Երեք ճանապարհ կա, բայց Բերդի տարածաշրջան հասնելու ճանապարհ չկա

բերդՆախկին Շամշադինի շրջան հասնելն արդեն յոթ ամիս է` գերխնդիր է տարածաշրջանի բնակիչների և, առհասարակ, այստեղ մեկնել ցանկացողների համար: «Ո՞ր ճամփով եք գնալու»,- Բերդի տարածաշրջան երթևեկող վարորդներին ուղղված գլխավոր հարցն է: Ոտքն արագության ոտնակին դնելուց առաջ ավտովարորդները երկար-բարակ մտածում են, կես կատակ էլ բարձրաձայնում. «Ավելի լավ ա թոփի տակ ընկնենք, քան թիփիի»,- ասում են ու ուղղություն վերցնում դեպի Վազաշեն-Պառավաքար ճանապարհ, որը 2013-ի հոկտեմբերին գնդակոծվեց ադրբեջանական կողմից ու դարձավ վտանգավոր:
Երևան-Դիլիջան-Իջևան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ճանապարհը հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ է, և Դիլիջանի թունելի կառուցումից ու շահագործումից հետո այն իսկապես արագընթաց, արդյունավետ ու շահավետ դարձավ Տավուշի մարզի այս հատված հասնելու համար: Վերջին օրերին ճանապարհը կրկին գնդակոծության ենթարկվեց, և հիմա այն կիսափակ է: Եվ քանի որ ձյունը հալվել է, ցրտերն էլ նահանջել են, մեկնողները, խուսափելով արկածախնդրությունից ու հնարավոր վտանգից, կտրուկ շրջադարձ են կատարում և էլի կանգնում երկընտրանքի առաջ` սարի ճանապարհով գնա՞ն, թե՞ Գանձաքար-Իծաքարով: Խնդիրն այն է, որ այս պահին Բերդ տանող երեք ճանապարհ կա, բայց երեքն էլ մտահոգիչ են, ոչ մեկը լիարժեք «կանաչ ճանպարհ» չի մաղթում հյուսիսարևելյան գյուղեր հասնելու համար:
Ճամբարակ-Բերդ ճանապարհը հայկական ռելիեֆին բնորոշ անվերջ ոլորանների շղթա է, ճանապարհն անբարեկարգ է, գրունտային և փոսաշատ, ձմռանը` խիստ վտանգավոր: Բերդ-Ճամբարակ ճանապարհն ամբողջ ձմեռ, ինչպես Սելիմի լեռնանցքը, փակ է: Այն հաղթահարելու համար երեք ժամից ավելի է հարկավոր, որի գրեթե ամբողջ ընթացքում բջջային կապ չկա: Այս ճանապարհի աջնուձախը հերիք չէ` ձորեր են, մի հատված էլ կա, որ մարդիկ շունչները պահած են երթևեկում: Երևանից մեկնելիս նոր-նոր սկսվող սարի ճանապարհի գրեթե սկզբնամասի ոլորանն է, տեղացիներին հայտնի «Հորիզոնի» աղբյուրը, որի դեմ- դիմաց հակառակորդի դիրքերն են:
Հանդիպակաց սարը ճանապարհից պարզ երևում է, երևում են նաև ադրբեջանական դիրքերը, որոնք մեկը չեն, այլ մի քանիսը: Քանի դեռ այստեղ գնդակոծության նոր դեպք չի գրանցվել (սատանի ականջը խուլ), երթևեկությունը չի կանգնում: Չնայած պատմում են, որ 1990-ականների կռվի տարիներին ադրբեջանցիները մտել են, «Հորիզոնի» աղբյուրի մոտ մեքենայի վրա կրակել, մարդ են սպանել: Գտնվելով նման դիրքում` այս ճանապարհն ունի ռազմավարական նշանակություն, բայց այն նորոգելու, բարեկարգելու ծրագիր առայժմ չկա: Անվտանգության առումով ամենաապահովը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որի ասֆալտապատման համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է մոտ հինգ միլիարդ դրամ: Անտառամիջյան ճանապարհը բացվել է հակամարտության թեժ տարիներին, Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ: Գանձաքար-Իծաքար ճանապարը թշնամու համար տեսանելի չէ, ուստի նախընտրելի տարբերակն է, բայց այն վերակառուցելու ծրագիր չկա: Հիմա Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհի Գանձաքարի տեղամասում ճանապարհի ամբողջ երկայնքով իրականացվում են խճապատման աշխատանքներ: «Անցանելիությունն ապահովելու նպատակով է: Բարեկարգման մեջ են մտնում նաև բերվածքների, առուների մաքրման, ջրահեռացման աշխատանքները»,- տեղեկացրեց Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի ղեկավար Արտակ Սարգսյանը: Իջևանի ՃՇՇ ՓԲԸ-ի ղեկավարն ավելացրեց. «Գրեյդերներով մաքրում ենք, քարերն ենք պարբերաբար հավաքում, կապիտալ բարեկարգում է արվում: Շատ նեղ ոլորանները, որոնք վտանգ են ներկայացնում երթևեկի համար, լայնացվում են, պայթեցումներ ենք իրականացնում: Երեք ոլորան ունենք, որոնք չափազանց նեղ են թե՛ բեռնատար մեքենաների, թե՛ ուղևորատար ավտոմեքենաների համար, շրջադարձերի համար խիստ վտանգավոր են: Խոսքը Գանձաքարից 6-7 կմ վերև ոլորանների մասին է»:
Ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատանքների համար գումարը պետք է հատկացվի պետական բյուջեից: Ի դեպ, այս ընկերությունն է իրականացնում նաև Վազաշեն-Պառավաքար նոր ճանապարհի կառուցումը: Բորիս Սարգսյանի խոսքով, աշխատանքները մեծ թափով իրականացվում են` չնայած պարբերաբար հնչող կրակոցներին: Նա վստահեցրեց, որ շրջանցիկ ճանապարհը միանգամայն անվտանգ է լինելու, քանի որ հակառակորդի կողմից տեսանելիությունը փակ է: Նոր ճանապարհի ամենավտանգավոր հատվածում, որը մոտ 200 մ է, կառուցվում է պաշտպանիչ պատ: Այլընտրանքային ճանապարհը կունենա 3,2 կմ երկարություն, 6-7 մ լայնություն, այն 2 կմ-ով կկրճատի ներկայիս ճանապարհը: Ճանապարհի կառուցման համար կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 535,7 մլն դրամ:
Սակայն գյուղացիները թերահավատությամբ են խոսում այս ճանապարհի մասին` պնդելով, թե լսել են, որ էդ մասերում ոսկու հանք կա, որն էլ շահագործելու նպատակ է հետապնդում նորակառույց ճանապարհը: Այլընտրանքային ճանապարհի կառուցման պատասխանատուները, սակայն, հավաստիացնում են, որ այդտեղ ոսկու հանք եղել է, բայց ճանապարհի կառուցումը դրա հետ որևէ կապ չունի:
Վազաշեն-Պառավաքար նոր ճանապարհի մուտքին շատ մոտ է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած նախկին առողջարանի (ինչպես տեղաբնակներն են կոչում` «4-րդ ուպրավլենու») կիսավեր շենքը: Ժամանակին Մինիստրների խորհրդի հավեկշռում գտնվող հյուրանոցը կառուցվել է տավուշցի, Հայաստանի նախկին պետպլանի նախագահ Ստեփան Թովմասյանի ջանքերով: Տեղացիների պատմելով` հիմա շենքը գործարար Միխայիլ Բաղդասարովի անունով է, գույքահարկն էլ Վազաշենի գյուղապետարանում է վճարում: Տարածաշրջանի բնակիչների ականջին է հասել, որ նախկին կենտկոմի առաջին քարտուղարների ու սովետական ղեկավարության «պրեստիժնի» հյուրանոցը շուտով դառնալու է ոսկու հանքի վարչական կենտրոնը:
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հաստատեց տեղեկությունը, որ շենքն այժմ պատկանում է «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատեր Բաղդասարովին, որը «շատ պարտաճանաչ էլ հարկերը վճարում է»:
Ինչ վերաբերում է ոսկու հանքին, ապա, ըստ համայնքի ղեկավարի, այն հայտնաբերվել է 1970-ականներին: «Դրա շահագործումն ուղղակի հրաշք կլինի, դա կլինի մեր գյուղի փրկությունը, ամբողջ ժողովուրդն ա դրան սպասում, աշխատատեղեր կբացվեն»,- նշեց Լորիկ Բադիրյանը` հավելելով, որ լսել է, թե ով որ ցանկանում է շահագործել հանքը, Վազաշենի զարգացման հետ կապված շատ ծրագրեր ունի: «Եթե գյուղը սոված ա, գյուղում մարդ չի մնացել, էկոլոգիա-մէկոլոգիան երկրորդ պլան ա մղվում»,- նշեց գյուղապետը: Նա նաև հիշեց, որ տարածքում գտնվող «սանատորիայում» ամբողջ Երևանն էր հանգստանում: «Ամեն մարդ չէր կարա մտնի «4-րդ ուպրավլենի», էնքան խնջույքների եմ մասնակցել»,- նոր ճանապարհի կառուցման պատասխանատու ընկերության ղեկավարը հիշողությունների գիրկն ընկավ` խնդրելով շատ չփորփրել իր ջահել օրերի «գիրքը»…

Մայա Խաչատրյան

Անկախ

Tags: , ,