Մասնագիտությամբ հոգեբան Օվսաննա Հովսեփյանը 2008-ից զբաղվում է կենդանիների պաշտպանության խնդիրներով:
Հիմնել է «Կենդանիների պաշտպանության Դինգո թիմ» ՀԿ-ն, որն արդեն Ֆեյսբուքում ունի 1600 ակտիվ անդամներով խումբ և շուրջ 3000 համակիրներով էջ:
Խմբում ակտիվ լինելը պարտադիր է. եթե գործնականորեն ակտիվությունդ չես ապացուցում, ապա հեռացվում ես: Այս խիստ կանոնները նրա համար են, որ խմբում իսկապես հավաքվեն այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են իրենց ռեսուրսները ներդնել այս կարևոր ու խիստ դժվարին գործում:
Խմբի կամավորներից յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում է մասնակցում կենդանիների պաշտպանությանը: Նրանք գտնում են փողոցային անպաշտպան կենդանիներին, ժամանակավորապես պահում իրենց մոտ, ստերջացնում, վիրավորներին ու հիվանդներին բուժում, դրամահավաք կազմակերպում, իսկ որ ամենագլխավորն է` փորձում են հոգատար ընտանիք գտնել նրանց համար:
Խմբի գլխավոր կարգախոսներից մեկը հետևյալն է. «Մի՛ գնիր, որդեգրի՛ր»: Այժմ թիմը մի լուսանկարչական նախագիծ է իրականացնում`«Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների»: Ծրագրի նպատակն է հայտնիների միջոցով կոչ անել լավ վերաբերվել կենդանիներին և գնելու փոխարեն անտուն կենդանիներին «որդեգրել»։
Լիլիթ Բասենցյանը խմբին միացել է երկու ամիս առաջ: Միշտ սիրել է կենդանիներ, հատկապես` անօթևան ու անպաշտպան: Նրան միշտ հետաքրքրել է` Հայաստանում կա՞ արդյոք անօթևան կենդանիների խնդիրներով զբաղվող որևէ կազմակերպություն: Փնտրել է ու գտել «Դինգոյի» ֆեյսբուքյան խումբը: Լիլիթը խմբի ակտիվ անդամներից է:
Այս ընթացքում նա հասցրել է փրկել Մոխի շնիկի կյանքը: «Նրան տեսա այգում` կոյուղու խողովակի մեջ, վախվորած ու սոված: Շունը չէր վստահում մարդկանց ու դուրս չէր գալիս այնտեղից»,- պատմում է նա:
Մի քանի օր շարունակ Լիլիթն այցելել է նրան, կերակրել, մինչև կենդանին ընտելացել է ու դուրս եկել: Նրան տուն է տարել, լողացրել, մի քանի օր անց տեղափոխել խմբի կացարաններից մեկը: Մեկ ամիս անց Մոխին հիվանդացել է: Լիլիթը նրան կրկին իր մոտ է տարել, բուժել, անգամ ինքնուրույն ներարկումներ կատարել: Մոխին այժմ ոտքի է կանգնել:
Լիլիթն ասում է, որ այս ամիսներին այնքան սարսափելի իրավիճակների է հանդիպել, որ երբևէ չէր էլ կարող պատկերացնել: «Մի օր խմբի անդամներից մեկը մի շուն էր գտել` վիզը պարանով կապած, սոված ու նիհար: Մեկ ուրիշին էլ գտել էին փողոցում պառկած, ցնցումների մեջ: Տարել էին կացարան, բայց վիճակն այնքան ծայրահեղ էր եղել, որ ստիպված քնեցրել են: Մի հիվանդ շան կյանքը փրկելու համար էլ յոթ օր պայքարեցինք, բայց ի վերջո սատկեց. կապել էին մեքենայից ու քարշ տվել փողոցով: Արնաքամ էր եղել… Մի շուն էլ կա` Ժիվկան: Վզին կացնով հարվածել էին, չէր սատկել: Այդ վիճակով երկար ժամանակ բուժում էինք, կիսամեռ էր, բայց հիմա շատ լավ է»:
Մի խոսքով՝ օր ու գիշեր «Դինգոյի» կամավորները լծված են կենդանիների կյանքը փրկելու և նրանց համար տերեր գտնելու գործին:
Օրեր առաջ թիմն ահազանգ էր ստացել մեքենայի տակ ընկած մի շան մասին: Կամավորները շտապել էին դեպքի վայր և գտել մի փոքրիկ շնիկ` անօգնական պառկած: Կողքի կրպակի աշխատողը պատմել էր, որ նա քնած է եղել, երբ մի մեքենա անցել է դիմացի թաթերի վրայով: Երկու թաթերի ոսկորներն էլ կոտրվել են, և երբ շունը փորձել է այդ ոտքերով քարշ գալ, կոտրված ոսկորները խրվել են մարմնի մեջ և ավելի մեծ վերքեր առաջացրել: Մեկ շաբաթ այդ շունն այդպես անօգնական պառկած է եղել, և որևէ մեկը նրան օգնություն չի ցուցաբերել: Հիմա նա «Դինգոյի» հատուկ կացարանում ստանում է անհրաժեշտ խնամք, շուտով պիտի վիրահատվի:
«Դինգոյի» շների հաջողված պատմություններից մեկը բոլորովին թարմ է: Կամավորները գտել էին մի շուն, որը ժամանակին տերեր է ունեցել, սակայն երբ վերջիններս նկատել են, որ շունը ռախիտ հիվանդություն է ձեռք բերել, որի հետևանքով սկսել են կարճանալ թաթերի ջլերը, և նա այլևս չէր կարողանում նորմալ քայլել, հրաժարվել են նրանից և փողոց նետել: Շունը դանդաղ սովամահ կլիներ, եթե նրան չգտնեին: Երբ կամավորները նրան տանում են բժշկի, վերջինս անգամ խորհուրդ է տալիս քնացնել, սակայն կամավորները որոշում են մի քանի ամիս էլ սպասել: Դա ճակատագրական է լինում շան համար: «Դինգո» թիմի անդամներից մեկը՝ Լաուրա Մանուկյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում, իր կենդանաբույժից տեղեկանում է, որ այնտեղ շների ոտքերի ջլերի վիրահատությունը շատ տարածված է: Նա որոշում է շանը «որդեգրել», տանել Ամերիկա և վիրահատել:
Շունն արդեն ստացել է բոլոր անհրաժեշտ պատվաստումները և անհամբեր սպասում է թռիչքին, որտեղ նրան բոլորովին նոր կյանք է սպասում: Ի դեպ, այդ ամենի վրա Լաուրան շուրջ հինգ հազար ԱՄՆ դոլար է ծախսել:
Թիմի ծախսերի մասին: Օվսաննա Հովսեփյանի խոսքով` բոլոր ծախսերը հոգում են խմբի անդամները: Իսկ ծախսերն ամենևին էլ քիչ չեն` ամսական մոտ մեկ միլիոն դրամ` կացարանների վարձակալության, խնամքի, բուժման, ստերջացման, սննդի և այլ ծախսերի համար:
«Քաղաքապետարանը տարեկան 220 մլն դրամ է ծախսում այդ նպատակով: Բայց ստացվում է, որ տարեկան այդքան գումար ծախսելով` այդպես էլ չի նվազեցնում չստերջացված շների թիվը»:
Բանն այն է, որ քաղաքապետարանի համապատասխան կառույցը հայտարարում է, որ 30 հազար շուն է ստերջացրել, բայց միաժամանակ ամեն տարի հայտարարում է, որ Հայաստանում 46 հազար նման շուն կա: Այսինքն` նրանց գործունեության արդյունքում ոչինչ չի փոխվում: «Վերջերս շների գերեզմանոց տեսանք Նուբարաշենի աղբանոցում: Ահավոր վիճակ էր. նախ` սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված չէին, դիակները նեխում էին, և որևէ պատնեշ չկար, բացի այդ, շների մեծ մասը հրազենով և ծակող գործիքներով էր սպանված, մինչդեռ պետք է ներարկման միջոցով նրանց քնացնեն»,-ասում է Օվսաննա Հովսեփյանը և ավելացնում, որ իրենք առաջարկել են համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի իրենց ուժերը համատեղեն այդ գործում: Անգամ առաջարկել են առավել ցածր գներով կատարել ստերջացման և վնասազերծման գործը, սակայն քաղաքապետարանից որևէ արձագանք չեն ստացել:
Tags: դինգո, հասարակություն, շների կացարան

