Ի՞նչ տվեց Երևանում Եվրոպայի շախմատի անհատական առաջնության անցկացումը

2-rd njut Europe-98Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ավարտված շախմատի Եվրոպայի առաջնության թողած տպավորությունները հակասական են: Նախ` լավ էր, որ այդպիսի խոշորամասշտաբ ստուգատես էր կազմակերպվել մեր երկրի մայրաքաղաքում, սահմանվել էր պարգևատրման խոշոր հիմնադրամ`160 հազար դոլար, 150 մասնակիցներից ինը տասնյակը ներկայացնում էին Հայաստանը: Բայց չկա արդարացում, որ մեր երկիրը ոչ մի մրցանակակիր չունեցավ:

Մերոնցից լավագույն արդյունքները ցույց տված Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը (11 հնարավորից 7,5-ական միավոր) հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի 10-րդ, 16-րդ, 22-րդ հորիզոնականներում:
Իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովը (9 միավոր), իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարդոն (8), ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը (8) որպես պարգև ստացան, համապատասխանաբար, 20 հազար, 16 հազար, 14 հազար դոլար:
Մինչև 23-րդ տեղը գրաված շախմատիստներն իրավունք ստացան հանդես գալու 2015-ի աշխարհի գավաթի խաղարկությունում: Ճիշտ է, Մելքումյանը, Սարգսյանը, Տեր-Սահակյանը նրանց թվում են, սակայն հազիվ թե մեկնեն մրցավայր, քանի որ այդ ստուգատեսը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ի դեպ, ադրբեջանցի ոչ մի շախմատիստ չէր ժամանել Երևան:

Ցավոք, մեր երկրի շախմատիստներն իրենց ամենևին էլ լավ չդրսևորեցին: Մասնավորպես, հետաքրքում էր, թե Հայաստանի նորընծա չեմպիոն, մեր երկրի հավաքականի կազմը համալրած Տիգրան Քոթանջյանն ինչպես հանդես կգա: Նա հավաքած 6,5 միավորով հայտնվեց աղյուսակի 51-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականի հնաբնակ Վլադիմիր Հակոբյանը նույնպիսի ցուցանիշով 56-րդն է: Մինչդեռ, Եվրոպայի առաջնությանն ամենևին էլ ամենաուժեղագույն շախմատիստները չէին մասնակցում: Բարձր վարկանիշ ունեցող խաղացողներն ուղեգիր նվաճելու կարիք չունեին և խաղալու են Բաքվում:
Իսկ Հայաստանից Եվրոպայի առաջնությունում հանդես եկած մեծ թվով խաղացողների մի մասն անում էր «աներևակայելին»…

Գուցե պատահականություն էր, սակայն գրոսմայստերի կոչում ունեցող մեր շախմատիստներից ոմանց հետ անցկացրած պարտիաներում նրանց պատանի կամ երիտասարդ հայ հակառակորդները հեշտորեն միավորներ էին վաստակում: Կասկածներ կային, որ դա արվում էր ոչ ազնիվ պայքարում: Եվ տարաբնույթ խոսակցությունները շատ էին, որ մեր երկրի որոշ շախմատիստներ տարբեր նորմաներ են լրացրել, նաև գրոսմայստերի: Մինչդեռ կասկածելի պատվերով խաղացված պարտիաները պատիվ չեն կարող բերել մրցող կողմերից ոչ մեկին:
Հավելենք, որ արդեն 9-րդ տուրից հետո 13-ամյա Հայկ Մարտիրոսյանը լրացրել էր գրոսմայստերի, 12-ամյա Շանթ Սարգսյանը, 16-ամյա Մանուել Պետրոսյանը, 17-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Նորայր Թորոսյանը, 20-ամյա Ռոբերտ Աղասարյանը, Դավիթ Գևորգյանը, Սարգիս Սարգսյանը` միջազգային վարպետի նորմաները:

Մեծ փողեր էին ծախսվել այս առաջնությունը մեր երկրում կազմակերպելու համար, և եթե սոսկ դա է արդյունքը, ապա վստահաբար կարելի է ասել, որ այն բավարար չէ: Առավելևս, որ որոշ պաշտոնյաներ Հայաստանը շախմատային գերտերություն են համարում: Խորհելու առիթներ կան, թե ինչ տվեց առաջնությունը…

Tags: