ԱՐՏԱԳԱՂԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԴՐԱՄԱ «Հոգեվարքը» ֆիլմ է բոլոր արտագաղթածների մասին

hogevarq 1- Այս ֆիլմը նկարահանելու գաղափարն ավելի քան յոթ տարվա պատմություն ունի,-
ասում է ռեժիսոր, «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը, որ հանրությանն առավել հայտնի է իր փաստավավերագրական ֆիլմերով: Մենք հենց վերջերս իմացանք, որ նա այս օրերին խաղարկային կարճամետրաժ «Հոգեվարք» ֆիլմի հետարտադրական աշխատանքներն է կատարում:

«Հոգեվարքը» կամերային դրամա է: Ռեժիսորն ասում է, որ գործողությունը տեղի է ունենում մի սենյակում: Երկխոսությունները ֆիլմում շատ քիչ են: Նրա խոսքով՝ շեշտը դրված է հերոսների դրամատիկական ապրումների վրա, որի զարգացումն էլ հանգեցնում է կուլմինացիային:

Օրդյանն ասում է, որ շատ երկար է մտածել` ովքեր են լինելու ֆիլմի հերոսները: Հատուկ դերընտրություն չի իրականացրել, համոզվել է, որ գլխավոր հերոսի դերը կարող է վստահել միայն ՀՀ ժողովրդական արտիստ, երկարամյա ու փորձառու ռեժիսոր Հրաչյա Աշուղյանին: Իսկ ֆիլմում Աշուղյանի կերտած կերպարի կնոջ դերը, նրա իսկ խորհրդով, Հ. Օրդյանը վստահել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանին:

ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանն ասում է, որ քիչ են պատահում երիտասարդ ռեժիսորներ, որոնց գրեթե բոլոր փաստավավերագրական ֆիլմերը մրցանակ են ստանում արտասահմանյան երկրների փառատոներում:

- Ես շատ ուրախ եմ Հայկի հաջողությունների համար և որախ եմ, որ նրա առաջին գեղարվեստական ֆիլմում ես և իմ շատ մոտ ընկերուհի, մեր մայր թատրոնի դերասանուհի Գրետա Մեջլումյանը միասին հանդես եկանք այս ֆիլմում: Ուրախ եմ նաև, որ մեզ վստահվեց գլխավոր դերերը,- ասում է Հրաչյա Աշուղյանը:- Ֆիլմը, ըստ իս, շատ կարևոր հարցադրումներ ունի այսօրվա մեր կյանքի, սոցիալական վիճակի վերաբերյալ: Շատ երեխաներ, ցավոք, թողնում են մեր երկիրը, մեր հայրենիքը և աշխատանք փնտրելու հեռանկարներով գնում են արտասահման: Մեծ հույսերով են գնում՝ երբեմն լավ, երբեմն վատ: Իհարկե, ոչ ոք երաշխիքներ չունի, որ բոլոր գնացողների գործերը հաջող կլինեն, ոմանք հանդիպում են հաջողության, ոմանք` անհաջողության: Վստահ եմ, որ բոլոր ծնողներն էլ այսօր սպասում են իրենց զավակների վերադարձին:

Հրաչյա Աշուղյանի համար այս ֆիլմը դեբյուտային չենք կարող համարել. նա դեռ խորհրդային տարիներին մի քանի ֆիլմերում հանդես է եկել էպիզոդիկ դերերով:

- Գիտեք, իմ տարիքի մարդու համար դեբյուտային հասկացությունը տարօրինակ է երևի, որովհետև ես նկարվել եմ տարբեր էպիզոդիկ դերերում, ինքս արել եմ շատ բեմադրություններ թե՛ Սունդուկյան թատրոնում, թե՛ հանրապետության շատ թատրոններում, շատ մասսայական միջոցառումներ եմ կազմակերպել, ունեմ բազմաթիվ պարգևներ, կոչումներ:
«Հոգեվարք» ֆիլմի գլխավոր հերոսուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի համոզմամբ՝ ֆիլմի թեմատիկան, գաղափարախոսությունը, ասելիքը մեր օրերում շատ արդիական են, որովհետև մեկ բառով ասած՝ դա մեր կյանքն է:

hogevarq 3- Կարծում եմ՝ ոչ մի ընտանիքից պակաս չէ այս խնդիրը, սա, իրոք, մեծ խնդիր է: Փոխանակ արտագաղթողների թիվը կրճատվի, գնալով ավելանում է,- սրտնեղած ասում է դերասանուհին:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանն էլ փաստում է, որ ֆիլմի հերոսները հենց իր համար էին բացահայտում.

- Վստահ եմ՝ հանդիսատեսի համար կրկնակի բացահայտում է լինելու: Ես պատահական չեմ ասում, նրանք պատահական ընտրված հերոսներ չեն: Հրաչյա Աշուղյանն անձնական ցավն ունի. նրա երկու դուստրերը հազարավոր կիլոմետր հեռու են ապրում, և հենց այդ անձնական ցավը կարողացավ Աշուղյանը բերել էկրան, առաջին իսկ տեսարանի ժամանակ դա միանգամից նկատեցի:

Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ այս տարիների ընթացքում կամաց-կամաց վերամշակել, հղկել է սցենարը, պարբերաբար անդրադարձել, պարբերաբար մոռացել.

- Այս սցենարը սրվեց այն ժամանակ, երբ հասկացա, որ մեր երկրում արտագաղթողներն ավելի են շատանում: Արտագաղթ ասված չարիքին ականատես եղա` սկսած մեր գյուղից, սկսած իմ հարազատներից, իմ բարեկամներից, իմ լավ ընկերներից, որոնք հերթով լքեցին Հայաստանը սոցիալական, տնտեսական և այլ պատճառներով: Դա էլ իմ բողոքն էր, այս ձևով ցանկացա արտահայտվել:

Ֆիլմի ռեժիսորը նշում է, որ «Հոգեվարք» վերնագիրը երկիմաստ է. մի դեպքում՝ այն անհատի հոգեվարքն է, մյուսում՝ մի ամբողջ ժողովրդինը:

- Արտագաղթն այն երևույթն է, որը երկրին իսկապես հոգեվարքի է հասցնում, մենք սկսում ենք կարծես ցայտնոտի մեջ ընկնել, հոգեբանորեն սկսում ենք չհասկանալ՝ ինչ է կատարվում մեզ հետ: Խնդիրն այս դեպքում անհատի վրա կենտրոնանալը չէր: Միջոցը դիպուկ էր. իմ աչքով եմ տեսել՝ որքան ծնողներ, չկարողանալով վերջին րոպեին բռնել իրենց զավակների ձեռքը, հրաժեշտ են տվել կյանքին,- պատմում է Հ. Օրդյանը:

Օրդյանի խոսքով՝ այս ֆիլմը նաև ուղերձ է հայրենիքը լքած մարդկանց, որոնք հեռացել են երկրից, բայց այստեղ են նրանց ամենաթանկ մարդիկ՝ ծնողները:

- Գիտեք, եթե մարդը նայի ֆիլմը, էական չէ նրա ազգությունը կամ հեռավորությունը: Այդ տարածության մեջ նա կկարողանա գտնել իր ծնողին: Միայն մարդ ծնողի մասին չէ խոսքը, նաև հայրենիքի,- ասում է Հայկ Օրդյանը,- ֆիլմը լավ հնարավորություն է ընձեռում հիշելու կամ վերհիշելու հայրենիքը՝ քո տունը, բակը, խաղահրապարակը, ծառերը, ի վերջո, հարևաններին, ընկերներին, մարդկանց, որոնց ճանաչել ես մանկությունից: Մարդը նաև հենց այդ հատկանիշները պետք է կրի, եթե նա այդ զգացողությունները չունեցավ` կկորցնի իր տեսակը: Ես շատերին եմ ճանաչում, որոնք հեռացել են, հեռացել ամեն ինչից, ու երբ հանդիպում եմ նրանց, զգում եմ, որ կորցրել են իրենց մարդկային դիմագիծը:

«Հոգեվարք» ֆիլմի օպերատորն Արման Օրդյանն է: Նրա օպերատորական արհեստավարժությունը գնահատում են թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան երկրների ֆիլմարտադրության հսկաները:

- Հետաքրքիր է, որ գրեթե ամեն ինչի մասին խոսում են կադրերն ու ձայնը: Շատ թաքնված շերտեր կան դրանցում,- ասում է Արման Օրդյանը,- գրեթե բոլոր կադրերում սիմվոլիկաներ կան, ու կադրերի հաջորդականությունն իրենք իրենց հերթին ունեն նույն սիմվոլիկաներն ու ասելիքը: Օրինակ՝ հենց տուն մուտք գործելը: Ինչպե՞ս մտանք տուն ու ինչպե՞ս դուրս եկանք այնտեղից: Տեսախցիկը կարծես մուտք գործեց մարդկանց կյանքի մեջ. այդ ամբողջը սիմվոլիկայով է ստացվել, ու շատ նուրբ է ներկայացվել:

Ֆինանսական տնօրեն Մհեր Սողոմոնյանն էլ սեփական փորձով է գնահատում: Ասում է, որ նմանօրինակ ֆիլմերի ստեղծման ժամանակ ամենամեծ խնդիրը ֆինանսավորումն է.

- Գիտեք, նմանօրինակ ֆիլմերը կոմերցիոն չեն, և այս առումով պետք է ասեմ, որ քիչ են հետաքրքրում ֆինանսավորողներին: Սակայն այդ փաստն է՛լ ավելի պարտավորեցնող եղավ, որպեսզի կարողանանք նկարահանել որակյալ ֆիլմ: Թեման բոլորիս շատ հոգեհարազատ էր, և վստահեցնում եմ ՝ չի խնայվել ոչ մի միջոց: Արվել է ամեն ինչ, որ նյութը մատուցվի պատշաճ որակով:

Հայկ Օրդյանը հայտնեց նաև, որ «Հոգեվարք» ֆիլմի առաջին դիտումը հավանաբար կհամընկնի «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության հոբելյանական` 5-րդ տարեդարձի հետ:

 

Tags: , ,