Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ և մտորելու նոր առիթներ

ՇալանդՄարզասերները երկար ժամանակ սպասում էին, թե ով է լինելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը: Բանն այն է, որ ընտրական վերջին տարիների մրցաշարերում մեր երկրի ներկայացուցիչները հաջողության են հասել հեղինակավոր մի քանի թիմերի հետ մրցամարտերում: Ոմանք դա պատահականություն են համարում, մյուսներն էլ ենթադրում են, որ եթե հավաքականը բարձրակարգ մասնագետ ղեկավարի, հնարավոր է, որ դուրս գանք Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եզրափակիչ: Փորձը ցույց է տվել, որ անգամ նույն մարզիչը, տարբեր երկրների թիմեր գլխավորելով, այդ առաջադրանքը կատարել է:

Եվ ահա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը տևական փնտրտուքից, իր իսկ վկայությամբ` 49 մարդու հետ բանակցելուց հետո հայտնել է, որ այդ պատիվը վստահել է շվեյցարացի 63-ամյա մասնագետ Բեռնարդ Շալանդին:
Այսպիսով, Հայաստանի ընտրանին գլխավոր մարզիչ ունեցավ, սակայն մտահոգությունը չպակասեց: Բանն այն է, որ նա նախկինում որևէ երկրի ազգային հավաքական չի մարզել: Ավելին, Շալանդն աշխատել է միայն Շվեյցարիայում, մարզել այդ երկրի մի շարք ակումբներ, նաև երիտասարդական հավաքականը:
Եվ նա հրաշքով միայն կարող է մեր երկրի հավաքականը դուրս բերել Եվրոպայի 2016-ի առաջնության եզրափակիչ: Ընդ որում, մարզիչն ինքն էլ հայտնել է, որ դա իր համար նորություն է, մարտահրավեր, զարմացած է Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկից, ռիսկային պայմանագիր է կնքել և ձախողվելու, հավաքականը հաջորդ փուլ դուրս չբերելու դեպքում կարող է պարզապես տուժել, ֆինանսական որևէ փոխհատուցում չստանալ:
«Սակայն, միևնույն է: Այս մարտահրավերը հնարավոր է` վերջինն է ինձ համար: Ցանկանում եմ այն ընդունել»,- ասել է Շալանդը շվեյցարացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ վիճակահանությամբ մերոնց բաժին է հասել մեկ մրցակից պակաս ունեցող խումբ, և խաղեր են սպասվում Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի ներկայացուցիչների հետ:
Թերևս միայն հայկական ֆուտբոլում է, որ թաքցվում է, թե ինչ ֆինանսական գործարք է կատարվել, հրավիրված մասնագետի վարձատրության չափն ինչքան է: Մի բան է հայտնի, որ նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրն ընտրական մրցաշարի ավարտից հետո երկարաձգվելու է միայն այն դեպքում, եթե մեր ընտրանին պայքարը շարունակելու իրավունք ստանա:
Նախատեսվում է, որ շվեյցարացի մասնագետին օգնեն իր երկրից հրավիրված մարզիչներ: Չի բացառվում, որ նրանց թվում լինի նաև Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արթուր Պետրոսյանը, որ Շվեյցարիայում է աշխատում:

Քանի որ Շալանդը համակարգելու է նաև Հայաստանի մյուս տարիքային խմբերի հավաքականների աշխատանքը, Երևանում է մնալու: Ասում են, որ նա խստապահանջ է, կարգապահություն սիրող, այդուհանդերձ հավանականությունը դարձյալ քիչ է, վստահություն չկա, որ նա կարող է մեր երկրի ընտրանին դուրս բերել հաջորդ փուլ: Պարզապես նախկինում շվեյցարացի մարզիչն այդ կարգի որևէ թիմի չի օգնել, որ հասնի:
Ինքնին հարց կարող է առաջանալ, թե ինչու այնպիսի մասնագետ չի ընտրվել, որը կարող էր ավելի մեծ հույսեր ներշնչել:
Իրականում շատ բարձրակարգ մարզիչները ֆինանսական համապատասխան պահանջներ են ներկայացնում: Մասնավորապես, ՀՖՖ նախագահը տեղեկացրել է, որ առնվազն 5 մլն դոլարի խնդիր է: Որոշ մասնագետներ հրապարակավ հայտարարում են, որ աշխատելու համար տարեկան շատ բարձր, անգամ կրկնակի կամ ավելի վարձատրություն են ստանում, և մեծ մասը կատարում է պարտավորությունը: Մինչդեռ Հայրապետյանը չի թաքցնում իր կարծիքը, որ չարժե համարձակ քայլի դիմել և այդպիսի գործարքներ կատարել այն դեպքում, երբ բացարձակ երաշխիք չկա, որ հաջողություն կլինի:
Մինչդեռ Եվրոպայի, աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս եկած հավաքականները որպես փոխհատուցում մեծ փողեր են ստանում, և այդ ծախսերը փակվում են:
Ի դեպ, այս տարի Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի հետ բարեգործական խաղ անցկացնելու համար մեր թիմին 150 հազար եվրո է հատկացվել: Մեկ անգամ ևս խորհելու առիթ է առաջանում` արժե՞ խնայել բարձրակարգ մարզչի հրավիրելու համար…
Ի դեպ, երկրների մեծ մասում ֆուտբոլն ազգային քաղաքանություն է համարվում և առանց որևէ ափսոսանքի ամեն ինչ արվում է հաջողության հասնելու համար: Օրինակ` որոշ պետություններում հրավիրված ֆուտբոլի մարզիչներին վճարում է տվյալ երկրի սպորտի նախարարությունը: Գուցե Հայաստանո՞ւմ էլ այդ սկզբունքը կիրառվի:

Tags: ,