Պահնորդական գործունեությունը` պետության կողմից մենաշնորհվելու վտանգի առաջ

ohranaՄինչև 2013 թ. հունվարի 1-ը Հայաստանում պահնորդական և թիկնապահական գործունեություն իրականացնող մասնավոր կազմակերպությունները գործում էին բաց դաշտում` առանց օրենսդրական կարգավորման և չափորոշիչների: Չնայած դրան` այդ կազմակերպությունների ղեկավարները նշում են, որ իրենց մեծ մասն այդ ոլորտում է 1990-ականներից և լիովին կայացած կառույցներ են:

Այնուամենայնիվ, ոլորտն օրենսդրորեն կարգավորելն անհրաժեշտ էր, և 2012 թ. փետրվարի 9-ին Ազգային ժողովը վավերացրեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ մտավ 2013-ի հունվարին), որով սահմանվեցին մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պետական և այլ մարմինների հետ համագործակցության կարգը և այլն:

Օրենքով արդեն այդ կազմակերպությունները պետք է համապատասխան լիցենզիա ստանան նման գործունեություն իրականացնելու համար: Սահմանվեց նաև թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները: Սահմանվեցին կրթական չափորոշիչներ և այլն:

Օրենքն ընդունվելուց հետո, սակայն, պարզ դարձավ, որ ոլորտում մի շարք բացեր գոյություն ունեն: Օրինակ` լիցենզավորված ուսումնական հաստատություններ չկան: Կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվեց զբաղվել այդ հարցով, և այժմ ուսումնական հաստատության լիեցենզիան տրամադրում է ԿԳ նախարարությունը:

Մասնավոր պահնորդական գործունեությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ մեզ հետ զրույցում ասացին, որ ամենևին դեմ չեն ոլորտը կարգավորելուն, սակայն կան մի շարք հարցեր, որոնք իրենց լուրջ մտահոգության առաջ են կանգնեցրել: Նրանց կարծիքով` օրենքում, ինչպես նաև այս պահին Ազգային ժողովում գտնվող «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծում առկա որոշ դրույթներ ոլորտն անբարենպաստ են դարձնում մասնավորների համար` փոխարենը շահեկան պայմաններ ստեղծելով ոստիկանության համանման գործառույթներ իրականացնող կառույցի համար:

Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանի խոսքով` իրենց բարձրացրած խնդիրներից մեկը վերաբերում է պահնորդի որակավորման տրամադրման բարդ ընթացակարգին. «Երբ պահնորդը որոշակի ժամկետով ուսուցում է անցնում համապատասխան ուսումնական հաստատությունում և ստանում վկայական, նա դեռևս չի կարող որպես պահնորդ աշխատել, քանի որ պետք է լրացուցիչ որակավորման ստուգում անցնի նաև ոստիկանությունում, որն էլ տևում է ամիսներ»:

պահնորդԲանն այն է, որ օրենքի 14-րդ հոդվածով պահնորդական կազմակերպությունը պարտավորվում է պահնորդին տրամադրել զենք, հատուկ և տեխնիկական միջոցներ: Բնականաբար, եթե օրենքով պարտադիր է զենքի և հատուկ միջոցների օգտագործումը, այդ անձինք պետք է նաև հատուկ որակավորման ստուգում անցնեն ոստիկանությունում: Սակայն մասնավոր կազմակերպությունները հիմնականում զբաղվում են ոչ թե թիկնապահական, այլ պահնորդական գործունեությամբ, այն էլ առանց զենքի և հատուկ միջոցների օգտագործման: Ինչպես ժողովրդական լեզվով պարզաբանում է կազմակերպություններից մեկի ղեկավարը. «Պահնորդները կուլտուրական պահակներ են»: Մասնավոր ընկերություններն առաջարկում են օրենքում սահմանել տարբերություններ, օրինակ` առանձնացնել պահնորդական գործունեության մի քանի տեսակ` զենքի կրումով և օգտագործումով, հատուկ միջոցների օգտագործման իրավունքով և առանց այդ միջոցների օգտագործման իրավունքի: Եվ ըստ այդմ էլ սահմանել որակավորման պահանջները:

«Մեր կարծիքով, զենք կրելը պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ ըստ անհրաժեշտության»,- ասում է Հովհաննես Պետրոսյանը,- և ոստիկանությունում պետք է որակավորման ստուգում անցնեն միայն այն պահնորդները, որոնք զենք կրելու պարտավորություն ունեն, մնացածի դեպքում բավարար են նաև ուսուցումն ու վկայականը:

Սակայն մասնավոր ընկերություններին ամենից շատ անհանգստացնում է այս պահին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում գտնվող «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագիծը, որին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, սակայն այն դեռևս չի քննարկվել Աժ լիագումար նիստերում:
Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանությունը մինչև 2018 թվականը իրավունք ունի մասնավոր հատվածում պահպանություն իրականացնել մինչև ոլորտի վերջնական կարգավորումը: Մասնավորները կարծում են, որ այդ ընթացքում իրենք ուղղակի «կխեղդվեն». «Ոստիկանությունը, փաստորեն, մոնոպոլիզացնում է դաշտը, և մասնավորները հայտնվում են ոչ հավասար մրցակցային պայմաններում, որի հետևանքով դուրս կմղվեն շուկայից»,- ասում է Հովհաննես Պետրոսյանը:

Ստացվում է, որ շուկայում նույն գործունեությունն իրականացնող կառույցներից մեկը, այս դեպքում` պետականը, ստանձնում է նաև իր «մրցակցին» վերահսկելու, նրան որակավորում տալու կամ չտալու գործառույթ:

Մասնավոր պահնորդական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի ղեկավարի խոսքով` պահպանության ծառայությունը ոստիկանությունում գործել է դեռևս 1952 թվականից. «Մոտ 50 տարի էդ մենաշնորհը կար,- ասում է նա,-երբ 1990-ականների կեսերից շուկան ազատականացվեց, մասնավոր ընկերություններն էլ հնարավորություն ունեցան մատուցելու ծառայություններ, և շուկայում ձևավորվեց որոշակի մրցակցություն: Մասնավորին շուկայում ավելի մեծ տեղ տվեցին` համարելով առավել բարձրորակ և բարեխիղճ ծառայություններ մատուցող, հատկապես որ շատ տնտեսվարողներ նման ծառայություններ ոստիկանական համակարգի աշխատողներից չէին ցանկանում ստանալ: Մենք լուրջ ներդրումներ ենք կատարել ոլորտում, բայց հիմա ստիպված ենք լինելու փակվել: Այսինքն` էս դաշտն էլ մտցրին մենաշնորհի մեջ»:

Նշենք, որ Հայաստանում գործում են պահնորդական գործունեությամբ զբաղվող շուրջ 21 մասնավոր կազմակերպություններ, որոնցում ներգրավված են 8-10 հազար աշխատակիցներ:
Օրենքի նախագծով ոստիկանությունը պահպանության ծառայություններից օգտվող կազմակերպություններին պարտադրելու է նաև կնքել պայմանագիր ոստիկանության հետ: «Ինչո՞ւ են մասնավոր ընկերություններին պարտադրում,-ասում են մասնավորները,- մենք անկախացանք, որ էդ պարտադիր երևույթից դուրս գանք: Պետք է լինի հավասար մրցակցություն, և տվյալ սուբյկետը ընտրի, թե ում հետ է ուզում պայմանագիր կնքել»:
Այս պահին ոստիկանությունն իրականացնում է 4150 տնտեսվարող սուբյեկտների պահպանություն, ինչը բավականին մեծ թիվ է: 2014 թ. պետական բյուջեով 6.7 տոկոսով ավելացել են նոր պայմանագրերը համապատասխան սուբյեկտների հետ: Ինչ վերաբերում է հատուկ պահպանության և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանմանը, ապա մասնավոր ընկերությունները բնական են համարում, որ դրանց պահպանումն իրականացնում է ոստիկանությունը. «Բայց այստեղ էլ կա խնդիր,- ասում է Հովհաննես Պետրոսյանը,- ո՞ր օբյեկտներն է ոստիկանությունը համարում կարևորագույն կամ հատուկ նշանակության: Մենք առաջարկում ենք այդ օբյեկտները հաստատել ոչ թե տեսակով, այլ անվանական ցանկով: Մեր պետությունը շատ փոքր է, կարող են անվանական ցանկով հաստատել: Իսկ եթե տեսակով լինի, ոստիկանությունը կարող է ցանկացած հասարակական վայր համարել հասարակության համար թիրախային և վերցնել իր պահպանության տակ»:

անվտանգությունՀովհաննես Պետրոսյանը հայտնեց, որ մարտի 1-ին իրենք հանդիպել են ՀՀ ոստիկանապետի հետ, ներկայացրել իրենց մտահոգությունները, որոշակի հարցերի շուրջ անգամ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց թե որքանով դրանք կիրականանան, դժվարանում է պատասխանել: Մեկ տասնյակ ընկերությունների ղեկավարներ հարցը բարձրացրել են նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ, որն իր հերթին կարևորել է բարձրացված հարցերն ու մտահոգություն հայտնել դրանց վերաբերյալ` նշելով, որ խնդիրը պետք է քննարկվի Հանրային խորհրդում, քանի որ այն առնչվում է քաղաքացու իրավունքներին, ազատ տնտեսական մրցակցությանն ու բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծմանը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը «Անկախի» հետ զրույցում ասաց, որ դեռևս վերջնական գնահատականներ չի կարող տալ ոլորտը կարգավորող օրենսդրության վերաբերյալ, քանի դեռ իսկապես կան վիճահարույց մի շարք հարցեր. «Իմ պատկերացմամբ «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագիծը դեռևս որոշակի բարելավման կարիք ունի` հատկապես հաշվի առնելով այն շահերի բախումը, որ առկա է երկու ոլորտներում` պետական և մասնավոր: Օրինակ` խնդիր է հատուկ պահպանության օբյեկտների և այդ հասկացությունների ոչ հստակ լինելը»:

Կորյուն Նահապետյանը քննարկման առարկա է համարում նաև մասնավոր ընկերությունների` պահնորդնական գործունեության մեջ կարգեր սահմանելու առաջարկը. «Այո, այսօրվա գործող օրենքում նման տարբերակում չկա: Կառավարության որոշմամբ էլ նման սահմանազատում չկա: Մենք պետք է միջազգային լավագույն փորձն ուսումնասիրենք և հասկանանք` իսկապես նման տարբերակումը հիմնավո՞ր է, թե ոչ»:

Ի դեպ, օրենքի նախագծով նախատեսվում է ոստիկանության ռազմականացված ստորաբաժանման ձևավորում, որի աշխատակիցները ոստիկաններ չեն լինելու, այլ աշխատելու են աշխատանքային պայմանագրի հիման վրա: Մեր հարցին, թե արդյոք այդ աշխատակիցները որակավորման նույն բարդ ընթացակա՞րգն են անցնելու, ինչ մասնավորները, Նահապետյանն ասաց. «Ցավոք, օրենքի նախագծում դա չի երևում»:
Նահապետյանի խոսքով` իրենք պարբերաբար ոլորտի վերաբերյալ քննարկումներ են ունենում նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ և լսում նրանց տեսակետները: Բայց որպեսզի ոլորտը լիովին կարգավորվի, անհրաժեշտ են նաև լրացուցիչ ուսումնասիրություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով: Նա հայտնեց, որ պատրաստվում են ոլորտը կարգավորող օրենսդրությունն ուղարկել նաև միջազգային փորձաքննության, ապա կազմակերպել ընդլայնված քննարկում շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որից հետո նոր հստակեցնել հնարավոր փոփոխությունները:
«Ես նպատակ եմ դրել, որ կարճ ժամանակահատվածում` առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում, բարենպաստ միջավայր ստեղծենք ոլորտի կայացման համար»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Այդ մի քանի տարիներն էլ հենց լրջորեն անհանգստացնում են մասնավորներին, որովհետև մտավախություն ունեն, որ մինչ այդ ոստիկանությունն արդեն ոլորտն «իրենով արած կլինի»:

 

 

 

 

Tags: ,