Իրան-Հայաստան զբոսաշրջային հոսքերը կաճեն

iranԻնչու՞ նվազեցին զբոսաշրջային այցելություններն այդ երկրից

Զբոսաշրջությանը թերթերը հաճախակի է անդրադառնում` ներկայացնելով այդ ոլորտում մեր երկրի ունեցած հնարավորությունները: Անընդհատ մեջբերվում են ցուցանիշներ այն մասին, որ ավելանում են զբոսաշրջային այցելությունները տարբեր ուղղություններով: Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների` մեր երկրում 2013 թ. զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 9,7 տոկոս աճ` կազմելով 924 965 զբոսաշրջային այցելություն: Իսկ ըստ կանխատեսումների` այս տարի նախատեսվում է ապահովել տուրիստական այցելությունների շուրջ 10 տոկոս աճ:

Վերջերս շատ էր խոսվում այն մասին, որ Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունները նվազել են` ազդեցություն ունենալով ընդհանուր զբոսաշրջային ցուցանիշների վրա: Այս հանգամանքը բացատրվում էր ամենատարբեր պատճառներով:
Մասնագիտական գնահատականների համաձայն` վերջին տարիներին Իրանից զբոսաշրջային այցելությունները դինամիկ աճ էին արձանագրում, որոնք հետագայում սկսեցին կրճատվել:

Սկսած 2009-ից` զբոսաշրջային այցելությունները դեպի Իրան աճել էին` հասնելով նույնիսկ 130 հազարի: Անցած տարի Իրան այցելած հայ զբոսաշրջիկների թիվը կազմել է 5400, իսկ Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը` 110 հազար: Այցելությունների կտրուկ անկում է արձանագրվել հատկապես 2012-2013 թթ.: Ըստ մասնագետների` այդ նվազումը պայմանավորված է Իրանում տարադրամի փոխարժեքի անկմամբ, ինչն առհասարակ հանգեցրել է Իրանից արտագնա զբոսաշրջության կրճատման:

Բացի այդ, դիտարկելով վիճակագրական տվյալները, պարզ է դառնում, որ հակառակ ուղղությամբ զբոսաշրջային հոսքերի բավական մեծ անհամամասնություն կա: Այսինքն` Իրան ուղևորվող զբոաշրջիկների թիվն անհամեմատ քիչ է երկրից մեկնողներից: Այս հանգամանքն Իրանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները պայմանավորում են մի քանի գործոններով և մասնավորապես ինֆորմացիայի պակասով: Այդ խնդիրը քննարկելու, զբոսաշրջության ոլորտում երկուստեք փոխշահավետ համագործակցություն սկսելու նպատակով օրերս Հայաստանում էր գտնվում ԻԻՀ-ի պատվիրակությունը: Պատվիրակության ղեկավար, Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության մարկետինգի և զբոսաշրջության զարգացման գրասենյակի գլխավոր տնօրեն Սեյեդ Մոհամմադ Քազեմ Խոլդի Նասաբը կարծիք է հայտնել, որ ժամանակն է նոր խթան հաղորդել երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը:

Նշենք, որ երկու երկրներն էլ ունեն զբոսաշրջության և մշակութային որոշ ընդհանրություններ, որոնք հաշվի առնելով` զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը հաղթահարելու և վերացնելու առկա բոլոր խնդիրները, նպաստելու զբոսաշրջիկների փոխադարձ այցելություններին: Իրանի ներկայացուցիչը նշել է, որ այս տարիների ընթացքում միտումները փոխվել են նաև զբոսաշրջության ոլորտում, և իրենք նպատակադրված են զբոսաշրջության ուղղությամբ համագործակցությունը հասցնել առավել բարձր մակարդակի: Նախկինում, իհարկե, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցելու վերաբերյալ, որը, սակայն, վերանայման կարիք ունի:

Իրանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչը նշել է, որ հատկապես հիմա, Իրանի նոր կառավարության ձևավորման պարագայում, շեշտը առավելապես դրվելու է Իրանի և հարևան երկրների միջև զբոսաշրջությունն ընդլայնելու վրա: «Այս խնդիրը հատկապես կարևորվում է հասարակական դիվանագիտական քաղաքականության համատեքստում: Հայկական կողմի հետ հանգել ենք համաձայնության` ներկայացնելու մեր կարևորագույն նպատակները զբոսաշրջության բնագավառում» – նշել է Սեյեդ Մոհամմադ Քազեմ Խոլդի Նասաբը:
Հակառակ ուղղությամբ զբոսաշրջային այցելությունների միջև առկա այս տարբերությունը Իրանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչը վերագրում է ոչ բավարար տեղեկացված լինելու հանգամանքին: Ըստ նրա` հայ քաղաքացիներից շատերը տեղեկացված չեն Իրանի հանգստի վայրերի և զբոսաշրջային բազմազանության ու արժեքների մասին: Նշենք, որ Իրանն ունի 7-հազարամյա պատմություն ու քաղաքակրթություն և իր պատմամշակութային գործոնով դասվում է աշխարհի 10 երկրների շարքը, իսկ էկոտուրիզմի զարգացման առումով ներառված է աշխարհի 5 երկրների մեջ:
Հայկական կողմի հետ հանդիպման ժամանակ ներկա են գտնվել նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որոնք հայտնել են իրենց կարծիքը, առաջարկներն ու դժգոհությունները: Հայկական կողմի հետ հանդիպումների ընթացքում առանցքային է եղել հատկապես հակառակ ուղղությամբ զբոսաշրջային այցելությունների հավասարակշռության պահպանման թեման:
Հայ և իրանցի զբոսաշրջիկների շրջանում տեղեկատվության փոխանակման նպատակով Իրանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները որոշել են այս տարվա ընթացքում երկու երկրներում էլ կազմակերպել բազմազան ծրագրեր և միջոցառումներ, այդ թվում նաև`
ցուցահանդեսներ ու փառատոներ: Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն վերականգնելու զբոսաշրջության կայուն աճը, նպաստելու միասնական զբոսաշրջային արդյունքի ձևավորմանը և միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանը: Ստորագրվել է նաև մի փաստաթուղթ, որով ամրագրվել են բոլոր գործողություններն ու իրականացվելիք միջոցառումները:

Լ.Ն

Անկախ

Tags: , ,