Ծնողները կարող են նյարդային անորեքսիայի ախտանշանները տարբերել, եթե դեռահասի մարմնի զանգվածը տարիքին ու բոյին համապատասխանող նորմալ քաշից պակաս է 30%-ով, և նա շարունակ նիհարում է: Դա արդեն անհանգստանալու ու մասնագետին դիմելու լուրջ պատճառ է: Ամենայն հավանականությամբ, ձեր զավակը անորեքսիայի խնդիր ունի:
Վիճակագրական տվյալները ցնցող են. անորեքսիայով տառապող յուրաքանչյուր 5-րդ մարդ մահանում է: Ո՞վ է մեղավոր, որ դեռահասն իրեն մատնում է հյուծման, հեռուստատեսությո՞ւնը, սնդուսափայլ ամսագրե՞րը, թե` ծնողները:
Հոգեբանի կարծիքով` ծնողների մեղավորությունն անշուտ առկա է: Աշխատանքով ու հոգսերով տարված մայրը նվազ ուշադրություն է հատկացնում երեխային: Կամ էլ ծնողի ուշադրությունը կենտրոնացած է երեխայի ուսման, արտաքինի, բուհ ընդունվելու, շրջապատի վրա, իսկ երեխան ներքին հակասությունների դեպքում ծնողի կողմից աջակցություն չի ստանում:
Երեխայի հոգեկանի վրա խիստ ազդում է ծնողների անհաշտ լինելը, անկախ այն բանից` դրանք ակնհայտ են, թե ոչ: Հաճախ երեխաները զգում են, որ ծնողները երջանիկ չեն, ինչը տագնապալի ֆոն է ստեղծում երեխայի զարգացման համար, որը հետագայում սեփական խնդիրները լուծելու դժվարության է հանգեցնում:
Ո՞ր տարիքում է սովորաբար սկսվում նյարդային անորեքսիան հարցին մասնագետը պատասխանում է` հիմնականում 15 տարեկանում: Սակայն մասնագետի դիմում են միայն, երբ արդեն 20-ն է լրանում, ու հասկանում են, որ լուրջ խնդիր է ծագել:
Ինչպե՞ս կարող են ծնողները գլխի ընկնել, որ իրենց երեխան անորեքսիայով է հիվանդ:
Առաջին ախտանշանը քաշի կտրուկ անկումն է: Երկրորդը` սննդից հրաժարումը: Երբեմն երեխաները պատճառներ են հորինում, որ հրաժարվեն ուտելուց, ասենք` դրսում կերել է արդեն: Կամ սնունդը դանդաղ ծամելը, որը, ի դեպ, անորեքսիկ երեխայի համար պարզապես դժվար է, ֆիզիկական ծանրաբեռնավածություն է: Նրանք ժամերով զբաղվում են սպորտով, աշխատում են տարբեր գործերով իրենց ծանրաբեռնել:
Բնութագրող հանգամանք է հիվանդության հերքումը: Ծնողներն ասում են` դու հիվանդագին նիհար տեսք ունես: Իսկ երեխան, ի պատասխան, բոլոր միջոցներով փորձում է համոզել, որ ամեն ինչ կարգին է:
Անորեքսիան կանխարգելող միջոցներ
Կանխելու համար նախ և առաջ պետք է երեխայի անձին ուշադիր ու հարգանքով վերաբերվել: Գուցե տարօրինակ թվա, սակայն հոգեբանները կարծում են, որ ծնողն օրական առնվազն 10 անգամ պետք է երեխային ու ամուսնուն խրախուսելուառիթ փնտրի:
Երբ նման խնդիր է առաջանում, ծնողները կարծում են, որ կդիմեն սննդաբանին, կպատմեն ինչն ինչոց է, նա էլ ճիշտ սննդակարգ կնշանակի, ու խնդիրը կվերանա:
Իրականում ասվել ու ասվում է, որ անորեքսիան հոգեբանական խնդիր է: Հետևաբար պետք է համապատասխան մասնագետի դեմել, ոչ թե սննդաբանի:
Եթե հիվանդությունն արդեն խորացել է, քաշն էականորեն նվազել, ապա պետք է դիմել նյարդաբանի կամ էլ հոգեբույժի: Այս փուլն արդեն ենթադրում է դեղորայքային բուժում: Ներառում է դեղամիջոցներ` լրացնելու երկաթի ու ցինկի անբավարարությունը, ինչպես նաև հակադեպրեսանտներ ու հատուկ կալորիական սնունդ:
Եթե հիվանդությունը բուժվել է, հնարավո՞ր է, որ այն կրկնվի: Այս հարցին բժիշկը պատասխանում է, որ հոգեթերապիան խիստ փոխում է կյանքի հանդեպ վերաբերմունքը, իրականության ընկալումը, ընտանեկան փոխհարաբերությունները: Քանի որ բուժումը երկարատև է (առնվազն 6 ամիս), կես տարում հնարավոր է` մարդու գիտակցության մեջ արմատական փոփոխություններ կատարվեն: Փոխվում է մտածելակերպը, հետևաբար հիվանդությունը գործնականում բուժվում է մեկընդմիշտ:
