ` հասկանալով, որ այդտեղ անելիքները շատ են: Բացի այդ, ոլորտն իսկապես հետաքրքրում էր որպես բժշկության մեջ ամենխորհրդավոր և չբացահայտված ճյուղ:
Սակայն օրդինատուրա ընդունվելուց հետո նրան գիտելիքներից ավելի հիասթափությունների շարան էր սպասում: «Բժշկականում վեց տարի գերազանց սովորելուց, կարմիր դիպլոմով ավարտելուց հետո էնտուզիազմով գնում ես հիվանդանոց ու հանկարծ հասկանում ես, որ բոլորն էնտեղ թքած ունեն քեզ վրա: Հանձնարարություն են տալիս, ոգևորությամբ պատրաստվում ես, բայց լսող չկա, գրականության ցանկ ես ուզում, առաջարկում են 90-ականների սկզբին լույս տեսած մի գիրք, որը կարդացել ես 5-րդ կուրսում, և այդպես շարունակ»,- թվարկում է նա:
Հասկանում է, որ ուսումը շարունակելու համար պետք է դուրս գա Հայաստանի սահմաններից: Դիմում է եվրոպական տարբեր համալսարաններ: Բայց մինչ հաջողությունը կժպտար, երկու տարին անցնում է, ավարտում է օրդինատուրան, որից հետո Եվրամիության «Էրասմուս Մունդուս» կրթաթոշակի ծրագրով մեկնում է Եվրոպա և սովորում երեք համալսարաններում` Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում: «Միգուցե տարօրինակ հնչի, բայց Եվրոպայում սովորելն ինձ համար շատ ավելի հեշտ էր, քան Հայաստանում: Ազատ ժամանակ շատ ունեի և հետաքրքիր բաներով էի զբաղվում: Էնտեղ շեշտը դրված է ոչ թե նրա վրա, որ ինչ-որ գրքեր անգիր անես, գնաս քննությունդ ստանաս, այլ որոշակի հմտություններ ձեռք բերես: Օրինակ` ես սովորեցի գիտական հետազոտություններ անել, գիտական հոդվածներ գրել, ավելի պրակտիկ բաներ, որոնք հատկապես գիտությամբ զբաղվելու համար շատ կարևոր էին»,- ասում է նա:

Երկու տարի անց` 2013-ին, ավարտելով ուսումը, երիտասարդ մասնագետը վերադառնում է հայրենիք` մոռացած նախկին հիասթափությունները, զինված հարուստ գիտելիքներով, մեծ ոգևորությամբ և ամենակարևորը` ռոմանտիկ երազանքներով: Այդ ժամանակ անկեղծորեն հավատում էր, որ իրեն Հայաստանում գրկաբաց կընդունեն, քանի որ ոլորտում երիտասարդ մասնագետներ, այն էլ` դրսում վերապատրաստված, մատների վրա կարելի է հաշվել:
Դիմում է առողջապահության նախարարություն, որ օգնեն աշխատանք գտնել: Ամենահետաքրքիրն այն է, որ ուզում էր մարզում աշխատել` լավ իմանալով մարզերում տիրող անմխիթար վիճակը: Առողջապահության նախարարությունից փորձում են օգնել, բայց պարզվում է` պահանջարկն այնքան էլ մեծ չէ. մե՛կ թափուր աշխատատեղեր չկան, մե՛կ արդեն զբաղեցրել են կամ էլ այնպիսի վատ պայմաններ են, որ ինքն է հրաժարվում:
«Մի դեպքում կարծես թե համաձայնության եկել էինք: Հասա Դիլիջան, և երբ գնացի հիվանդանոցի գլխավոր բժշկի մոտ, զգացի, որ այնտեղ էլ ինձ չեն սպասում կամ միգուցե ինչ որ ակնկալիքներ ունեին»,- ենթադրում է նա:

Մարզերում աշխատելու նրա երազանքն ի վերջո հօդս է ցնդում, ու նա որոշում է աշխատանք գտնել մայրաքաղաքում: Պարզվում է` դա այստեղ էլ հեշտ բան չէ: Մի քանի տեղ դիմում է. ապարդյուն: Ի վերջո, Երևանի մանկավարժական համալսարանում մեկ կիսամյակով դասախոսի աշխատանք է գտնում և սկսում է մագիստրատուրայում «Խոսքի խանգարումների նյարդահոգեբանական և նյարդալեզվաբանական վերլուծություն» դասավանդել: Ասում է, որ արևմտյան դպրոցն այստեղ լրիվ նորություն է, քանի որ հիմնականում ուսուցումը ռուսական դպրոցի հիման վրա է: Խոստովանում է, որ չի կարողանում ուսանողների համար ապահովել այն մակարդակը, ինչ որ ինքն է ստացել Եվրոպայում. «Ուսանողներից տարրական մաթեմատիկա պահանջելը լուրջ խնդիր է, լեզուներ չգիտեն: Մագիստրատուրայի ուսանողներ են, բայց քննության ժամանակ իրարից արտագրում են, պրեզենտացիաներն իրարից «թխած» ներկայացնում են: Եվրոպայում նման բաները բացառված են, ուղղակի ամոթ է»,- ասում է նա:

Սակայն մանկավարժականում ամենազավեշտալին Բյուրակն Իշխանյանի աշխատավարձն էր: Ամսական եկամուտը ողջ դասախոսությունից կազմում է երեք հազար դրամից մի փոքր ավելի, այո, հենց այդքան: Դասախոսում է շաբաթական մեկ օր, և մեկ դասախոսությունը մոտ 800 դրամ են հաշվում: «Ընդհանրապես այստեղ ժամավճարի գաղափարն աբսուրդ է. հաշվում են միայն լսարանում եղած ժամանակահատվածը` այդ 80 րոպեն: Բայց այն, որ ես երկու-երեք օր գրականություն եմ կարդում, «սլայդներ» եմ պատրաստում և այլ աշխատանք եմ կատարում մինչև լսարան մտնելը` հաշվի չի առնվում»:

Երբ նա իր նորզելանդացի ընկերուհուն, որը նույնպես դասախոսում է, պատմել է իր աշխատանքային «արքայական» վարձատրության մասին, ընկերուհին զարմացած է մնացել` ասելով, որ իրենց մոտ, երբ դասախոսը նոր առարկա է դասավանդում, առաջին կիսամյակում նրան երկու-երեք անգամ ավելի են վճարում` հաշվի առնելով այն, որ նա որոշակի ժամանակ է ծախսում նյութը պատրաստելու վրա: Իսկ ընդհանրապես, այնտեղի և այստեղի վարձատրության միջև ընդհանուր եզրեր անգամ հնարավոր չէ գտնել:

Դասախոսությանը զուգահեռ Բյուրակնը նաև աշխատանքի է անցնում Նուբարաշենի հոգեբուժարանում: Սակայն դա էլ նրա երազած աշխատանքը չէր. նախ` աշխատավարձն է շատ ցածր` 67 000 դրամ, որի մեկ երրորդը գնում է ճանապարհածախսի վրա, երկրորդ` իր գիտելիքները լիարժեք կիրառելու «ճակատ» չունի: «Աշխարհում շատ բան է փոխվում, զարգանում, բայց դա չի հասնում Հայաստան: Խնդիրն այն է, որ մեզ մոտ հոգեբուժարանները պետական են, պետպատվերով են աշխատում, մրցակցություն չկա: Մյուս կողմից էլ, եթե պետպատվերով չլինի, այդ հիվանդների մեծ մասը սոցիալապես ծանր վիճակում է, չի կարողանա ծախսերը հոգալ: Մի խոսքով, հոգեբուժարաններն ահավոր թշվառ վիճակում են, պետք է ինչ-որ լուծում գտնել»:

Հասկանալով, որ իր մտածածն ու երազածն ամենևին չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը, այստեղ պարզապես լճանում է, իսկ վաստակած գումարով անգամ ամենատարրական ծախսերը չի կարողանում հոգալ, Բյուրակնը կրկին բռնում է Եվրոպայի ճամփան:

1961543_1539027359654971_2061728929_nԱհա, ամիսներ առաջ Բյուրակնը մրցույթով ընդունվել է Կոպենհագենի համալսարան, որտեղ նրան առաջարկել են ուսումնական ծրագիր` աշխատանքային պայմանագրով: Ավելի լավ առաջարկ հնարավոր էլ չէր սպասել: Նա դեռ այստեղ է, բայց ապագա ղեկավարի հետ արդեն սեպտեմբերի անելիքներն է պլանավորում: «Շատ հետաքրքիր գիտական միջավայր է ինձ սպասում, որը Հայաստանում այնքան պակասում է: Էստեղ ում ասում ես` գիտություն, քմծիծաղ է տալիս»,- ասում է Բյուրակնը,- միջակության մթնոլորտում մնալն անիմաստ է: Հայաստանն ասես միջակների երկիր լինի, այստեղ բարձր գիտելիքներ առանձնապես պետք չեն»:
Ծրագիրը երեք տարով է, բայց երիտասարդ հոգեբույժը Հայաստան վերադառնալու հավանականությունը շատ փոքր է համարում: Ասում է. «Այդ անգամ, երբ ավելի բարձր որակավորմամբ վերադառնամ, հիասթափությունս ավելի մեծ կլինի, ավելի լավ է` չվերադառնամ»:

Կվերադառնա, եթե, ինչպես ինքն է ասում, Հայաստանում այդ երեք տարվա մեջ կտրուկ փոփոխություններ լինեն, ինչին, ցավոք, չի հավատում: «Հայաստանը լուրջ վերանորոգման կարիք ունի. բոլոր ոլորտներում: Ինչպես համակարգիչն են «ֆորմատ» անում, մեր երկիրն էլ պետք է լրիվ անջատել ու «ֆորմատ» անել»:
Ի դեպ, նշում է, որ համակուրսեցիներից շատերն են արտերկիր մեկնել, ոմանք էլ, որոնք դեռ չեն մեկնել, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում:

Բյուրակնի համար Հայաստանը լքելը, այն էլ` այլևս չվերադառնալու մտադրությամբ, չափազանց դժվար է, քանի որ սիրում է իր երկիրը, իր լեզուն: Ասում է, որ իր համար օտար երկրում ամենասարսափելին հայերեն չխոսելն է, չնայած լեզվական խնդիր ընդհանրապես չունի և վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, ձեռքի հետ էլ` գերմաներենին, իսպաներենին, հոլանդերենին ու ֆիններենին: «Բայց, մյուս կողմից էլ, հոգեպես գոնե հանգիստ եմ և չեմ տանջվի այն մտքից, որ կարող էի այստեղ մնալ, ինչ-որ բան անել և չարեցի: Ես եկա և համոզվեցի, որ ոչինչ անել չեմ կարող, այստեղ ինձ ոչ ոք չէր սպասում»:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Tags: , , ,