Խաղեր` հայաստանցի մեկ մասնակից մարզիկով

2-rd nyut ՈՒԿՐԱԻՆԱ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ_140240_00058_1_t218_220503Սոչին հյուրընկալել է ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարզիկներին` պարալիմպիկ խաղերի մասնակիցներին: Ստուգատեսը մեկնարկել է մարտի 7-ին և կավարտվի 16-ին: Ուժերն են չափում 45 երկրների 1650 պատվիրակներ: Նրանք պարգևներն են խաղարկում 5 մարզաձևերում՝ դահուկավազք, բիաթլոն, սլեդջ-հոկեյ, կյորլինգ՝ անվասայլակներով և լեռնադահուկային սպորտ: Կվիճարկվի մեդալների 72 հավաքածու:

Հայաստանից հանդես կգա 33-ամյա լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը: Նա մարտի 13-14-ը կարողությունները կփորձի հսկա ու հատուկ ոլորավայրէջքում:

Խաղերում մեր երկրի պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի պարալիմպիական կոմիտեի և հաշմանդամ մարզիկների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը: Պատվիրակության կազմում է նաև կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը: Արցախցի Ավանեսյանի մարզիչն է Րաֆֆի Դերդերյանը:

Մհերը դժբախտ պատահարի` հոսանքահարման հետևանքով 7 տարեկանում կորցրել է երկու ձեռքը: Նա 14 տարեկանից զբաղվում է լեռնադահուկային սպորտով և խաղերին փետրվարից է նախապատրաստվել, մրցավայր ուղևորվելուց առաջ 20-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում:

Ի դեպ, միայն հունվարի վերջին է պարզվել, որ պարալիմպիկ խաղերում մեր երկիրը միայն մեկ ներկայացուցիչ է ունենալու: Հայաստանին տեղը հատկացվել է հրավերով` «սպիտակ քարտով»: Ակնկալվում էր, որ խաղերին մասնակցելու հնարավորություն կտրվի նաև մեր երկրի մեկ մարզուհու, սակայն այդ հարցն այդպես էլ չի կարգավորվել, կազմակերպիչները ևս մեկ հրավեր չէին ուղարկել:
Ի դեպ, Ավանեսյանը, սկսած 1998-ից, մասնակցել է պարալիմպիկ նախորդ բոլոր խաղերին:

Սոչիի «Ֆիշտ» մարզասրահում կայացած խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերինը, հիանալի էր կազմակերպվել:

Շքերթին Ուկրաինայից մեկ մասնակից կար: Այդ երկրում ստեղծված քաղաքական լարված իրավիճակի, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ունեցած խնդիրների պատճառով ուկրաինացիները չէին ցանականում ներկա գտնվել, խաղերի բացման նախօրեին ցանկանում էին հեռանալ, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է նրանց և համոզել: Երթին ուկրաինացի մեկ մարզիկ էր մասնակցում:

 

Tags: