Անորեքսիայից տառապողները սարսափում են ուտելուց

անորեքսիաՆյարդային անորեքսիան (հունարեն՝ ախորժակի բացակայություն, ուտելու ցանկության կորուստ) սննդային վարքագծի խանգարում է, երբ մարդը (հատկապես կանայք և հիմնականում սպիտակամորթները) սննդից հրաժարվելու, արհեստականորեն նիհարելու հետևանքով կորցնում է մարմնի զանգվածը: Աշխարհում անորեքսիայից տառապում է կանանց 2%-ը, տղամարդկանց 0,4%-ը, իսկ 10%-ը մահանում է հիվանդության հետևանքով առաջացած բարդություններից: Անորեքսիան ծագում է գիրության մասին կարծրացած համոզմունքից: Այդ հիվանդությունից տառապող մարդը չի շփվում շրջապատի հետ և ընկնում է դեպրեսիայի մեջ, տանջվում անքնությունից, այնուհետև, չուտելու հետևանքով թափվում են մազերը, կոտրվում եղունգները, խախտվում է նյութափոխանակությունը, դաշտանային ցիկլը, ընկնում է ճնշումն ու մարմնի ջերմաստիճանը, առաջանում են փորլուծություն, սրտամկանի դիստրոֆիա, երակային զարկերի դանդաղում, աղիքային ատոնիա, ներքին օրգանների իջեցում և այլն: Իսկ վերջում ախորժակն իսպառ անհետանում է:
Անորեքսիայից տառապողները հաճախ թաքցնում են իրենց պաթոլոգիան՝ անընդհատ բուժում ստանալով (մտերիմների դրդմամբ): Այդ հիվանդությունը հիմնականում չորս դրդապատճառ ունի. ծնողների դեմ պայքարը, սննդի նկատմամբ ծնողների չափազանց ուշադրությունը, քաղցի պատճառով պատիժը, հուզական լարվածությանը դիմադրելու ցանկությունը և այլն:
Մասնագետների հավաստմամբ` Հայաստանում ևս պատահում են անորեքսիայի դեպքեր: Խոցելի խումբը հասունացման տարիքի աղջիկներն են, իսկ մեղավորները ծնողների ու շրջապատի` քաշի ավելացման վերաբերյալ անմիտ դիտողությունները: Որոշ երկրներում, մասնավորապես` Իսրայելում գործում է հիվանդագին նիհարություն ունեցող մոդելների դեմ օրենք, որն արգելում է 18,5-ից քիչ մարմնի զանգվածի ինդեքս ունեցող մոդելներին հայտնվել գովազդում (մարմնի զանգվածը (կգ) բաժանած հասակի քառակուսուն (մետր)։
Որոշ գիտնականներ պնդում են, որ անորեքսիայի առաջացման հիմքում ընկած է գենետիկան (EPHX2 գենը), և սննդային վարքագծի խանգարումը պայմանավորված է հոգեբանական գործոնով: ԴՆԹ-ի հետազոտությունը ցույց է տվել, որ սննդային խախտումը կապված է մուտացիաների հետ, որոնք խանգարում են խոլեստերինի մշակմանը, վատացնում տրամադրությունը և բացասաբար ազդում սննդակարգի վրա: Բայց էնդոկրինոլոգ Բամելա Բաղրամյանի կարծիքով` գիրությունն այսօր շատ ավելի լուրջ խնդիր է, քան անորեքսիան: Ըստ վիճակագրության՝ գիրությամբ այսօր տառապում է յուրաքանչյուր 4-րդ մարդը, իսկ ամերիկացիների ավելի քան 10 միլիոնը տառապում է սննդային խանգարումներից:
