Ինչպե՞ս է կատարվում քրեական գործի արձանագրումը

քրեականՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29 հոդվածի համաձայն` դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:

Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում: Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները, որոնք կազմվել կամ պատրաստվել են դատավարական գործողության ընթացքում, կցվում են քրեական գործին:
Արձանագրությունում նշվում են՝
1) դատավարական գործողության իրականացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ,
2) արձանագրությունը կազմողի պաշտոնը և ազգանունը.
3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ:
Դատավարական գործողություններն արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:
Արձանագրությունում նշվում են տեղեկություններ դատավարական գործողության ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման կարգի և պայմանների, այն օբյեկտների, որոնց նկատմամբ տեխնիկական միջոցները կիրառվել են, և ստացված արդյունքների, ինչպես նաև մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:
Արձանագրությունը ներկայացվում է դատավարական գործողությանը մասնակցած անձանց՝ ծանոթացման համար: Ընդ որում, նշված անձանց բացատրվում է արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու իրենց իրավունքը: Արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ բոլոր հայտարարություններy ստորագրում են դատավարական գործողությանը մասնակցած անձինք:
Արձանագրությունը ստորագրում են քննիչը և դատավարական գործողությանը մասնակցող անձինք:
Կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատավարական գործողությանը մասնակցած այլ անձի՝ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, պաշտպանի, ներկայացուցչի, օրինական ներկայացուցչի, իրավահաջորդի կամ ընթերակայի ստորագրություններով, եթե նրանք մասնակցում են դատավարական գործողությանը:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչը նույնպես արձանագրվում է:
Եթե կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան ֆիզիկական թերությունների, կամ առողջական վիճակի, կամ անգրագիտության հետևանքով զրկված են արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում պաշտպանի, օրինական ներկայացուցչի, ներկայացուցչի կամ ընթերակայի ներկայությամբ, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:
Արձանագրությունը պետք է պարունակի նաև գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետևանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, ինչը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Tags: , ,