Հյուսիսարևելյան դարպասի ամրությունն ապահովված է նաև մշակութային հզոր զենքով

որմնանկար 1Մինչև 2013-ի սեպտեմբերը Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի «Հայաստան» որմնակարն անհայտ էր: Եթե լրագրող Անահիտ Կորյունը մի օր գյումրեցի նկարչին չհարցներ՝ վարպետ, բա որմնանկար չունե՞ք, հնարավոր է, որ «Հայաստանն» այդպես էլ չբացահայտվեր:
Վարպետի մահից հետո նկարիչ Խաչիկ Հարությունյանը տեղեկանալով, որ Անահիտ Կորյունը զբաղվում է Արծրունյանի արվեստի ուսումնասիրությամբ, զանգահարում է և ասում, որ վարպետի հետ որմնանկար են ստեղծել: Իսկ Էդուարդ Արծրունյանը կարծել է, թե շենքը, որտեղ իր «Հայաստանն» էր, քանդվել է: Անահիտն ամիջապես ուղևորվել է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղ: Զորանոցը գտնվում է գյուղից վերև՝ բարձունքին: Խորհրդային տարիներին այն եղել է «Տյումենգազի» հանգստյան տունը, իսկ 1992-ից առայսօր համալիրն ամբողջությամբ պաշտպանության նախարարության ենթակայության տակ է:
Պատը, որի վրա Արծրունյանը վրձնել է որմնանկարը, տարիներ ի վեր ծառայել է կինոցուցադրության համար, կինոէկրանի պաստառը քողարկել է «Հայաստանն» ու թաքուն պահել բոլորի աչքից: Գետահովտի զորամասի փոխգնդապետ Գարիկ Առաքելյանը զարմացած է. արվեստի այս գործը, նրա խոսքով, ոչ թե զորամասի, այլ ամբողջ տարածաշրջանի ու հայրենիքի հարստությունն է: «Ես սա համեմատում եմ «Դեն պոբեդի» երգի հետ, ոնց որ այդ հիթն է պատերազմի 5-6 տարիներն ամփոփում, այնպես էլ այս որմնանկարը Հայաստանի պատմության նկարագրությունն է: Այստեղ Կոմիտասն է, Մաշտոցը, Չարենցը, 1915 թվականի դեպքերը, չգիտեմ… Սա հզոր գործ է, ում էլ պատկանի սա, պետք է սրբությամբ պահպանի»,- ասում է նա:
Անահիտ Կորյունի խոսքով` որմնանկարը Էդուարդ Արծրունյանի արվեստի խտացումն է, գլուխգործոցը: «Հայաստանն» ընդգրկում է ազգային ամբողջ սիմվոլիզմը՝ դրանով կերտելով մեր երկրի մանրակերտը` հազարամյակների տարեգրությամբ: «Վարպետի որմնանկարը, կարծում եմ, այս գյուղի բրենդն է, զբոսաշրջային այցեքարտը: Հայաստանի արծրունյանական մեկնաբանությունն ուղղակի ապշեցնող է, նայում ես ու աչքիդ առաջ հառնում է հազարամյակներին դիմակայած մեր պետության ողջ ընթացքը»,- նշում է Անահիտը:
որմնանկար2Մարտի 14-ին մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը որմնանկարին տվել է հուշարձանի կարգավիճակ: Իսկ դա նշանակում է, որ այս գործը պահպանվելու է պետության կողմից: Ի դեպ, շատ է խոսվում այն մասին, թե նախկին առողջարանային այս համալիրը սեփականատեր ունի: Նշվում է, թե տարածքը պատկանում է ԲՀԿ ղեկավարին: Նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, սակայն, ասաց, որ Գագիկ Ծառուկյանը Գետահովտի զորամասի այդ տարածքի հետ որևէ առնչություն չունի:
«Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի խոսքով` եթե անգամ շենքը մասնավոր սեփականություն է, ըստ կարգի, համազգային մշակութային այդ ժառանգությունը չէր կարող չընդգրկվել հուշարձանների ցանկում: Այդպես է նաև Իտալիայում: Հակոբ Սիմոնյանը Վենետիկի, Ֆլորենցիայի, Հռոմի օրինակն է բերում: Վաճառքը մեծ խնդիր չէ, միայն թե սեփականատերը պետք է պարտավորվի չաղճատել, չքանդել, չփչացնել հուշարձանը: «Այդ պարտավորություններն ամրագրված են օրենքով, կառավարության որոշմամբ և կնքվող պայմանագրով: Սեփականատերը հուշարձանի պատշաճ պահպանության համար կարող է ակնկալել պետական աջակցություն, բայց չի կարող այնպիսի գործունեություն ծավալել, որը կվտանգի մշակութային արժեքի ֆիզիկական ու բարոյական վիճակը, չի կարող քանդել, վնասել այն»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:
Հարցը գրեթե լուծված է, որմնանկարին տրվել է հուշարձանի կարգավիճակ: Հանձնաժողովի խորհուրդը ստեղծել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են հեղինակավոր նկարիչներ, նաև` Էդուարդ Արծրունյանի որդին: Խմբի անդամներն առաջիկայում կմեկնեն Գետահովիտ` ևս մեկ անգամ ուսումնասիրելու «Հայաստան» որմնանկարը, նաև պարզելու` վարպետը, բացի «Հայաստանից», այլ որմնանկար ունի՞, թե՞ ոչ: Ավելի վաղ մշակույթի նախարարությունը Գետահովիտ էր գործուղել որմնանկարի մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանին: «Եկանք այն եզրակացության, որ որմնանկարը պետք է դասվի XX դարի լավագույն որմնանկարների շարքը: Բավականին արժեքավոր որմնանկար է, ես ծանոթ եմ Արծրունյանի արվեստին, սա նրա ստեղծագործության բարձրակետն է: Շատ մեծ սեր կա այնտեղ: Մենք կազմել ենք որմնանկարի` որպես մշակութային ժառանգության անձնագիրը, և ես վստահ էի, որ այն կընդգրկվի մշակութային արժեքների ցանկում»,- ասում է Արժանիկ Հովհաննիսյանը: Մասնագետի խոսքով` կարգավիճակի խնդիրը լուծելուց հետո պետք է զբաղվել որմնանկարի ամրացման ու վերականգնման հարցերով, քանի որ պատը, որի վրա նկարել է ժողովրդական նկարիչը, նախատեսված չի եղել որմնանկարի համար, հնարավոր է, որ բարակ պատն ուժեղ ցնցումների դեպքում փլվի: Ուստի, մասնագետի կարծիքով, կառուցվածքային խնդրի լուծումն առաջնային է:
Էդուարդ Արծրունյանը «Հայաստան» որմնանկարը ստեղծել է 1989 թ.: Այդ ժամանակաշրջանը նրա համար չափազանց բեղուն էր: Մոսկվայում իր 60-ամյակին նվիրված միջոցառմանն Արծրունյանն արժանացել է արծաթե մեդալի: Ստացել նաև ժողովրդական նկարչի կոչում: Վարպետի համար 2014-ը կրկնակի հոբելյանական է: Կնշվեն նկարչի ծննդյան 85 և որմնանկարի 25-ամյակները: «Հայաստանը» կմնա Գետահովտում, թե կտեղափոխվի այլ վայր պահպանության համար, դեռևս հայտնի չէ: Այն, որ որմնանկարը համազգային մշակութային բացառիկ արժեք է,ինչպես տեսնում ենք, մասնագետներն են հաստատում: զինվորներԷդուարդ Արծրունյանը Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, հետևաբար, ֆիդայիների կերպարները որմնանկարում պատահական չեն: Կերպարներ, որոնք շաղկապված են մեր երկրի պատմությանը և հատկանշում են Հայաստանի տարեգրության որոշակի շրջափուլեր: Որմնանկարի առանցքում են Մեսրոպ Մաշտոցը` հայոց գրերով, Ցեղասպանության հուշահամալիրը, Կոմիտասն ու մեծ երգահանի դրամատիկ հայացքը 1915-ի դեպքերին, խաչքարեր, եկեղեցիներ, վանքեր, հայոց ավանդական պարերը, Չարենցը: Մասնագետների խոսքով` հայ նշանավոր դեմքերի կերպարների արծրունյանական մեկնաբանությունները նոր ու հարուստ ուսումնասիրության նյութ են:
Եթե անգամ հատուկ միջոցառում չկա, զորանոցի զինվորների քայլերն ուղղվում են դահլիճ: Տեսարանը, որ բացվում է զինվորների ու սպաների առջև, ավելի քան պարտավորեցնող է, ներշնչող: Հյուսիսարևելյան դարպասի ամրությունն ապահովված է ոչ միայն սովորական, այլև մշակութային հզոր զենքով….
Մայա Խաչատրյան

Tags: