«Չելսիին» նոր փառքից բաժանում է մեկ քայլ

չելսիՄայիսի 15-ին Հոլանդիայում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակիչը: 4-րդ անգամ այս ստուգատեսի վճռական խաղը կանցկացվի:

«Ամստերդամ արենա» մարզադաշտում կմրցեն ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիր անգլիական «Չելսին» և պորտուգալական «Բենֆիկան»:

Փաստորեն, «Չելսիին» մեկ քայլ է բաժանում, որպեսզի այն դառնա 4-րդ ակումբը, որին հաջողվել է հաղթել ՈւԵՖԱ-ի երեք գլխավոր մրցաշարերում` Եվրոպայի Չեմպիոնների լիգա,  ՈւԵՖԱ-ի գավաթ/ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգա, Գավաթակիրների գավաթ: Լոնդոնյան ակումբը եզրափակչում «Բենֆիկային» հաղթելու դեպքում կարժանանա այն փառքին, որն ունեն իտալական «Յուվենթուսը»,  գերմանական «Բավարիան» և հոլանդական «Այաքսը»:

Նախկինում միայն մեկ անգամ են եվրոպական գավաթային մրցաշարերում խաչվել այս ակումբների ճանապարհները:

Նախորդ մրցաշրջանում թիմերը միմյանց հետ մրցել են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում և երկու խաղում էլ հաղթել են անգլիացի ֆուտբոլիստները:

Նրանք հյուրընկալվելիս առավելության են հասել 1:0 հաշվով: Աչքի է ընկել Սալոմոն Կալուն: Իսկ  լոնդոնյան հանդիպումում հաշիվը տանտերերից բացել է Ֆրենկ Լեմպարդը: Թեև դրանից հետո մրցավարը խաղադաշտից հեռացրել է հյուրերի կազմում հանդես եկող Մակսի Պերեյրային, լիսաբոնցիներից Խավի Գարսիան կարողացել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Իսկ «Չելսիին» հաղթանակ է բերել պորտուգալացի Ռաուլ Մեյրելեշի իր հայրենակիցների դարպասը խփած գնդակը` 2:1:

Թե ինչպես կավարտվի երկու ակումբների նոր հակամարտությունը, դժվար է ասել: Երկու թիմերն էլ նախկինում քանիցս հանդես են եկել եվրոպական գավաթային մրցաշարերի եզրափակիչներում: Անգլիացիները 2012-ին հաղթել են  Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում, 1971-ին և 1998-ին` գավաթակիրների գավաթի խաղարկությունում:

Իսկ «Բենֆիկան» հեռավոր 1961-ին և 1962-ին ուժեղագույն է ճանաչվել Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության մրցաշարերում:

Tags: ,