Մարդու կյանքի 1/3-ն անցնում է քնած վիճակում. Հոգեբան

քունՔունը պարբերաբար առաջացող վիճակ է, որի ընթացքում ստեղծվում են օրգանիզմի աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները: Քունը ոչ միայն հանգիստ է, այլև օրվա ընթացքում ստացած տեղեկությունների վերամշակման յուրօրինակ աշխատանք: Մարդու կյանքի 1/3-ն անցնում է քնած վիճակում:

Քնի ժամանակ շնչառական շարժումները և սրտի կծկումները դանդաղում են, նկատվում է մկանային լարվածության, զգացողության բոլոր տեսակների խիստ թուլացում: Անպայման և պայմանական ռեֆլեքսներն արգելակվում են:

Արագ և դանդաղ քնի տևողության շեղումները, դանդաղ քնի ժամանակ հաճախակի արթնացումները հանգեցնում են մարդու նյարդային համակարգի խանգարումների, ազդում նրա հոգեկան, հուզական վիճակների և ուշադրության վրա: Այժմ միլիոնավոր մարդիկ աշխարհում տառապում են քնի խանգարմամբ: archive2.ankakh.com-ի հետ զրույցում հոգեբան Յունա Աղաջանյանի պնդմամբ, եթե մարդն օրվա կեսին պառկում և քնում է 10 րոպեի ընթացքում, ուրեմն նա քնի խանգարում ունի:

 

Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, որոնք նպաստում են դրան,սկսած աշխատանքի վայրում անց կացրած երկար ժամանակից և հեռուստացույց  դիտելուց: Առանց քնի կենտրոնական նյարդային համակարգը դառնում է էլ ավելի ակտիվ, ինչը խոչնդոտում է ենթաստամոքսային գեղձից ինսուլինի ձերբազատմանը, որն անհրաժեշտ է օրգանիզմին՝ գլյուկոզայի կապման համար: Հոգեբանի համոզմամբ սա ռիսկ է և պայման շաքարային դիաբետի զարգացման համար:

Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ քնի խանգարումը կամ պակասը մարդու օրգանիզմում ավելացնում է ճարպի կուտակման հավանականությունը և նպաստում է մկանային զանգվածի կորստին:

Քնի խանգարումը կարող է  ազդել նաև  արյան սպիտակ մարմնիկների վրա, որոնք պասասխանատու են իմունիտետի և ինֆեկցիաների դեմ պայքարի համար:

Հոգեբանի խոսքով մարդիկ, որոնք արթուն են եղել 19ժամ, զգոնության թեստում արձանագրել են ավելի վատ արդյունք, քան նրանք ում արյան մեջ առկա էր ալկոհոլ (մարդը կորցնում է իր վերահսկողությունը և խելամիտ դատողությունը): Եւ վերջապես քունը պատասխանատու է տրամադրության կարգավորման համար: Այդ պատճառով քնի պակաս ունեցող մարդիկ ավելի շուտ են դեպրեսսիայի մեջ ընկնում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: ,