Պետությունը և հասարակությունը պետք է այնքան միաբանված լինեն, որ օտար մեկնաբանություններից պաշտպանված լինեն

Աթանեսյան արթուր

Լուսանկարը` PanArmenian photo-ի

Տեղեկատվական պատերազմն այնքան հին է, որքան մարդը: Դեռևս հին ժամանակներից մարդիկ խոսքային կոնֆլիկտի մեջ են եղել միմյանց հետ: Թվային տեխնոլոգիաների, հետևաբար՝ ԶԼՄ-ների զարգացման հետ մեկտեղ զարգացան նաև հաղորդակցման ձևերը՝ ձեռք բերելով ոչ միայն դրական, այլև բացասական երանգ:

Շատ մտածողներ լավ ծանոթ էին ստի արվեստին և ամբոխի վրա ազդելու տեխնիկաներին, որոնք կիրառում էին հին և կարծրատիպային բառապաշար (օրինակ՝ «կոմունիզմի ժամանակաշրջան», «աշխատող ազգ», «եղբայրություն» և այլն)՝ կատարյալ մտապատկեր ստեղծելու նպատակով:

Վերջերս Public Relations Journal գիտական հանդեսը էլեկտրոնային հոդվածներից մեծ մասում սխալներ և խեղաթյուրված տեղեկատվություններ է գտել, որոնց մի մասը պատկանում է մեր անբաժանելի հարևաններին, մասնավորապես` Ադրբեջանին, որը մեծ գումարներ է ծախսում այդ սխալներին կենդանություն հաղորդելու համար: Բացի այդ, միջազգային հանրության վրա ազդեցություն գործելու նպատակով այդ պետությունը նորագույն տեխնոլոգիաների միջոցով ոչ մի ջանք չի խնայում՝ հակահայկական տեղեկատվություն տարածելու համար (հավաստիացնում են տարբեր մասնագետներ): Իսկ այդ տեղեկատվության հիմնական թիրախը պատմությանը ոչ այնքան ծանոթ լսարանն է, որը ցանկանում է կարճ ժամանակահատվածում արագ տեղեկություն ստանալ: Իսկ թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը տեղեկատվական պատերազմի, քարոզչության տեսանկյունից, փորձեցինք  տեղեկանալ քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանից:

«Տեղեկատվական պատերազմը տարբերվում է քարոզչությունից: Քարոզչությունը կարող է լինել դրական (օրինակ՝ առողջ ապրելակերպի քարոզչություն), մինչդեռ տեղեկատվական պատերազմն իր նպատակներով և հետևանքներով միանշանակ բացասական է»,- ասաց Ա. Աթանեսյանը: Ըստ նրա՝  տեղեկատվական պատերազմը տարբեր պետությունների քաղաքական ավանդույթներում որոշ ընդհանուր և տարբերակիչ գծեր ունի: Օրինակ՝ ԱՄՆ-ում տեղեկատվական պատերազմը համարվում է կարևորագույն ռազմավարություն, որը ներառում է «փափուկ ուժի»` տեղեկատվական ներազդման տարբեր մեթոդների համակարգված կիրառում, և լուրջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, իսկ ՀՀ-ում տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացները դեռևս համակարգված բնույթ չունեն: Մասնավորապես, տեղական ԶԼՄ-ներում հաճախ նկատում ենք ռուսական, թուրքական կամ ամերիկյան ԶԼՄ-ներից ուղղակի կամ անուղղակի արտատպումներ, ինչը վկայում է ազգային տեղեկատվական քաղաքականության և ռազմավարության չկայացվածության մասին: Այնուամենայնիվ, այսօր ճիշտ չէր լինի պնդել, որ իր հանդեպ հարևան Ադրբեջանի կողմից մշտապես իրականացվող տեղեկատվական հարձակումների պայմաններում Հայաստանը պասիվ դիրքորոշում է ստանձնել: «Վերջին 2-3 տարվա ընթացքում այդ համակարգում ոչ միայն հավասարեցվել է փոխադարձ ներազդումը, այլև հայկական կողմը հետաքրքիր և մասնագիտական նախաձեռնություններ է ցուցաբերում, որոնց արդյունքում հնարավոր է լինում կասեցնել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային պատմության ակտիվ կեղծումներն ու տեղեկատվական հարձակումները: Այնուամենայնիվ, ցավոք, ադրբեջանական տեղեկատվական պատերազմն իրականացվում է շատ ավելի մեծ քանակությամբ սուբյեկտների կողմից (մեծ մասամբ ոչ պետական), քան մեզ մոտ», – նշեց քաղաքագետը՝ շարունակելով, որ Ադրբեջանի Հանրապետությունը ակտիվորեն կառուցում է իր քաղաքական իմիջը, գովազդում իր տարաբնույթ մեթոդներով և տարբեր հարթակներում, այդ թվում` միջազգային, քանի որ պետականության կառուցման և Ադրբեջանում գործող իշխանական ռեժիմի լեգիտիմացման խնդիր ունի: Ադրբեջանում իշխող Ալիևների ընտանիքի մենիշխանությունը չի կարող երկար ժամանակ հանդուրժելի մնալ այդ պետության բնակչության համար, և դա լավ գիտակցելով` նախագահ Ալիևը բնակչության ուշադրությունը փորձում է շեղել իր ընտանեկան մենիշխանությունից դեպի Հայաստանն ու Ղարաբաղի Հանրապետությունը` իր հանդեպ բացասական վերաբերմունքը վերահասցեագրելով Հայաստանի ու Արցախի ուղղությամբ, օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները:

Հայաստանում և Արցախում ստիպված են զարգացման և կառուցողական քաղաքականությունից բացի, զբաղվել նաև հակահայկական քարոզչության կանխումով, այդ թվում` զարգացնելով և տարածելով Հայաստանի դրական կերպարի մասին տեղեկատվությունը, բարձրացնելով Հայաստանի դրական իմիջը ներքին և արտաքին տեղեկատվական հարթակներում: Սակայն այդ ամենը, ցավոք, անբավարար է իրականացվում: «Չգիտես ինչու, հայերս համոզված ենք, որ բոլորը պետք է մեզ ճանաչեն և սիրեն, միայն նրա համար, որ հին ազգ ենք, և մեզ ճանաչելն ու սիրելը իբրև ենթադրվում է` մեզ գովազդելու կարիք չկա: Սակայն նույնիսկ ամենալավ հին գինին պետք է գովազդել՝ ընդլայնելով սպառողների քանակը»,- հավելեց Ա. Աթանեսյանը՝ վստահեցնելով, որ այդ ամենն իրականացնելու համար ֆինանսական միջոցներ հնարավոր է հայթայթել: Չպետք է նաև մոռանալ մեր ներուժի՝ սփյուռքի մասին, որը կարող է և պետք է զբաղվի Հայաստանի իմիջի բարձրացմամբ, քանի որ նա հանդիսանում է հայկական մշակույթի կրողը, և հայկական սփյուռքի շահերից չի բխում Հայաստանի բացասական իմիջի ստեղծումն ու տարածումը: Բացի այդ. «Ազգանպաստ աշխատանք իրականացնելու համար պետք է փոխել սփյուռքի նախարարության գործնեության ռազմավարությունը, որն ադեկվատ չի ցուցադրում և արտահայտում Հայաստանի կերպարի դրական կողմերը»,- կարծիք հայտնեց մասնագետը:

Հայաստանի ներսում բացասական (օրինակ՝ «երկիրը երկիր չէ» և այլն) գաղափարներ տարածողները պետք է պատժվեն օրենքի խստությամբ, քանի որ այդ սև PR-ը շատ վնասներ է հասցնում երկրին: Մարդկանց բողոքը կարելի է բացատրել խորհրդային ժամանակներից, երբ պետությունն էր հոգում քաղաքացիների աշխատատեղերի, աշխատավարձի մասին: «Մի կողմից ասում ենք, որ լավն ենք, մյուս կողմից՝ վատը: Արդյունքում առաջանում է  հակադրություն, որից ազատվելու համար մարդիկ հեռանում են երկրից: Այդ հավերժ վիճաբանությանը պետք է վերջապես լուծում տալ: Հակառակ դեպքում, երբ այն լուծում չի ստանում հայրենիքում, լուծում են հարևան երկրները` ի շահ իրենց», – ասաց քաղաքագետը:

Հայաստանյան հասարակությանն անհրաժեշտ են բոլորին միավորող և անպայման դրական կարգախոսներ, որոնք բոլորին հասկանալի կլինեն և կօգնեն դառնալու ուժեղ ու միաբան: Ինչ վերաբերում է արդի հայ հասարակությանը բնորոշ մի շարք սոցիալ-հոգեբանական բարդույթներին և բացասական երևույթներին, ինչպիսին է, օրինակ` ուռճացված անհատապաշտությունն ու եսասիրությունը, միմյանց չօգնելու և միմյանց հանդեպ ինքնահաստատվելու հիվանդագին ձգտումը, մարդու` ամբողջի մի մասը լինել չցանկանալը, ապա այդ ամենը չպետք է ազգային բնավորություն դառնա: «Պատմությունը ցույց է տվել, որ ազգային հոգեբանության հիվանդագին դրսևորումները հատուկ են բոլոր հասարակություններին, և դրանք հնարավոր է և պետք է բուժել՝  իրականացնելով ճիշտ ներքին տեղեկատվական քաղաքականություն: Այսպես, օրինակ՝ նախագահ Ջոն Քենեդին իր անձնական օրինակով ԱՄՆ-ում ներմուծեց  «առողջ մտածողության և ապրելակերպի կենսաոճը», իսկ Ջիմի Քարտերը «ժողովրդական նախագահի» իմիջը`  հագնելով այն ժամանակ «բանվորական համազգեստ» համարվող  ջինսը: Այսինքն՝ էլիտան, որն ապահովում է տվյալ պետության անվտանգությունը, պետք է   քարոզչությամբ, քաղաքական և տեղեկատվական լծակներով մշտապես աշխատի բնակչության հետ, անձնական օրինակով քարոզի հասարակությանը միավորող արժեքներ,- դիտարկեց մասնագետը և հավելեց:- Սխալ է անընդհատ մտածել, որ բոլոր սպառնալիքները գալիս են միայն դրսից…»:

Ազգային տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար քաղաքագետը մի քանի տարբերակ առաջարկեց. «Պետք է հատուկ քաղաքականություն իրականացնել հայ ժողովրդի համար հատկապես կարևոր՝  կրթության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հետ համագործակցության ոլորտներում: Հայաստանում պետք է ազգային հերոսների մասին շատ ֆիլմեր նկարահանել,  դրանք թարգմանել և հասանելի դարձնել արտասահմանյան լսարանի համար: Անհրաժեշտ է թարգմանել և տարածել նաև Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի պատմությանը, քաղաքականությանը, մշակույթին, սպորտին վերաբերող գրքեր, և այլն»:

Իսկ այն հարցին, թե ինչ չափաբաժնով տեղեկատվություն կարելի է տարածել ԶԼՄ-ներով, պրն Աթանեսյանը պատասխանեց, որ երբ ասում ենք՝ ինչ չափաբաժնով լուսաբանել այս կամ այն իրադարձությունը կամ տեղեկատվություն տալ հասարակությանը, ապա սա նշանակում է՝ սահմանափակել խոսքի ազատությունը, ինչն անթույլատրելի է: «Այլ հարց է, որ ԶԼՄ-ներն ունենան հստակ քաղաքականություն՝ առաջին հերթին առաջնորդվելով ազգային արժեքներով և բարոյական նորմերով: Սակայն, ցավոք, այսօր մեր ԶԼՄ-ները չեն պաշտպանում ազգային արժեքները, նրանց գործունեությունը նման է քաոսի: Սակայն պետք է հիշել, որ եթե չես պաշտպանում ազգային արժեքները, ապա դրանով իսկ վնասում ես դրանց»,- նշեց Ա. Աթանեսյանը՝ եզրափակելով, որ պետությունը և հասարակությունը պետք է այնքան միաբանված լինեն, որ կարողանան պաշտպանվել իրենց վերաբերյալ օտար մեկնաբանություններից:

 

 Ելենա Չոբանյան

Tags: ,