Առողջությունն ու երջանկությունը

երջանկությունՄարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է:
2012-ին ՄԱԿ-ը մարտի 20-ը հայտարարեց Երջանկության միջազգային օր` պաշտպանելով այն գաղափարը, որ երջանկության ձգտումը ընդհանուր է մեր մոլորակի բոլոր մարդկանց համար: Օրը կոչված է ցույց տալու նաև, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է:
Առողջություն ու երջանկություն. մարդու համար կարևոր ու նշանակալի են երկուսն էլ: Չէ՞ որ, եթե մարդը լավ առողջություն ունի, ապա նա ցանկացած գործ կարող է անել, ու ցանկացած նպատակակետ հասանելի կդառնա: Կարելի է ճանապարհորդել ու լավ վաստակել, օրերով զբաղվել արվեստով, սպորտով. մի խոսքով, ցանկացած գործով: Իսկ եթե դրան էլ ավելանա երջանկության զգացումը, ապա պարզապես իդեալական կյանք կստացվի` ծով հնարավորություններով ու հաճույքներով:
Իսկ արդյոք երջանկության զգացումն ազդո՞ւմ է առողջության վրա: Ցանկացած մարդ այդ հարցին կպատասխանի` եթե առողջ ես, ուրեմն երջանիկ ես:
Կրոնական տարբեր դավանանքի պատկանողները ծուլությունը, հուսալքությունն ու անհավատությունը սարսափելի մեղք են համարում: Քրիստոնեությունը դրանք մահացու մեղքեր է համարում, որոնք սպանում են հոգին ու մարմնական հիվանդության հանգեցնում:
Իսկ ի՞նչ է մտածում բժշկությունը
Պաշտոնական բժշկության բազմաթիվ հետազոտություններով ու բժշկական պրակտիկայով ապացուցվել է, որ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական հիվանդությունների մեծ մասն առաջանում է ոչ ճիշտ հուզական տրամադրվածության հետևանքով:
Վատ տրամադրության, տրտմության, ծուլության կամ բաժանման ապրումների, դժբախտ սիրո և կամ մտերիմ մարդու մահվան պատճառով մարդիկ տարբեր հիվանդությունների տեր են դառնում. անճանաչելիության աստիճան նիհարում են, տառապում գլխացավերից, կորցնում քունը, թմրանյութեր կամ հակադեպրեսանտներ ընդունում, հաճախ ստամոքսի խնդիրներ են ունենում, քրոնիկ գլխացավեր, ասթմա, բորբոքային ու շնչուղիների, արյան հիվանդություններ, չհիմնավորված տագնապներ ու վախեր և անգամ` քաղցկեղ:
Ինչի՞ց են առաջանում հիվանդությունները
Բնականաբար, հարց կառաջանա, թե ինչպես կարող է վշտից կամ դժբախտությունից հիվանդություն առաջանալ:
Փաստորեն, հիվանդությունների մեծ մասն առաջանում է երջանկության բացակայությունից: Բժիշկների մի մասը կարծում է, որ հիվանդությունները միայն իրական պատճառ կարող են ունենալ: Մինչդեռ հիվանդություններից մեծ մասի պատճառը երջանկության բացակայությունն է: Ինչպես իմաստուն ու իրականում շատ պրակտիկ կրոնն է ասում, հուսահատությունը մահացու մեղք է: Եվ ով տրվում է այդ մեղքին, դատապարտված է դժբախտության ու հայտնվում է ցանկացած հիվանդությամբ հիվանդանալու ռիսկի խմբում: Չէ՞ որ կյանքում ամեն ինչ փոխկապակցված է:
Շատերն ականատես եղած կլինեն դեպքերի, երբ մարդիկ ապաքինվում են անբուժելի համարվող հիվանդությունից` կյանքի իմաստավորման շնորհիվ: Եվ հակառակը` խամրել են ասես` կորցնելով կյանքի երջանկությունը: Երբեմն մարդն ինքն է իրեն մատնում դեպրեսիայի, գլխացավերի, իսկ հետո հրաժարվում է բուժվելուց կամ էլ դուրս գալուց այդ վիճակից` պատճառաբանելով նույն գլխացավը:
Երջանիկ մարդիկ առողջ են
«Ես գիտեմ «դժվար» բառը, ես գիտեմ «երկարատևը»: Սակայն ես չգիտեմ «անհնարին» բառը»,- ասում է Դևիդ Բեքհեմը:
Այո, քանի որ իրականում երջանիկները հիվանդանալու ժամանակ ու ցանկություն չունեն: Հիվանդանում են հիմնականում նրանք, ովքեր անելու բան չունեն կամ էլ նրանք, ովքեր չեն սիրում աշխատանքն ու ուսումը:
Երջանկությունն ու գեղեցկությունը
Երջանկությունն օգնում է գեղեցիկ լինել: Ընդհանրապես գեղեցկությունն ու երջանկությունն անքակտելի են: Համենայն դեպս, փողոցում երջանիկ մարդկանց վրա շատերն են ուշադրություն դարձնում:
Իհարկե, ավելի շատ դուր է գալիս ժպտացող դեմքը, քան միշտ խոժոռը: Բացի այդ, երջանիկ մարդիկ քիչ կնճիռներ ունեն: Իսկ ե՞րբ է մարդը կնճոռտվում` երբ ինչ-որ բանից դժգոհ է:
Կյանքում նպատակ ունենալը երկարացնում է կյանքը
Սերը, ցանկություններն ու ձգտումները, առավել ևս` երջանկությունը երկարացնում են կյանքը: Երբ տարեցները կորցնում են հետաքրքրությունները, մարում են արագ: «Երջանկությունը բացառում է ծերությունը: Ով կարողանում է պահպանել գեղեցիկը տեսնելու հատկությունը, նա չի ծերանում»,- ասում է Ֆրանց Կաֆկան:
Հետևաբար, որքան շատ ցանկություններ ունեք ու հետաքրքրություններ, այնքան ապրելու ցանկությունը մեծ է ու դրանով ավելի շատ ազատ էներգիա, առողջություն, պատճառ ու երջանկություն կունենաք:
Երջանկությունը երկարացնում է կյանքը
Ակտիվ ստեղծագործելու, արարելու, նոր բան ստեղծելու, աճեցնելու, երջանկությունից ճախրելու ցանկությունն ապրելու ցանկությունն է:
Իսկ հուսահատությունն ու ծուլությունը, ըստ էության, հենց ապրելու ցանկության բացակայությունն է, այսինքն` ինքնասպանությանը հավասարազոր մի բան ու ընդհանրապես, հանցագործություն կյանքի էության նկատմամբ: Ուստի, բոլոր գիտակից ու կիրթ հավատացյալները համոզված են, որ հուսահատությունն ու իր հետ կյանք բերած ծուլությունն է բոլոր դժբախտությունների, հիվանդությունների ու անգամ աղքատության պատճառը:
Երջանկության հորմոններ
Երկու հիմնական նյութեր կան, որոնք ազդում են մեր տրամադրության վրա:
Սերոտոնին: Ում մասին ասում են` ասես ներսից է լուսավորվում, այդ հորմոնի անբավարարություն հաստատ չունի: Գիտնականները պարզել են, որ այդ բնական քիմիական տարրը պաշտպանում է նաև քաղցկեղից: Սերոտոնինը լարվածությունը վերացնում է, ազդում է քնի ու ախորժակի վրա, բավականության զգացում է առաջացնում ու բարձրացնում տրամադրությունը:
Մեծ քանակությամբ սերոտոնին են պարունակում շոկոլադը, բանանը, արմավը, թուզը: Օրգանիզմում սերոտոնինի մակարդակի ու տրամադրության կապը երկուստեք է: Սերոտոնինի ավելացման հետ բարձրանում է տրամադրությունը, ու տրամադրության բարձրացման հետ ավելանում է սերոտոնինի մակարդակը:
Էնդորֆին: Էնդորֆինի բարձր մակարդակը լավատեսությամբ է համակում, մարդն իրեն բացարձակ երջանիկ է զգում: Այդ կենսաբանորեն ակտիվ նյութերը մշակվում են ուղեղի բջիջներից ու նյարդային համակարգից: Հատուկ ռեցեպտորներին միանալով` դրանք հեշտացնում են նյարդային ազդակի «վազքը» դեպի «հաճույքի կենտրոն»: Նյարդային այդ կենտրոնի գրգիռը թեթևության, երջանկության ու սթափության զգացում է հաղորդում:
Էնդորֆինը միայն ներքին «բավարարիչի» դեր չի կատարում: Այն նաև հզոր ցավազրկող, ջերմիջեցնող ու հակաբորբոքային հատկություն ունի: Օրինակ` հղիության ժամանակ էնդորֆինի քանակն ավելանում է, իսկ ծննդաբերությունից հետո` կտրուկ իջնում: Դա հետծննդաբերական դեպրեսիաների պատճառներից մեկն է: Էնդորֆինի սինթեզի խանգարումը, գիտնականների կարծիքով, կարող է քրոնիկ հիվանդությունների ցավային ախտանշանների պատճառ դառնալ:
Ի՞նչն է երջանիկ դարձնում
Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Սեքսը մի քանի անգամ ավելացնում է էնդորֆինի մակարդակը: Պատահական չէ, որ արևելքի բժիշկներն այն համարում են բոլոր հիվանդությունների համադարման: Հնում մի ընդհանուր դեղ էր նշանակվում բրոնխիալ ասթմայի, գաստրիտի և հազար ու մի այլ հիվանդությունների դեպքում: Վիճակագրության համաձայն` շատ հիվանդների վիճակը բարելավվում է նման թերապիայից հետո: Այնպես որ սեքսի բուժական ազդեցությունն ապացուցված է: Եվ այն կանայք, որոնք հրաժարվում են սեքսից` պատճառաբանելով գլխացավը, կորցնում են շուտ ապաքինման հնարավորությունը; Սա հումոր չէ. բանն այն է, որ միգրենով տառապողների մոտ ի ծնե ցածր է «երջանկության հորմոնի» սինթեզը: Այնպես որ, նրանց առաջին հերթին է ցուցված ամեն «հաճելի բան»:
Սնունդ: Բանն այն է, որ բնակչության 40%-ը գերադասում է լավ սնունդը լավ սեքսից: Սակայն ամեն սնունդ չէ, որ միանման է նպաստում էնդորֆինի սինթեզին: Ապացուցված է, որ առաջին տեղում ածխաջրերերով հարուստ սնունդն է, բանանն ու շոկոլադը: Գրեթե նույն ազդեցությունն ունի նաև պաղպաղակը: Այս կարգի մնացյալ սնունդի ազդեցությունը թույլ է: Իսկ ածխաջրերը մեծ ազդեցություն ունեն կանանց վրա: Դա է պատճառը, որ դեպրեսիայի ժամանակ կանայք սկսում են իրենց դժբախտություններն «ուտել» ու գիրանալ:
Հղիություն: Այն կնոջը երջանկություն է պարգևում 9 ամիս: Էնդորֆինների քանակի բարձրակետը համընկնում է ծննդաբերության պահի հետ:
Ուլտրամանուշակագույնը նույնպես ավելացնում է սերոտոնինի խտությունն օրգանիզմում: Դրա համար էլ լուսային օրվա երկարելն ու տաքանալը բարերար ազդեցություն է ունենում հյուսիսաբնակների վրա: Իսկ հարավաբնակների մոտ, որոնք միշտ բնակվում են գրեթե չփոփոխվող կլիմայական պայմաններում, չկան տրամադրության սեզոնային վերելքներ ու սեզոնային դեպրեսիաներ:
Ծիծաղ: Էնդորֆինների մակարդակը կտրուկ բարձրանում է ծիծաղի ժամանակ: ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի գիտնականներն ուսումնասիրությամբ պարզել են, որ ուրախ ֆիլմերի դիտումը բարելավում է արյան շրջանառությունը, մինչդեռ թրիլլերներն ու ժանրով նման ֆիլմերն էմոցիոնալ ցնցում են պատճառում: Այնպես որ` կատակերգությունների դիտումը նույնքան օգուտ է բերում, որքան աերոբիկայով պարապելն ու վիտամինները: Ընդ որում, գիտնականներն առաջարկում են հույզերը չթաքցնել ու բարձրաձայն ծիծաղել, որպեսզի «երջանկության հորմոններ» մշակվեն: Դրանք էլ իրենց հերթին նպաստում են իմունիտետի բարձրացմանն ու ձմեռային դեպրեսիայի հաղթահարմանը:
Արվեստ: Ավստրալացի բժիշկ Դևիդ Էվանսը 19 փորձ է անցկացրել արվեստաթերապիայի կիրառմամբ: Երաժշտության ու գեղանկարչության բուժական չափաբաժին ստացած հիվանդների համար ավելի թույլ չափաբաժնով ցավազրկող է պահանջվել: Բացի այդ, նրանց մոտ էականորեն նվազել է արյան ճնշումը; Հետաքրքիր փորձ է անցկացրել նաև Լոնդոնի խոշորագույն հիվանդանոցներից մեկի ղեկավարությունը: Հիվանդանոցի տարածքը` միջանցքները, հիվանդասենյակներն ու նախասենյակները ներկել են տարբեր ոճերի ու ժանրերի նկարներով: Հիվանդների 80%-ը խոստովանել է,որ գեղանկարչությունն իրենց շեղել է առողջական խնդիրների հետ կապված մտորումներից ու բարձրացրել տրամադրությունը:
Մեկ ուրիշ անգլիական կլինիկայում որոշել են ստուգել արվեստի ազդեցությունը հիվանդների վրա, որոնք քիմիաթերապիայի կուրս են անցել: Մի խումբը լսել է երաժշտական ստեղծագործություն, մյուսը նկարներ է դիտել, իսկ երրորդը սովորական բուժման կուրս է անցել: «Երաժշտական» խմբում ճնշման ու վախի զգացողությունը նվազել է 32%-ով, «գեղանկարչական» խմբում` 18%-ով, իսկ պարզապես բուժման կուրս անցնողների խմբում հիվանդների տրամադրությունը չի փոխվել:
Պարգևավճար
Էնդորֆին է մշակվում նաև առաջադրված նպատակին հասնելու ժամանակ: Խնդիրը ձևակերպեցիր-կատարեցիր-բավականություն ստացար: Հաջողությամբ հաղթահարված ծանրաբեռնվածությունից, դժվարին վիճակից դուրս գալուց հետո օրգանիզմը պարգևավճար է ստանում դրական հույզերի ձևով:
Իսկ օրինակ` մեղքի զգացումը ճնշում է «երջանկության մոլեկուլների» դուրսմղումը: Այդ շղթան հրաշալի բացատրում է շատակերության ու սննդակարգի մեխանիզմը: Եթե մարդն ուտում է ու հետն էլ մեղքի զգացում ունենում (նորից չդիմացա ու կերա), «երջանկության հորմոնների» չափաբաժին չի ստանում ու սկսում է ուտել ու ուտել:Առաջանում է փակ շղթա, որը կարելի է միայն մի միջոցով կանգնեցնել` վերացնել արգելքները, սակայն սահմանափակել բարձրկալորիական սնունդը: Իսկ նիհարները քիչ են ուտում, իրենց չեն մեղադրում մի կտոր երշիկի համար ու հաճույք են ստանում առաջին պատառի հետ: Օրգանիզմը բավարարվում է իր չափաբաժնով ու ավելին չի պահանջում:
Այդպես է բացատվում նաև մարդու բավարարությունը, որ նա ստանում է թվում է թե ոչ համեղ, սակայն առողջարար սննդից: Եթե հրաժարվում է վտանգավոր մթերքից գիտակցաբար, հասկանալով, թե ինչ լավ բան է ինքն իրեն անում, ապա անգամ հազարի տերևը, որը սերոտոնին չի պարունակում, կարող է խթանել «երջանկության հորմոնի» արտանետումը` որպես պարգևավճար նպատակին հասնելու համար:
Ի դեպ, «երջանկության հորմոնները» հայտնաբերվել են անցած դարի կեսերին: Պարզեցին նաև, որ այդ հորմոնները մշակվում են գլխուղեղում ու ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների մոտ:
Թվում է, թե դեղատոմսը շատ պարզ է, երջանիկ լինելու համար պետք է հարթել այդ նյութերի անխափան մշակումը: Սակայն ի՞նչ քանակությամբ ու ինչպե՞ս: «Մարդկանց մեծ մասը երջանիկ է այնքանով, որքանով որոշել է լինել երջանիկ»,- ասել է մեծերից մեկը: Ավաղ, «երջանկության հորմոնի» անալիզ հանձնելն անհնար է, սակայն դրա անբավարարությունը կարելի է որոշել նաև արտաքին նշաններով ու ժամանակին միջոցներ ձեռնարկել:

Tags: , ,