Օհայոյի հավասարակշռված կենսակերպի կենտրոնի բժիշկ Լորա Հիլը վստահեցնում է, որ սնունդն էներգիայի հիմնական աղբյուրն է, բայց ի՞նչ կարող է անել այն անձը, որ սննդային վարքագծի խնդիր և ուտելիքի նկատմամբ ալերգիա ունի.«Շատ մարդիկ չեն կարողանում նորմալ ուտել, քանի որ հակացուցումներ ունեն, ալերգիա այս կամ այն սննդի նկատմամբ: Անորեքսիկներն ուտելիս հայտնվում են նյարդային ծանր վիճակում, առաջանում է անհանգստություն և աղմուկ գլխում՝ մարդկային խառնիխուռն ձայներով: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես կարող է անորքեսիկն այդ վիճակում աշխատել և գնալ հանդիպումների: Իրականում նա տանջվելու է և անվերջ փորձելու է այդ աղմուկի տակ կենտրոնանալ զրույցի վրա: Եվ այդպես` ամեն ուտելուց հետո»: Դա է, թերևս պատճառը, որ անորքեսիայից տառապողները գերադասում են չուտել:
Որոշ հետազոտողներ նշում են, որ այդ հիվանդությունները հաղթահարելու համար պետք է հասկանալ գլխուղեղի կառուցվածքն ու ֆունկցիան: Լ. Հիլը բացատրում է, թե անորեքսիա ունեցողներն ինչպես են սննդին արձագանքում:
Սննդի նկատմամբ հակազդում չունեցողների գլխուղեղի ինսուլան, որը սովածության կամ բավարարվածության ազդանշաններ է ուղարկում ուղեղի այլ հատվածներ, անմիջապես արձագանքում է իրենից վեր գտնվող միգդալային, որը պատասխան է տալիս սննդի հետ կապված որևէ խնդրի առկայության դեպքում: Այնուհետև, ակտիվանում է հաճույքի հորմոնը՝ դոփամինը, որն ամեն պատառ կուլ տալիս այսպես է արձագանքում. oհ՜, ինչ համեղ է, հաճելի է, դուր է գալիս, արի էլի ուտենք: Գլխուղեղի ճակատային մասն այն սկսում է մեկնաբանել, և եթե միգդալան ոչ մի բացասական ազդանշան չի ուղարկում` դրական են արձագանքում գլխուղեղի նաև մյուս հատվածները՝ հասնելով մինչև ուղեղի նախաճակատային կորտեքս (Prefrontal Cortex): Իսկ մարդն այդ պահին իրեն զգում է հարմարավետ և հանգիստ:
Անորեքսիա ունեցողների գլխուղեղը բոլորովին այլ կերպ է գործում: Նրանց դեպքում քաղցածության ոչ մի ազդանշան չի գրանցվում, հետևաբար, դոփամինն ու սերոտոնինը չեն ակտիվանում, իսկ մարմինը չուտելուց հյուծվում է: Անգամ եթե փորձում են մեկ պատառ ուտելիք ընդունել, չեն զգում համերի տարբերությունը, այսինքն՝ համը դառնում է միօրինակ, իսկ միգդալան արձագանքում է` մի տեսակ վախենում եմ, անհանգիստ եմ, գուցե այլևս չուտենք: Դոփամինն էլ ոչ մի հաճույք չի պատճառում: Գլխուղեղի հաջորդ շղթաները նույնպես բացասաբար են արձագանքում, և մարդը հրաժարվում է ուտելիքից:
Հարաբերականորեն առողջ մարդու համար ուտելիքը հաճույք է, իսկ սննդային խանգարումներ ունեցող մարդկանց համար՝ դեղամիջոց: Ուստի, բժիշկներն անորեքսիայով հիվանդներին խորհուրդ են տալիս ինչ և երբ ուտել: Բուլիմիայի, անորեքսիայի և սննդային այլ խանգարումների բուժումը բարդ է և երկարատև, հոգեբանների և բժիկների հետ համատեղ օգնությամբ, իսկ ժամանակին բուժման պարագայում ապաքինվում է հիվանդների 50%-ը:
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Անկախ

Tags: