Հաղթանակների ամիս մայիսը

եռատոնԵրբ փակում ես կորուստներով լեցուն ապրիլյան էջը (Եղեռն, «Կոլցո» օպերացիա, Մարաղա…)  և ակամա հայտնվում կորուստների ու հաղթանակների ճամփաբաժանում, չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս: Բայց երբ առաջ ես նայում ու զգում մայիսյան հաղթանակների` Սարդարապատի ճակատամարտի, Շուշիի ազատագրման շունչը, գոտեպնդվում ես, թե  ինչքա՜ն պատմելու բան կա:

Էլ չեմ խոսում Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի ունեցած դերի մասին: Բայց ինչո՞ւ չխոսել:

Տասնամյակներ անց Մոսկվայի Կարմիր հրապարակում, Մեծ հայրենականի հաղթանակի 60-ամյակին նվիրված շքերթի ժամանակ առաջին անգամ ողջ աշխարհի առջև հրապարակավ խոստովանեցին, որ հայ ժողովուրդն այդ պատերազմին տվեց ավելին, քան Ադրբեջանը, Վրաստանը և շատ այլ երկրներ:

Խոստովանությունը` խոստովանություն, բայց մենք էլ մեր հերթին պիտի խոստովանենք, որ արդեն դարավերջին, երբ դժվարին կացության մեջ մենք էինք հայտնվել, ռուսները ոչ թե մեր կողքին կանգնեցին, այլ ադրբեջանցու, և իրականացրին «Կոլցո» օպերացիան: Հայաթափվեց Շահումյանը:

Ինչևէ:  Շուշիի ազատագրումը ոչ միայն մայիսյան հաղթանակների դափնեպսակն է, այլև ողջ Արցախյան գոյամարտի, ու այդպիսին էլ կմնա, որովհետև Շուշին էր վճռելու հայոց նորօրյա ազատամարտի ելքը:

Հին անունը Շոշ է եղել, որը նշանակում է բարձրություն: Քաղաք, որ անհիշելի ժամանակներից (VI-IX դդ.) հպարտորեն թիկնել է Քիրս լեռան (2750 մ) հյուսիսային փեշին  և շրջապատված է անդնդախոր ձորերով: Իսկ վաղ միջնադարում այն Շիկաքար է կոչվել:

Երբ  Ղարաբաղում սկսվում է հայերի ազգային-ազատագրական շարժումը, շատ նվիրյալների հետ Ավան անունով մի լոռեցի մշտական բնակություն է հաստատում Շոշ գյուղում: Հոգևորական գերդաստանի զավակը, մտահոգված ժողովրդի անվտանգությամբ, պաշտպանությամբ, 1720 թ. Շուշի քաղաքի արևելան մասում` Հնոտի կիրճի ձախափնյա ժայռին, նախաձեռնում է բերդ-ապարանքի կառուցումը, որն այսօր էլ Ավան հարյուրապետի անունով է կոչվում:

Քաղաքի մշակութային կյանքը հարուստ է եղել: Դեռևս 1820 թ. քաղաքում տպարան է գործել է: Լույս են տեսել 10-ից ավելի թերթեր ու ամսագրեր: Շուշիի Հակոբյան տպարանում է տպագրվում Լեոյի «Իմ օրագիրը», Րաֆֆու «Խենթը», Ֆիրդուսու «Շահնամեն»:

Բայց արի ու տես,որ նաև դառնություններով լեցուն է եղել քաղաքի կյանքը, քանզի պատերազմներն ու ազգամիջյան բախումներն անպակաս էին: Մարդիկ քանիցս շենացրել են քաղաքը, իսկ քոչվորներն ու ավարառուներն այն  ավերել են: Թե որքան փոթորիկներ են անցել նրա գլխով, վկան ավերված 5 եկեղեցիներն ու բզկտված հողն են, շիրիմները պսակող հայոց ինքնատիպ խաչքարերն ու նրանց մասին մինչ օրս պահպանվող պատմությունները : Իսկ 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման շեմին ներխուժած թաթարների եռօրյա  ասպատակությունից հետո Շուշին անվանեցին Հայոց Պոմպեյ:

Շուշիին մի նոր աղետ էր սպասում արդեն  XX դարավերջին, ավելի ճիշտ այն արդեն չոքել էր նրա դռանը: Ոսոխը ոչ միայն կրկին Շուշին էր հայաթափել, այլև շրջանի մի շարք գյուղեր: Հրետակոծությամբ շարունակ ահ ու սարսափի մեջ էին պահում նաև Ստեփանակերտը, որտեղ կյանքը նկուղ էր տեղափոխվել: Միայն հերոս Քարին տակի «հախից» այդպես էլ չկարողացավ գալ: Շուշիի քթի տակ (2 կմ հեռավորությամբ) գտնվող  գյուղի մեջ թշնամին իրեն սպառնացող վտանգ էր տեսնում: Եվ  այդ մտավախությունն իզուր չէր, քանի որ 1992 թ. հունվարի 26-ին թուրքը գյուղի մատույցներում 150 դիակ թողեց, բայց գյուղ այդպես էլ չմտավ: Շուշիի բարձունքից ադրբեջանցի հրոսակները շատ վայրագություններ են արել: Անգամ փորձել են այն ժայռը պայթեցնել, որի վրա իրենք էին շնթռած, միայն թե ինչ-որ կերպ գյուղի «հախից» գային, վկայությունը` ժայռի տակ փորված անցքերը: Հավի խելք ու միտք ունեցողները հավանաբար ուշ են գլխի ընկել, որ դրանով նաև իրենց գերեզմանն են փորում:

Շուշիի օպերացիան ծրագրված էր սկսել մայիսի 4-ին, սակայն առատ տեղացած ձյան պատճառով այն հետաձգվեց 8-ին: Մարտական գործողությունների քարտեզը պատրաստ էր դեռ ապրիլի կեսից: Արդեն մայիսի 7-ից շուրջ 80 ինքնապաշտպանական ջոկատներ ու դասակներ գրավում են իրենց դիրքերն ու սպասում «Հարսանիք լեռներում» ծածկանունով գործողությունը սկսելու հրամանին, որն էլ շատ չի ուշանում:

Շուշիի օպերացիայի իրադարձությունները հազարապատիկ են, մասնակիցներն էլ` ոչ պակաս: Եթե անսանք օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին. «Թեև Շուշիի օպերացիային իրականում 2500 զինվոր մասնակցեց, բայց ես ավելին կասեմ, որ այդ ազատագրմանը մասնակցեց նաև ողջ հայ ժողովուրդը, որի սրտի թրթիռը, սրտատրոփ սպասումը  մեր թիկունքում զգում էինք»:

Մահ ու ավեր սփռող, անառիկ ամրոց հիշեցնող քաղաքն ընկավ 27 ժամում: 1992 թ. մայիսի 9-ի առավոտյան արդեն հայոց եռագույնը փողփողաց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին, իսկ քաղաքն արդեն թուրքաթափ էր եղել: Եվ այդ փառահեղ հաղթանակը պատմության մեջ մտավ որպես ոգու հաղթանակ: Իսկ առջևում Լաչինի շրջանի ազատագրումն էր, որ հետո Քաշաթաղ վարչական շրջան պիտի դառնար` իր Բերձոր շրջկենտրոնով:

Ադրբեջանցիներն իրենց կրած պարտության պատճառը հրամանատարության դավաճանությունն էին համարում` մեղադրելով հատկապես Շուշիի զորամասի հրամանատար Էլբրուս Օրուջևին: Այդպես էլ գլխի չընկան կամ էլ խոստովանելու համարձակություն չունեցան, որ այդ խաղն իրենք տանուլ տվեցին դեռևս 1991 թ. դեկտեմբերին Կրկժանի, այնուհետև Մալիբեյլիի, Ղուշուլարի կրակակետերի լռեցմամբ, իսկ 1992 թ. հունվարին` Քարին Տակի հերոսամարտում և, վերջապես, Խոջալուի ազատագրմամբ:

Այսօր Շուշին ոչ միայն անկախ Արցախի համանուն շրջանի վարչական կենտրոնն է, այլև Արցախի թեմի առաջնորդանիստ քաղաքը, որը կամաց-կամաց բուժում է ինչպես 70-ամյա ավերի, կորստի, այնպես էլ պատերազմի վերքերը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Tags: , ,